Հոկտեմբերի 21-ին «Մոսկվա» կինոթատրոնում
բացվեց World press photo կազմակերպության 50-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցադրվեցին
World press photo 2005-ի լավագույն լուսանկարները: Ամստերդամում
յուրաքանչյուր տարի «World press photo»-ն կազմակերպում է լուսանկարների մրցույթ,
որին մասնակցում են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ ամբողջ աշխարհից: Մրցույթի ժյուրին
կազմված է տարբեր երկրներից ժամանած մասնագետներից. «Թափանցիկությունն ապահովելու
համար ժյուրին աշխատանքներին ծանոթանալիս տեղյակ չի լինում, թե որ երկրին է այն պատկանում»:
Այս տարվա մրցույթին ներկայացվել է շուրջ 70 հազար աշխատանք, որից ընտրված լավագույնները
երեկ ներկայացվեցին «Մոսկվա» կինոթատրոնում: Մրցույթին մասնակցել են նաեւ հայաստանցիներ,
սակայն նրանց աշխատանքները չեն հաղթել: Այս օրերին նույն ցուցադրությունը,
բացի Հայաստանից, ներկայացվում է եւս 13 երկրներում: Նկարներում արտացոլված են տարբեր
թեմաներով աշխատանքներ՝ քաղաքականություն, սոցիալական ոլորտ, մշակույթ, սպորտ եւ
այլն: «Ցուցահանդեսի նպատակն է բացել մարդկանց աչքերը եւ ներկայացնել, թե ինչ է կատարվում
Իրաքում, Բեսլանում եւ այլուր: Օրինակ՝ ԱՄՆ-ում ապրող մարդիկ քաջատեղյակ են Իրաքում
կատարվող տեռորիստական ակտերին, սակայն չգիտեն, թե ինչ է կատարվում Բեսլանում: Բայց
այս ամենի կողքին նաեւ ուրախ, գեղեցիկ բաներ են ներկայացվում»,- ասաց «World press
photo»-ի հայաստանյան ներկայացուցիչ Կլաուդիա Հիմտերսիրը: «Ֆոտոժուռնալիստիկան
եւս մարդկանց հաղորդակցման լեզու է: Օրինակ՝ այստեղ ցուցադրվող նկարները կարող են
լուռ արտահայտել, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում: Մեկ նկարը կարող է արտացոլել
մի ամբողջ պատմություն եւ առանց մեկնաբանությունների շատ ավելի լավ ներկայացնել այն»,-
նշեց Կլաուդիան: «Հայաստանում ֆոտոլրագրությունը այդքան էլ զարգացած չէ: Սակայն այն
արդեն կայանում է: Մինչ այժմ Հայաստանում հնարավորություն չկար այս արվեստը սովորելու:
Մեր կազմակերպության աշխատակիցների այստեղ գալու նպատակն է նաեւ նպաստել ձեր երկրում
ֆոտոլրագրության զարգացմանը: Անցյալ տարվանից Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում
անցկացնում ենք 9-ամսյա դասընթացներ, որոնց մասնակցած ուսանողներն այժմ բավական լավ
արդյունքների են հասել»,- շարունակեց նա: Անցյալ տարվա ուսանողներից մեկը
ներկայումս աշխատում է Լոնդոնի շատ հայտնի կազմակերպություններից մեկում, մյուսը
ԱՄՆ-ում է ուսումը շարունակում, 1-2-ը հայկական ԶԼՄ-ներում են աշխատում: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ