Գիշերային
հերթափոխ՝ «ինտերնետ» կապի հանգույցում Զրուցակիցներս՝ «Ինտերնետ»
հեռախոսային կապի աշխատակիցները աշխատում էին գիշերային հերթափոխով՝ երեկոյան ժամը
19-ից մինչեւ առավոտյան ժամը 9-ը: Կարենն ու Հասմիկը հրաժարվեցին ազգանունները հայտնել
(խնդրեցին անգամ գրասենյակի հասցեն չնշել): 3 ամիս առաջ նրանք աշխատում էին այլ ռեժիմով.
ժամը 19-ից մինչեւ գիշերվա 2-ը եւ տուն էին վերադառնում ծառայության տրամադրած ավտոմեքենաներով:
Եթե ցերեկային հերթափոխի աշխատակիցները ստանում են օրական 1500 դրամ, ապա նույն աշխատանքը
գիշերային ժամերի համար 500 դրամով ավելի է: «Մինչեւ գիշերվա ժամը 2:30-ը
զանգեր լինում են»,- ասում են զրուցակիցներս, որոնցից մեկն ուսանող է եւ թոշակ է
ստանում, մյուսն ընդամենը այդ «չոր» վարձավճարի վրա է: Կարենն ասում է, որ պատվիրատուն
հիմնականում գործարար խավն է, իսկ կապն էլ «հիմնականում Ամերիկայի հետ է»: Կան մինչեւ
ժամը 5-ը չքնողներ: Տեղեկացնենք, որ «չքնելու պատճառն» այն է, որ գիշերվա ժամը 1-ից
հետո կապն էժան է: «Ինտերնետ» կապի հանգույցում գիշերային հերթափոխում հիմնականում
աղջիկներ են, իսկ այստեղ մշտապես կա մեկ տղա օպերատոր՝ անվտանգության նկատառումներով:
Կողմնակի անձանց մուտքն արգելված է, դուռը ներսից փակում են եւ միակ այցելուն կարող
է տնօրենը լինել, որն էլ ստուգում է՝ քնա՞ծ են, թե՞ ոչ: Արգելվում է քնել, թեեւ շուրջս
եմ նայում. քնապարկ չկա, բազմոց չկա, պահարան կա, որտեղ հաստատ չեն քնի, մեկ բազմոց
է: Լինում են ժամեր, որ իսկապես զանգեր չկան, իսկ քնում են 2-3 ժամ՝ կիսատ-պռատ:
Կարենն ուսանող է եւ հավանաբար թողնի աշխատանքը, որովհետեւ առողջությունն իսպառ քայքայվում
է, զրկվում է ընկերներից, հավաքույթներից: Կատակով տեղեկացնում է, որ «հերթափոխով
են ծնունդների մասնակցում»: «Ախպարների հետ դժվար է»,- ասում է Հասմիկը եւ
լեզվական խոչընդոտները բացատրում այսպես. «Նա հայերեն է պատվիրում զանգը, ես հայերեն
պատասխանում եմ՝ չի հասկանում»: Երկրորդ խոչընդոտը օտարերկրացիների «հաթաթան» է.
դատի տալ՝ իրենց օրենքներով առաջնորդվելով: «Նրանք մեր օրենքները չգիտեն եւ չեն էլ
ուզում հարգել դրանք»,- շարունակում են զրուցակիցներս: Կա երրորդ
խոչընդոտ էլ. «թռածների» խնդիրն է: «Սեւ ցուցակում» ունեին 300-ից ավելի քաղաքացիներ,
որոնք օգտվել էին հեռախոսակապի ծառայություններից, սակայն հրաժարվել էին տեսուչներին
գումար վճարել: Իսկ թե ինչու դատարաններ չեն դիմում գումարի բռնագանձման պահանջով,
պարզվեց, որ օրենքի հետ որոշակի խնդիրներ ունեն: Հայաստանում տասնյակ միջազգայն «Ինտերնետ»
կապ իրականացնող գրասենյակներ կան, որոնք աշխատակիցների պակաս երբեք չեն զգացել,
սակայն պայմանագրային քաղաքակիրթ ձեւակերպումներ աշխատանքային փոխհարաբերությունների
շուրջ երբեւէ չի ձեւակերպվել: