Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԿԻՆ» ԹՐՔՈՒՀԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Հոկտեմբեր 22,2005 00:00

«Սայաթ-Նովա»
մշակութային միությունը իր տասնամյակի եւ Սայաթ-Նովայի մահվան 210-րդ տարելիցի առիթով
ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հոկտեմբերի 24-26-ը առաջին անգամ կանցկացնի Աշուղական արվեստի
կովկասյան միջազգային փառատոն: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում
հայտարարեց փառատոնի նախաձեռնող եւ կազմակերպիչ, աշուղական երգ-երաժշտության գիտակ
ու տարածող, երգիչ Թովմաս Պողոսյանը: Տեղեկացվեց, որ փառատոնին մասնակցության հայտ
են ներկայացրել ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից,
ԱՄՆ-ից, Իրանից՝ առանց տարիքային սահմանափակման: Կազմկոմիտեում են Հասմիկ Գանձանակյանը,
աշուղագետ Էլինար Շահենը, աշուղ Լեյլին, գեղանկարիչ Վարդան Սիմոնյանը, հրավիրված
են նաեւ ամերիկահայ երգչուհի Հերմինե Ամիրյանը, Թեհրանից 80-ամյա աշուղ Թեւանը եւ
այլք: Փառատոնը կմեկնարկի Շարլ Ազնավուրի հրապարակում, իսկ հանդիսավոր բացումը տեղի
կունենա «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում: Այդ օրերին կկայանան համերգներ, գիտական
նստաշրջան, վարդատոն Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ, գեղանկարչական ցուցահանդեսներ
Սարյանի պուրակում: Փակումը կլինի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Առավոտի»
հարցին՝ մեկ ամիս առաջ դուք եւ մշակույթի նախարարությունն անցկացրիք աշուղական արվեստի
փառատոն, ինչո՞ւ այս փառատոնը դարձյալ նախարարության հետ համատեղ չեք կազմակերպել
եւ ի՞նչ չափի գումար է տրամադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Թ. Պողոսյանը պատասխանեց. «Այս անգամ
նախարարության հետ համագործակցություն կա, բայց ոչ պաշտոնական: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած
գումարը «ստարտային» է, ասել է թե՝ ոչ բավարար: Մեզ աջակցել են նաեւ մեր հայրենակիցները»:
Մեր դիտարկմանը՝ շուրջ 500 տարվա պատմություն ունեցող աշուղական արվեստը վկայում
է այն մասին, որ ժողովուրդն է աշուղ կամ գուսան կոչել այս կամ այն արդեն ճանաչված
վարպետին: Այսօր պատկերը փոխվել է՝ ժողարվեստում երիտասարդ ստեղծագործողը իրեն հռչակում
է աշուղ, Էլինար Շահենը տվեց հետեւյալ ծավալուն ու գիտական պատասխանը. «Ժամանակին
երեխան ուսանում էր վարպետի մոտ, ավելի ճիշտ՝ ծառայում էր 4-5 տարի, խորանում աշուղական
արվեստի մեջ, որից հետո մասնակցելով աշուղական մրցույթի՝ հաղթելու դեպքում ստանում
էր իր վարպետի ապտակը՝ այսինքն վարպետը նրան հռչակում էր գուսան: Մեր ժամանակներում
Թովմաս Պողոսյանը՝ շարունակելու նպատակով ողջ աշուղա-գուսանական արվեստի «ներկապնակը»,
հիմնեց Ջիվանու անվան աշուղական դպրոց, որտեղ սաներին այդ արվեստի գաղտնիքները մատուցում
են մասնագետները: 2003-ին կայացավ մերօրյա աշուղների առաջին ձեռնադրումը: Մի խոսքով՝
ամեն ինչ այս ասպարեզում կայանում է ակունքներին հավատարիմ մնալով»: «Առավոտին»
հասած լուրը, թե փառատոնին մասնակցելու է նաեւ թուրք երգչուհի, փորձեցինք ճշտել Թովմաս
Պողոսյանից: Վերջինս «դժվարությամբ» պատասխանեց. «Ստույգ ասել դեռ չեմ կարող՝ կմասնակցի՞,
թե՞ ոչ: Երգչուհու անունն է Սերբիլ Քլըճ: Նա համոզված է, որ ունի հայկական արմատներ,
ինչի համար վերջերս փոխել է դավանանքը՝ դարձել քրիստոնյա, ազգանվանն էլ ավելացրել
«յան»-ը»: Փառատոնի կազմակերպիչները տեղեկացրին, որ հրավեր էին ուղարկել նաեւ
Շարլ Ազնավուրին ու վերջինս ողջունելով նախաձեռնությունը, շնորհավորական ուղերձ է
հղել, ափսոսանք հայտնելով, որ վաղօրոք պլանավորված իր աշխատանքների պատճառով չի կարող
ժամանել Հայաստան: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել