անհանգիստ գիշեր 18-ամյա զրուցակիցս աշխատում էր VIVARO-ի
գրասենյակներից մեկում: Աշխատանքը սկսվում է երեկոյան ժամը 10-ից եւ ավարտվում առավոտյան
նույն ժամին: Ֆուտբոլի մոլի երկրպագու է եւ ֆուտբոլն էլ տարել
է նրան VIVARO, որտեղ մարդիկ գումարներ են դնում, կանխատեսում հաղթանակներ՝ պարտության
մասին չմտածելով: «Դժվար չէ՞ ֆուտբոլասերների հետ լեզու գտնելը» հարցիս պատասխանում
է՝ դժվար է այն ժամանակ, երբ ուրախությունից կամ տխրությունից նրանք հարբած են գալիս
գրասենյակ: «Իսկ արտակարգ դեպքերը հաճախակի՞ են» հարցիս պատասխանում է, որ «ՉՊ-ներ»
չեն լինում: Վտանգավոր վիճակը կապված է գիշերային կողոպուտի հետ. խաղերի օրերը շաբաթ-կիրակի
են եւ, իր ասելով՝ իրենց մոտ ամեն օր 300-500 հազար դրամ գումար է շրջանառվում: Երկրպագուները
գալիս են VIVARO գիշերվա ժամը 4-ից հետո: – Իսկ կին ֆուտբոլասեր ունե՞ք: –
Կա մեկը: Սակայն նա գումար չի դնում: Գնում է VIVARO-ի քարտերից եւ ինտերնետային
տարբերակով խաղում: – Կանայք երբեւէ ձեզ մոտ փնտրո՞ւմ են իրենց ամուսիններին:
– Հաճախ է լինում: Նրանք փնտրում են եւ իրենց ամուսիններին, եւ երեխաներին:
– Անչափահասներ է՞լ են գալիս: – Մեր կանոնադրությամբ չի թույլատրվում,
սակայն նրանք գալիս են ծնողների, հարազատների հետ: – Գիշերը հե՞շտ է աշխատել:
– Դժվար է: Ես ինձ համարում եմ հիվանդ, քանի որ չեմ կարողանում քնել, նորմալ
հաց ուտել ու միլիոնավոր դրամների հետ եմ գործ ունենում: Տակ էլ եմ տալիս: Հայաստանում
գիշերային աշխատանքը չեն գնահատում: Իսկ արտասահմանում, շատերից եմ լսել, գիշերային
աշխատանքի դիմաց վճարում են եռակի, քառակի շատ: – Տուն ինչպե՞ս ես վերադառնում:
– Օգտվում եմ տաքսիներից: Չնայած նրանք էլ զբաղված են գիշերային
թիթեռնիկներով: Գիշերվա ժամը 2-ից քաղաքը թիթեռնիկներով լցված է: