ՊՆ-Ն
ՕԳՆԵՑ 30 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԱՆՈՑ ԻՆՍՈՒԼԻՆՈՎ 11 տարվա ընթացքում այդպիսի
օգնություն է ցուցաբերվել զոհված ազատամարտիկ Արմեն Քուրդյանի ընտանիքին: Քուրդյանների
յոթ հոգանոց ընտանիքը այսօր մի կերպ է իր գոյությունը պահպանում Հարավ-արեւմտյան
թաղամասի Անդրանիկի 48 շենքի կիսանկուղային հարկում: Թոշակառու ամուսինները՝ երկու
չափահաս երեխաների եւ երեք անչափահաս թոռների հետ միասին ստիպված են ամռանը դիմագրավել
խոնավությանը, իսկ ձմռանը՝ ցրտաշունչ եղանակին: Ընտանիքի ապրելու հույսը զինկոմիսարիատից
եւ սոցապից տրվող 23 հազար դրամ թոշակն է, ինչը չի բավականացնում նույնիսկ ամսվա
հացին: Արմենը զոհվել է 1994 թվականին, 19 տարեկան հասակում եւ անցած 11 տարիների
ընթացքում ՊՆ սոցվարչությունն ընդամենը մեկ անգամ է հարկ համարել բավարարել զոհվածի
մոր՝ Խանում Աղաջանյանի դիմումը. տրվել է 30.000 դրամ՝ ինսուլին գնելու համար: Դրանից
բացի, զոհվածի ընտանիքը խնդիր ունի նաեւ զբաղեցրած բնակտարածքի սեփականաշնորհման
հետ կապված: Անշարժ գույքի կադաստրի աշխատակից Մնացական Ներսիսյանը հրաժարվում է
այն օրինականացնել, պատճառաբանելով, որ դրսի՝ ընդամենը 50 սմ հաստության պատը խիստ
հակաօրինական է: Հարցը չի լուծվում արդեն երեք տարի, թեեւ ընտրությունների ժամանակ
ներկայիս թաղապետ Աղվան Գրիգորյանը տրամադրել էր սեփականացման ծախսերի համար օրենքով
նախատեսված 85 հազար դրամը: Ընտանիքի հայրը՝ Սերյոժա Քուրդյանը, թրոմբի վիրահատությունից
հետո մի քանի շաբաթ առաջ է դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցային
ծախսերն էլ համալրել են տուժած ընտանիքի՝ առանց այն էլ ծանրաբեռնված պարտքացուցակը:
Մեր այն հարցին՝ օգնության հարցով դիմե՞լ են զոհվածների իրավունքների պաշտպանությամբ
զբաղվող որեւէ հասարակական, բարեգործական կազմակերպության՝ Խանում Աղաջանյանն ասաց.
«Մեր ընտանիքը «Կարոտի կանչ» հ/կ-ի շահառուներից է: Ես հարսիս միջոցով տեղեկացրի
կազմակերպության հիմնադիրներից մեկին, որ վիճակներս այսպես է, ինչո՞վ կարող եք մեզ
օգնել: Պարզվեց՝ ոչնչով: Հիվանդին մաղթեցին առողջություն: Դա էլ «Կարոտի կանչի» օգնությունն
էր: Եթե մի բան էլ ավելի ենք խոսում, կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանն ասում
է՝ կարող եք գալ, ձեր տղաների նկարներն ու թղթերը վերցնել ու գնալ»: Սակայն այդքանով
զոհվածի մոր ասելիքը չի եզրափակվում: «Լավ կլիներ, որ մեր կարգավիճակի ընտանիքների
զեղչերն ու արտոնությունները վերականգնեին, որ սեւազգեստ կանայք ձեռքերը չպարզեին
մուրացկանության: Դա իմ զոհված որդուն պատիվ չի բերում: Էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի
զեղչերը վերացրին՝ մեր իրավունքները հավասարեցնելով գողի, թմրամոլի իրավունքներին:
Մենք պետության կողմից պաշտպանված չենք: Այդ դեպքում ինչո՞ւ խաբեցին-տարան մեր որդիներին»,-
մտահոգությունն է կիսում Խ. Աղաջանյանը: Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ