Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 22,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երկրորդ

Գլուխ հինգերորդ

Ո՞ՒՄ ՄԱՀՆ Է ԳՈՒԺՈՒՄ «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ»

Արշակյանի առումով ես ու հայրս ոչ մի կերպ չէինք ուզում շեղվել չգրված օրենքից, եւ Արշակյանի առումով մեր չգրված օրենքն էն էր, որ եթե մեկն արդեն քեզ լավություն է արել, պիտի, ուրեմն, փորձես էդ մի լավության տակից նախ դուրս գալ եւ հետո նոր միայն մտածես երկրորդ խնդրանքիդ մասին, եթե, իհարկե, չես վախենում, որ Ոսկե ձկնիկի պատմությունն անձամբ քո առումով կկրկնվի, չնայած մեր դեպքում Ոսկե ձկնիկի պատմությունը մեկին մեկ կրկնվել չէր կարող, որովհետեւ հայրս արդեն Արշակյանի կաբինետի ոսկետառ ցուցանակը գրել էր, ու էդ ցուցանակը մեր պատասխանն էր Արշակյանի արած լավությանը, ավելի ճիշտ՝ ես ու հայրս մեզ ներշնչել էինք, որ մեր էդ ոսկետառ ցուցանակով արդեն պատասխանել ենք Արշակյանի լավությանը, ավելի ճիշտ՝ ես ու հայրս հավասարապես ու իրարից անկախ մեր հոգիների խորքերում գիտեինք, որ մեր էդ ցուցանակային պատասխանն իրականում հեչ էլ համարժեք չէր Արշակյանի լավությանը, եւ եթե դուք հակառակն եք մտածում, կնշանակի՝ չգիտեք ու երբեւէ չեք էլ իմացել, թե էն թվերին ինչքան դժվար բան էր գիրք պլանավորելն ու գիրք տպագրելը, ու նաեւ չեք պատկերացնում, թե էն թվերին ինչքան ձեռնտու գործ էր գրող կամ բանաստեղծ լինելը:

Այդուհանդերձ, ես ու հայրս մեզ առանձնապես պարտքի տակ չէինք զգում, որովհետեւ մեր գրած ցուցանակն ի տես բոլորի արդեն շողշողում էր Արշակյանի կաբինետի դռանը, իսկ մեր բանաստեղծական թղթապանակն ընդգրկած հրատարակչական պլանը դեռեւս Մոսկվայում էր, ու դեռեւս չէին վերադարձրել, չնայած ես հարցուփորձով արդեն պարզել էի ու գիտեի, որ եթե Մոսկվայում մեր հրատարակչական պլանից որեւէ բան հանում էլ էին, էդ հանվածներն առաջին գրքեր ու մանավանդ բանաստեղծական առաջին գրքեր չէին լինում:

Այդուհանդերձ, մեր ցուցանակը վաղուց արդեն իրական գոյություն ու փաստ էր, իսկ մեր գիրքն ընդամենը պլանի մեջ էր եւ լավագույն դեպքում ընդամենը երեք երկար ու ձիգ տարիներից հետո էր մարմին ու շապիկ ստանալու, եւ էդ առումով ես ու հայրս դեռեւս ամբողջովին Արշակյանի լավության տակ չէինք, որովհետեւ դրանք էն տարիներն էին, երբ մարդիկ որեւէ բանի չէին հավատում՝ քանի դեռ իրենց սեփական աչքերով չէին տեսել էդ բանը, այսինքն՝ ես պիտի ամբողջ երեք տարի դիմանայի ու համբերեի եւ նոր միայն, հաջողության դեպքում, գրքի օրինական հեղինակ դառնայի:

Այսինքն, ես ամբողջ երեք տարի դեռեւս սպասելու ունեի, ու երախտագիտության չգրված օրենքներն ինձ ու հորս հուշում էին, որ Արշակյանից որեւէ նոր բան չուզենք ու վտանգի տակ չենթարկենք գրքիս ճակատագիրը, ու երախտագիտության էդ չգրված օրենքներն Արշակյանի առումով նաեւ հենց էս պահին են գործում էն իմաստով, որ հանկարծ էդ մարդու հասցեին որեւէ սխալ արտահայտություն թույլ չտամ, մանավանդ որ՝ ես արդեն գիտեմ ու ձեզանից ոմանք էլ գիտեն, որ երեք տարի անց՝ յոթանասունիննին տպագրվեց բանաստեղծություններիս առաջին գիրքը՝ Բախվայով, զոհված զինվորով ու ամեն ինչով հանդերձ, բայց հենց էս պահին Արշակյանի մասին մի բան էլ գիտեմ, եւ էդ բանն ինձ ուղղակի պարտավորեցնում է, որ հանկարծ չլինի թե՝ Արշակյանի մասին մի ավելորդ բան գրեմ ու ասեմ:

Բանն այն է, որ երբ «Առավոտում» տպագրվեցին էս ամենավերջին գլուխները, մեր գրողներից մեկը զանգեց ինձ ու ասաց, որ երեւի տեղյակ էլ չեմ Արշակյանի մահվան մասին, եւ երբ զարմացած հարցրի՝ «ե՞րբ ա մահացել», ասաց՝ «էրկու տարուց ավել կըլնի»:

Այսինքն, ես, որ պարտավոր էի Արշակյանի մահն առաջինն իմանալ, ահա ամենաուշն իմացա եւ իմանալուց հետո մտածեցի, որ իմ էս անտեղյակության հիմնական պատճառը մեր «Գրական թերթին» կանոնավոր չհետեւելս է, ու էդ նույն պատճառով էս վերջին տարիներին կոլեգաներիցս շատերի մահն եմ բաց թողել, որովհետեւ «Գրական թերթը», փաստորեն, միակն է, որ հետեւողականորեն գրանցում ու ազդարարում է մեր մահը, եւ եթե էդ թերթը չլինի, գրողներիս մահն ընդամենը թաղման բյուրոյի աշխատակիցներն ու մեր հատուկենտ ազգականները կիմանան, այսինքն՝ եթե «Գրական թերթը» չլինի, մենք վերջնականապես կհավասարվենք էն բոլոր մահկանացուներին, ովքեր էս երկրային կյանքում երբեւէ գրող չեն եղել, ավելի ճիշտ՝ Գրողների միության անդամ չեն եղել, որովհետեւ «Գրական թերթը» հիմնականում անդամներիս մահն է գուժում, այսինքն՝ «Գրական թերթին» հետեւելն արդեն անհրաժեշտություն է դառնում, չնայած՝ Արշակյանի առումով արդեն ուշ է, եւ եթե Արշակյանի մահը ճիշտ ժամանակին չեմ իմացել, մյուսներինն էլ հանգիստ խղճով կարող եմ չիմանալ, որովհետեւ Արշակյանն է՛ն անձնավորությունն էր, ով իմ առջեւ լայնորեն բաց արեց կյանքի, ավելի ճիշտ՝ գրական կյանքի ամրակուռ դարպասները:

Ես բնավ չեմ կարող պնդել, որ Արշակյանն իմ դեմ էդ, ուրեմն, դարպասները բաց անելով՝ օգտակար գործ է արել, որովհետեւ չգիտեմ, թե հակառակ պարագայում ի՞նչ կլիներ կամ ի՞նչ կլինեի:

Այդուհանդերձ, ես էն մարդկանցից եմ, ովքեր ընդհանուր առմամբ գոհ են իրենց կյանքից ընդհանրապես եւ իրենց մասնագիտությունից մասնավորապես, չնայած Սովետի փլուզումից հետո բանաստեղծություն գրելը մասնագիտություն համարելն առնվազն ծիծաղելի է, եւ նմանապես ծիծաղելի է արձակագրությունը մասնագիտություն համարելը, բայց Սովետի օրոք երկուսն էլ կարելի էր մասնագիտություն համարել հատկապես էն պատճառով, որ Սովետի օրոք արձակի ու հատկապես բանաստեղծության համար բավական լուրջ հոնորարներ էին տալիս, ու բանաստեղծության պարագան հատկապես եմ նշում ու շեշտում, որովհետեւ, եթե արձակը էջի հաշվարկով էր վարձատրվում, բանաստեղծությունը գնահատվում ու վճարվում էր տող առ տող, եւ էն պահին, երբ Սովետը փլուզվեց, իմ տողավարձն արդեն հասել էր երկուսուհիսունի, եւ դա նշանակում է, որ էն պետությունը լավ էլ գնահատում էր բանաստեղծական արհեստավարժությունս, ու եթե արհեստավարժության խնդիր կար, կնշանակի՝ բանաստեղծ կամ արձակագիր լինելն ինքնին մասնագիտություն էր համարվում պետության կողմից ու պետական մակարդակով, ու եթե Սովետի փլուզման արդյունքում իմ հրատարակած բոլոր գրքերի՝ շուրջ քսանհինգ հազար ռուբլի հոնորարները խնայդրամարկղում մեկից փոշիացան, դա բնավ չի նշանակում, որ էդ հոնորարները չեն եղել ու ինձ չեն տրվել, ու եթե ես առ էսօր իմ էդ քսանհինգ հազար վնասի կապակցությամբ գրավոր կամ բանավոր ախուվախ չեմ արել, դա բնավ չի նշանակում, որ ես չեմ ափսոսացել ու չեմ ափսոսում իմ էդ քսանհինգ հազար ռուբլիների համար, ու չէի էլ կարող չափսոսալ ու չտառապել, որովհետեւ իմ էդ քսանհինգ հազար ռուբլիները, ամեն ինչից զատ, նաեւ բանաստեղծական շնորհքիս ու պրոֆեսիոնալիզմիս վկայականն ու գրավականն էին, եւ ես առ էսօր մեր նորաստեղծ պետությունից ավանդներս վճռականորեն չեմ պահանջել ու ավանդատուների հանրահավաքներին էլ չեմ մասնակցել զուտ էն պատճառով, որ զուգահեռաբար նաեւ գիտակցել եմ, որ քսանհինգ հազարիս փոշիացման պատճառներից մեկն էլ իմ էշ խելքն էր, այսինքն՝ ես ինձ միանգամայն մեղավոր եմ համարում, որ իմ էդ քսանհինգ հազարը Սովետի օրոք ու ճիշտ ժամանակին չհանեցի, բայց, մյուս կողմից էլ, հանելու որեւէ լուրջ պատճառ ու առիթ չունեի, որովհետեւ կայուն աշխատավարձ ունեի, ու էդ կայուն աշխատավարձիս էլ գումարած՝ ամսագրերի ու թերթերի ռեգուլյար հոնորարները, եւ եթե երբեւէ իմ էդ քսանհինգ հազարը նույնիսկ «Օրինաց երկրի» սահմանած սակագներով վերադարձնեն, ես ինձ որոշ չափով բավարարված կզգամ, որովհետեւ, էլի եմ ասում, էդ քսանհինգ հազարը, ամեն ինչից զատ, նաեւ իմ բանաստեղծական պրոֆեսիոնալիզմի վկայականն ու խորհրդանիշն էր, եւ եթե էդ քսանհինգ հազարը փոշիացավ, դա բնավ չի նշանակում, թե Արշակյանի արած լավությունն էլ է փոշիացել, որովհետեւ Արշակյանի լավությունը ոչ միայն հոնորար էր, այլեւ՝ ճակատագիր, եւ իր հովանավորչությամբ ու իր ձեռագրով գրված ճակատիս գիրը, ինչպես տեսնում եք, առ էսօր էլ՝ Արշակյանի մահից հետո էլ միանգամայն ընթեռնելի է, ու եթե կանոնավոր «Գրական թերթ» չես առնում ու երախտավորներիդ մահվան մասին չես իմանում, դա դեռ չի նշանակում, թե երախտամոռ ես:

Ես էսօրվա օրով Արշակյանից կդժգոհեի ու իր արած լավությունը սառույցին կգրեի միմիայն էն դեպքում, եթե կյանքիցս ու ճակատագրիցս առանձնապես դժգոհ լինեի, բայց քանի որ ես մաքսիմալիստ երազող չեմ, երբեւէ մտքովս չեմ անցկացրել, որ եթե Արշակյանն իմ բանաստեղծական կենսագրության հիմքերը հիմնավոր դրած չլիներ, ես տիեզերագնաց կամ առնվազն հանրապետության նախագահ էի դառնալու, ու էդպես չմտածելուս պատճառներից մեկն էլ էն է, որ էս կյանքն ինձ չզորեց համոզել, թե բանաստեղծի գործը նսեմացուցիչ է, քան՝ նախագահինը կամ տիեզերագնացինը, մանավանդ որ՝ բանաստեղծին լիուլի իրավունք ու հնարավորություն է տրված տիեզերագնացի պես շարունակ սավառնել վերեւներում, ավելին՝ եթե տիեզերագնացի վայրէջք կատարելը պարտադիր է, բանաստեղծին ոչ ոք չի ստիպում էդ բանն անել, ու իմ էս նաղդ կյանքից ու վիճակներից չդժգոհելուս պատճառներից մյուսն էլ էն է, որ ես ինձ անդառնալիորեն վարժեցրել եմ բավարարվել ու գոհանալ եղածով եւ տեսնել ընդամենն այն, ինչը երեւում է, եւ, ի տարբերություն Վարպետյանի ու արիացի այլեւայլ վարպետների, ինձ երբեւէ չի հաջողվել մտածել ու կարծել, որ եթե քրիստոնեությունն ընդունած չլինեինք, մեր վիճակն անհամեմատ լավ էր լինելու, ու նաեւ չեմ կարծում, որ եթե ճակատիս գիրը մեսրոպյան գրերի փոխարեն նախամեսրոպյան ինչ-ինչ նշաններով գրված լիներ, դրանից, ուրեմն, վիճակս փոխվելու էր եւ, եթե փոխվեր էլ, դեպի լավն էր փոխվելու, եւ եթե իմ ու ժամանակակից արիացիների միջեւ որոշակի տարբերություն կա, ընդամենն իմ ու իրենց տեսողական տարբերությունն է, եւ եթե իրենց հաջողվում է տեսնել ու կարդալ նախամեսրոպյան գրերը, ինձ դա երբեւէ չի հաջողվել ու երեւի այլեւս չհաջողվի, որովհետեւ իմ պլյուս երեքուկես տեսողությամբ իմ էս խառնիխուռն բառերն ու տառերն եմ հազիվ նշմարում:

Բայց վերադառնանք Գեւորգ Արշակյանին: Եթե չարանենգ մահը Գեւորգ Լիպարիտովիչին բռնացներ, ասենք, անցած դարի յոթանասունականներին, էդ մասին բոլորը ոչ միայն կիմանային, այլեւ շատերն էդ լուրից կցնցվեին էլ, որովհետեւ Արշակյանն էդ թվերին ոչ միայն ազդեցիկ դեմք ու հրատարակիչ էր, այլեւ՝ միանգամայն ճանաչված գրող, ու եթե հիմա ընթերցողներիցս շատերն իմ էս գրածից են իմանալու, որ ժամանակին Գեւորգ Արշակյան անունով ու ազգանունով գրող է եղել, դա ոչ միայն ահավոր անարդարություն է, այլեւ՝ միանգամայն անհավատալի իրողություն, եւ Արշակյանի առումով չի կարելի հաշտվել ու համակերպվել տարածված ու սովորական դարձած էն մտքի հետ, թե՝ ժամանակները փոխվել են, եւ, ուրեմն, ամեն ինչ նորմալ է: Այսինքն, Արշակյանի առումով ամեն ինչ ժամանակի վրա գցելն ու բարդելն էլ արդարացի չէ, եւ եթե նոր ժամանակները միանգամայն նոր մարդկանց են առաջացնում ու մեզ դեմ անում՝ մոռացության մատնելով հներին, դա դեռ չի նշանակում, թե նորը հնի շարունակությունը չէ, եւ եթե Արշակյանի բանակի ընկեր ու մեր սանիկ Մինասյան Գրիգորի որդի Մինասյան Ալեքսանն էսօրվա դրությամբ «Նոր ժամանակների» Արամ Կարապետյանի կուսակցական տեղակալն է, դա հենց նշանակում է, որ նորը հնի միանգամայն օրգանական շարունակությունն է, եւ եթե հին ժամանակներն Արշակյանին էին առաջացրել, նոր ժամանակներն էլ միանգամայն ներդաշնակորեն նորերին են առաջացնում, ու էս «առաջացնելու» կապակցությամբ հենց հիմա ապարանցիների մասին մի անեկդոտ հիշեցի ու հենց հիմա էդ անեկդոտը չեմ կարող ձեզ համար չպատմել, մանավանդ որ՝ ընթերցողներիցս շատերն էն կարծիքին են, որ անեկդոտները թարմ շունչ են հաղորդում գրական տեքստերին ընդհանրապես եւ իմ էս երկարաշունչ տեքստին մասնավորապես:

Ապարանցուն հարցնում են՝ ո՞նց են առաջացել ապարանցիները: Ապարանցին պատասխանում է ու ասում. «Մի անգամ ավտոբուսով Ապարանից Էրեւան էինք գալի, ու որ Էրեւանի մոտերքում ավտոբուսի շոֆերն ասեց՝ առաջացե՛ք, հենց էդ ժամանակ սաղս առաջացանք»:

Վերադառնալով Արշակյանին ու բոլորիս՝ պիտի շարունակեմ միտքս ու ասեմ, որ, ճիշտ է, յուրաքանչյուր նոր ժամանակ նորանոր դեմքեր ու նորանոր կադրեր է առաջացնում, բայց մեծ հաշվով, այնուամենայնիվ, էս բոլոր նորերն ինչ-որ չափով հների կրկնությունն են, ինչպես որ մեծ հաշվով նոր ժամանակներն են հների կրկնությունը:

Ինչ վերաբերում է Արշակյանին, չնայած ինքն էլ էր իր ժամանակի ծնունդն ու առաջ քաշածը, բայց, ինչպես տեսնում եք, ինքը հիշվում ու հիշատակվում է իր մահից հետո էլ, եւ անձամբ իմ կողմից ինքը շատ ավելի լավ է հիշվում, քան նույնիսկ՝ իր ժամանակը, եւ ինքն իմ կողմից ոչ միայն դրական է հիշվում, այլեւ՝ միանգամայն ջահել, որովհետեւ երբ ինքն ինձ իր գլխավոր լավությունն արեց, երեւի քառասունհինգ էլ չկար, ու երեւի հենց հիմա իր երիտասարդ դեմքն ու դիմագծերն աչքիս առաջ էսքան կենդանի հստակվում ու երեւակվում են հիմնականում էն պատճառով, որ ես իրեն մահացած վիճակում չտեսա, ու էս առթիվ էս պահին նաեւ մտածում ու հասկանում եմ, որ բոլոր էն մեռյալները, ում մահացած վիճակում չեմ տեսել, ինձ համար, փաստորեն, դեռեւս մահացած չեն, էդ թվում՝ իմ սերնդի բանաստեղծներից Ավդալյան Աշոտը, որովհետեւ Աշոտի մահվան պահին Մոսկվայի Գորկու ինստիտուտի ուսանող էի, ու Ավդալյան Աշոտի մահացած լինելը հատկապես էս պահին եմ զգում, որովհետեւ, եթե Աշոտը հիմա ողջ լիներ, պիտի հաստատեր Արշակյանի մասին էս բոլոր ասածներս, քանի որ Արշակյանն Աշոտի գրքի հաշվով էլ ահագին դերակատարություն ունեցավ, ու Արշակյանի մասին էս ասածներս կհաստատեր նաեւ Հարյանց Գարուշը, եթե էս պահին Լոսում չլիներ, ու Արշակյանի հաշվով էս ասածներիս վկան կարող էր նաեւ Վանոն լինել, բայց Վանոյի գրքի հաշվով ահագին դժվարություններ առաջացան հիմնականում էն պատճառով, որ Հրանտն արդեն լիասիրտ ու հրապարակավ գովել էր Վանոյին, այսինքն՝ Վանոն արդեն ահագին հակառակորդներ ու չուզողներ ուներ՝ ներառյալ հրատարակչության կուլիսներում, ու էս առիթով հիմա նաեւ մտածում ու հասկանում եմ, որ եթե մենք էն ժամանակ չհաջողացնեինք Գրողների միության անդամ դառնալ, հետո երբեւէ չէինք հաջողացնելու, որովհետեւ եթե էս պահին ինքս ինձ հանձնարարեմ ներկայիս գրողներից ու գրականագետներից տասներկու հոգանոց մի ընդունող հանձնաժողով կազմել, ես կդժվարանամ հայտնաբերել է՛ն տասներկուսին, որոնց առնվազն երկու երրորդը Գրողների միության անդամ դառնալուս կողմ կքվեարկեր, բայց էն թվերին մենք միաձայն քվեարկվեցինք ու անարգել սողոսկեցինք էդ, ուրեմն, միության շարքերը:

Ես գիտեի, որ նույնիսկ Արշակյանի պես զորավոր մեկի համար գրքի իմաստով որեւէ մեկին լավություն անելն էնքան էլ հեշտ գործ չէր, եւ ընդհանրապես հրատարակչական առումով որեւէ մեկին լավություն անելը ոչ միայն հեշտ չէր, այլեւ որոշ իմաստով անարդար էլ էր, որովհետեւ հրատարակչական պլանը միանգամայն սահմանափակ ցուցակ էր, ու էդ ցուցակում մեկիս անակնկալ հայտնվելով՝ մեկ ուրիշը մեկից դուրս էր թռնում նույն էդ հրատարակչական պլանից, այսինքն՝ մեկի հանդեպ լավությունը մեկ ուրիշի հանդեպ վատություն էր ու ողբերգության պատճառ, բայց էդ հասարակ բանը մենք՝ շահողներս առանձնապես չէինք հասկանում ու չէինք ընկալում, որովհետեւ հակված չէինք ընկալել ու հասկանալ, իսկ պլանից մեր պատճառով դուրս թռածներն իրենց փայ ողբերգությունն ամբողջական ու ամբողջապես էին զգում ու կրում, եւ մենք՝ շահածներս ու հանկարծակի պլան սողոսկածներս «Պապլավոկում», «Սկվազնյակում» կամ Գրողների միության սրճարանում փարիսեցիաբար ու իբր թե սրտանց ցավակցում էինք հրատարակչական պլանից հանկարծակի դուրս մնացածներին, բայց ցավակցողներիս փարիսեցիությունն ընդամենը մասամբ էր փարիսեցիություն, ու մեր ցավակցությունն էլ մասամբ էր կեղծ, քանի որ կոնկրետ չգիտեինք, թե ում գիրքն ում գրքի պատճառով է պլանից դուրս թռել կամ՝ որիս գիրքը որիս գրքի փոխարեն է պլան մտել, որովհետեւ վերջնական պլանում մի քանի տասնյակի չափ փոփոխություններ էին գրանցվում, այսինքն՝ մի քանի տասնյակ շահածներ ու նույնքան էլ տուժածներ էին ի հայտ գալիս, եւ եթե ես ինձ շահածների մեջ եմ հաշվում, պատճառն այն է, որ ես առաջին գրքիս լույսաշխարհ գալուն ընդամենը չորս տարի սպասեցի, եւ տղերք կային՝ որ յոթ-ութ կամ նույնիսկ տասը տարի սպասեցին, ու չնայած մեր շարքերում կային նաեւ էնպիսիք, որ ընդամենը մեկ-երկու տարում իրենց առաջին գրքերը տպեցին, բայց ես ինձ էն ժամանակ էլ ու հիմա էլ միանգամայն շահած ու հաջողակ եմ համարում, ընդ որում՝ հաջողակ եմ համարում բոլոր առումներով, որովհետեւ ինքս ինձ համար արդեն վերջնականապես եմ պարզել, որ եթե ինքդ քեզ հաջողակ ես համարում, ուրեմն՝ հաջողակ ես, եւ, ընդհակառակը, եթե քեզ անհաջողակ ես համարում, իսկապես անհաջողակ ու նվնվան ես դառնում՝ անկախ տվյալ պահի քո սոցիալական վիճակից ու ամեն ինչից, եւ իմ կյանքում հաճախ է պատահել, որ հույս եմ տվել ու հաջողացրել եմ հուսահատությունից դուրս բերել մի քանի խանութ ու մի քանի ավտոմեքենա ունեցող մարդկանց, իսկ ինձ մշտապես եմ հույս տվել ընդամենն էն պատճառով, որ ինձ ընդհանրապես որեւէ մեկը չի փորձել հուսադրել ու դուխ տալ, եւ մտքներով էլ չեն անցկացրել էդ բանն անել, որովհետեւ ես ինձ միշտ ու ամենուր միանգամայն գոհ ու միանգամայն երջանիկ եմ ներկայացնում, եւ հասարակության մեջ էդպես ներկայանալուս պատճառն էլ էն է, որ ես նախընտրում եմ հաջողակ լինել, քան՝ անհաջողակ:

Այսինքն, էս երկրային տարածքում երեւույթներն իրար միանգամայն սերտորեն են կապված, եւ նմանապես սերտորեն են կապված լավությունն ու վատությունը, եւ մասնավորապես իրար էին առնչված Արշակյանի արած լավություններն ու վատությունները, եւ եթե Արշակյանը շարունակական անեծքների էր արժանանում հրատարակչական պլանից թռածների բերաններով, շահածներիցս առանձնապես օրհնանքներ չէր ստանում ու առանձնապես չէր էլ հիշվում, եւ չէր հիշվում հատկապես էն ժամանակ, երբ իր թուրն արդեն աջուձախ չէր կտրում, եւ իմ կողմից էլ առանձնապես հիշվում ու հիշատակվում է հիմա՝ հենց էս պահին, երբ ինքն արդեն չկա, եւ իմ էս հիշատակություններն արդեն, ըստ ամենայնի, մեղայականի ու ապաշխարանքի պես բաներ են, որովհետեւ, էլի եմ ասում, մարդ արարածը սովորաբար ու մշտապես շատ թունդ է ատում իրեն վատություն անողներին, բայց իրեն լավություն անողներին առանձնապես թունդ չի սիրում, եւ վերջում միշտ էլ հենց լավություն անողն է վատամարդ դուրս գալիս, որովհետեւ, ցավոք սրտի, լավությունը մշտապես ինչ-որ մեկի հաշվին է լինում ու տեղի ունենում:

Ինչքան էլ Արշակյանի՝ կոնկրետ ինձ արած լավությունը մեկ ուրիշի գրքի հաշվին արված լիներ ու էդ մեկ ուրիշի համար ողբերգություն հանդիսանար, երախտագիտության ու երախտամոռության մասին չգրված օրենքներն ինձ թույլ չեն տա Արշակյան Գեւորգի մասին որեւէ վատ արտահայտություն անել, ու հիմա, երբ ես արդեն գիտեմ, որ Արշակյանն արդեն բացակայում է մեր էս երկրային անցուդարձերից, ինձ մշտապես ուղղորդող չգրված օրենքներին գումարվում է եւս մեկը՝ «Գեւորգ Արշակյանի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ» բովանդակությամբ:

Ես հորս ու մորս հալալ խառնուրդն էի, եւ եթե մշտապես հիվանդագին սկզբունքներ կրող ու չգրված օրենքներին ենթարկվող հայրս մի բան էլ իրենից էր կյանքը բարդացնող ու դժվարացնող օրենքներ հնարում ու գումարում եղածներին, եւ եթե մայրս էլ ողջ կյանքում նորմալ ու մարդավարի ապրելու հոգսի մեջ էր շարունակ եփվում ու տապակվում, ապա ես իմ ողջ կյանքում փորձեցի սկզբունքներիս հավատարիմ մնալ եւ բարեկեցիկ կյանքով ապրել, բայց երկու գծով էլ հավասարապես ձախողվեցի ու, փաստորեն, էսօրվա իմ վիճակով ծնողներիցս անհամեմատ անկատար ու թերի եմ, եւ եթե իմ էս անկատար ու թերի գրությունների շնորհիվ իրենցից ավելի երեւացող եմ, դա նրանից է, որ հայրս ընդհանրապես իրեն ցուցադրել չէր սիրում եւ իր ողջ արժանիքներն ու զգացմունքներն իր ներսում մշտապես թաղած էր պահում, իսկ մայրս էլ մարդավարի ու բարեկեցիկ կյանքի էր ձգտում ոչ թե ցուցամոլական ինչ-ինչ նպատակներով, այլ միայն՝ ինքն իրեն ու մեզ մի քիչ ավելի հարգելու նպատակով, եւ հենց իր էդ մարդկային ու պարզ ցանկությունն էլ մորս վերջնականապես իմաստնացրեց, որովհետեւ Կրիվոյի մեր բնակարանն իր ու հորս ողջ հետ գցածով կապիտալ վերանորոգելուց հետո մայրս վերջնականապես հասկացավ, որ դրանից երջանկության մեր ընտանեկան փայը ո՛չ ավելացավ եւ ո՛չ էլ պակասեց, եւ էս երկրային կյանքում մորս հիմնական ձախորդությունն էն էր, որ երբ մայրս իր համար վերջնականապես ճշտեց երջանկության մեր ընտանեկան չափաբաժինը, արդեն վաթսունն անց կին էր:

Ես, փաստորեն, հորնումորս համամասնական խառնուրդն էի եւ, Արշակյանին աշխատանքիս հարցով կոնկրետ չդիմելով հանդերձ, որոշ նամյոկներ, այնուամենայնիվ, անում էի, բայց իմ էդ նամյոկներն Արշակյանի կողմից մշտապես անարձագանք էին թողնվում, որովհետեւ Արշակյանը հաստատապես ու վերջնականապես որոշել էր ինձ բանաստեղծ դարձնել եւ ոչ թե՝ ինչ-որ աշխատավոր, եւ երբ ինձ չէր հաջողվում Արշակյանից աշխատանքիս հաշվով որեւէ արձագանք կորզել, ես ինձ վերստին հանձնում էի քամիներին, եւ քանի որ էդ տարիների ամենաքամոտ տեղը «Սկվազնյակն» էր, ես օրվա մեծ մասը հենց «Սկվազնյակում» էի անցկացնում:

Յոթանասունվեցի ամռան ճռճռան շոգերին «Սկվազնյակն» իսկական փրկություն ու ապաստան էր ու, փաստորեն, հատկապես էդ ամառ «Սկվազնյակը» մեր երկրորդ տունն էր, ու մենք մեր էդ երկրորդ տանը մեզ շատ լավ էինք զգում, եւ իմ վիճակի հիմնական բարդությունը հորս պակասող երեքանոցներն էին, որոնք բարձիս տակ հայտնվում էին արդեն ոչ թե ամեն օր, այլ՝ հիմնականում օրումեջ, ու չնայած էդ էլ էր փող, բայց «Սկվազնյակը» վայրկենապես էր կլանում մեր փողերը, որովհետեւ «Սկվազնյակի» խաչապուրին փառահեղ էր, եւ տիկին Վալյայի՝ ավազի վրա եփած սուրճն էլ էր փառահեղ, եւ, բացի այդ, արդեն օրական երկու տուփ ծխախոտն էլ ինձ չէր հերիքում, բայց, ընդհանուր առմամբ, ծերը ծերին հասցնում էի, որովհետեւ «Սկվազնյակ» կոչվող մեր երկրորդ տան ծախսերն ընդհանուր էին, եւ մեկս մյուսիս ծախսածը չէր հաշվում, եւ եթե սրճարանի ձախ անկյան մեր էդ մշտական սեղանին ուտելու կամ խմելու որեւէ բան չէր լինում, մենք մեզ հեչ վատ չէինք զգում, որովհետեւ մենք տիկին Վալյայի հանապազօրյա ու սիրելի կլիենտներն էինք, եւ մեր սեղանի դատարկությունն ու մեր երկար նստելն իր նյարդերի վրա չէին ազդում, եւ երբ տիկին Վալյան սրճարանով մեկ աղաղակում էր՝ «առավոտվա ութից նստածները վեր կենա՜ն», մենք աչքներս անգամ չէինք թարթում ու տեղներս հանգիստ նստած՝ շարունակում էինք մեր բառախաղի քառակուսիները լրացնել, որովհետեւ վստահ էինք, որ տիկին Վալյայի աղաղակը մեզ չի վերաբերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել