Սափրագլուխները
դեկորատիվ են «Հաստ վիզն ու սափրած գլուխը ամենեւին էլ ուժի
նշան չէ»,- ասում է «Թիկնապահ» քոլեջի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը: Այսօր
Հայաստանում, ոչ առանց հիմքի, թիկնապահ հասկացությունը զուգորդվում է ինչի հետ ասես,
միայն ոչ՝ թիկունքը պահելու միջոցով անվտանգությունն ապահովելու հետ: Մարդկանց պատկերացմամբ՝
թիկնապահը ավելի շուտ նա է, ով հանրահավաք է ցրում, լրագրող է ծեծում եւ տեսախցիկ
է ջարդուփշուր անում, «օբյեկտներին» տանիք է կանգնում եւ մասնակցում զինված «ռազբորկաների»:
Մեզանում յուրահատուկ են նաեւ թիկնապահի արտաքինի մասին պատկերացումները: Հասարակական
գիտակցության մեջ թիկնապահի կերպարը հետեւյալն է՝ հաստ վիզ, նույնքան հաստ ոսկե շղթա,
դաժան հայացք եւ սափրած գլուխ: Ուստի՝ թիկնապահ տեսնելիս մարդկանց մեջ ինքնաբերաբար
առաջացող վախը շատ բնական է եւ միանգամայն բացատրելի: Ինչո՞վ են պայմանավորված
«հայ թիկնապահի» այդ բացասական որակները, եւ որն է իսկական թիկնապահի բուն առաքելությունը:
«Գիտակ» համալսարանի «Թիկնապահ» քոլեջի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանի
կարծիքով՝ «թիկնապահը պետք է վնասազերծի, ոչ թե ծեծի: Այդ մեր ժողովրդի մեջ է սխալ
տպավորվել, որ եթե ինչ-որ մեկը սափրագլուխ է՝ ուրեմն թիկնապահ է: Հաստ վիզն ու սափրած
գլուխը ոչ մի նշանակություն չունեն: Դրանք դեռ ուժի ցուցանիշ չեն: Մեր սաներից եւ
ոչ մեկին այստեղ դաժանություն ու գլուխ «թրաշել» չենք սովորեցնում: Թիկնապահներին
սովորեցնում ենք ճիշտ գնահատել իրավիճակը, հարցին հոգեբանորեն մոտենալ եւ հարց լուծելու
ուժային տարբերակը կիրառել ամենավերջում, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Թիկնապահի մասնագիտություն ստացողների թիվը շատ է, բայց ոչ բոլորը կարող են սովորել:
Լավ թիկնապահը պետք է լինի առողջ, տրամաբանող, հավասարակշռված եւ աշխատի աննկատ»,-
ասաց տնօրենն ու ավելացրեց. «Կան մեղմ կոչվող թիկնապահներ, որոնք կարող են շրջել
մարդկանց մեջ եւ իրենց գործն անել աննկատ՝ դրանք պրոֆեսիոնալներն են»: Իսկ հավակնոտ
արտաքինով սափրագլուխներն ու հաստավզերը, ըստ Վ. Հարությունյանի՝ ընդամենը հասարակության
մեջ տպավորություն ստեղծելու համար են: Պատանիների համար «բարձրակարգ» այդ պաշտոնն
ոչ միշտ է եկամտաբեր, երբեմն այն կախված է «տիրոջ» բարի կամքից: Թիկնապահի միջին
աշխատավարձը ամսական 200-ից 500 դոլար է: Սա շատ քիչ է, եթե հաշվի առնենք, որ ողջ
օրվա ընթացքում նա պետք է իր տիրոջ նազուտուզը տանի: Քոլեջի տնօրենի ասելով՝
թիկնապահի մեծ պահանջարկ կա սննդի օբյեկտներում՝ ռեստորաններ, սրճարաններ եւ այլն,
քանի որ հենց այնտեղ, ավանդույթի համաձայն, հայերի ուտուշխմուշն ավարտվում է տուրուդմփոցով:
Սննդի օբյեկտների տերերը թիկնապահի հարցում շատ պահանջկոտ են: Նրանք ցանկանում են
ունենալ կիրթ, բարձրագույն կրթությամբ, անգլերենի եւ համակարգչի իմացությամբ թիկնապահներ:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ