Հարցազրույց
բանակի հիմնախնդիրներով զբաղվող հ/կ-ների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի
հետ: – Տիկին Մարգարիտա, ե՞րբ է ստեղծվել ձեր կազմակերպությունը:
– 1998թ. իմ միակ որդին՝ Արսեն Հարությունյանը զոհվեց բանակում: Չեմ ուզում
խոսել իմ վշտի ծանրության մասին: Այդ կորստից հետո ես երդվեցի իմ որդու շիրմի վրա,
որ կյանքս նվիրելու եմ զինվորներին, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը,
եւ իմ տղայի կարոտը ես կառնեմ մյուս զինվորներից: Ու ստեղծեցի «Զինվոր եւ օրենք»
հ/կ-ն, որտեղ ընդգրկված են զոհվածների մայրեր, այրիներ: Այնուհետեւ ՊՆ-ի նախաձեռնությամբ
ստեղծվեց համակարգող խորհուրդ, որի կազմում ընդգրկված են նմանատիպ՝ բանակի ու զինվորի
հիմնախնդիրներով զբաղվող հ/կ-ները: Սկզբում ես խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի
նախագահն էի, այնուհետեւ դարձա խորհրդի նախագահ: – Վերջերս ասուլիս էին հրավիրել
Մատաղիսի զորամասում կատարված սպանության մեջ մեղադրվողների պաշտպանները, որտեղ մեղադրանքներ
հնչեցին ձեր հասցեին, որ դուք կողմնակալ վերաբերմունք ունեք, խանգարում եք դատական
նիստերը եւ որ «զինդատախազի մարդն» եք: – Այո, շատերը ինձ չեն սիրում, որովհետեւ
ես իրոք շատերին խանգարում եմ թաքցնել ճշմարտությունը: Իմ ներկայությունը դատական
նիստերին, իրոք, շատերին խանգարում է կեղտոտ գործարքներ կատարել: Պատահական չեն ինձ
տիկին «ԾՏՐՏջ» անվանում: Կոնկրետ Մատաղիսի գործով ես սկսել եմ զբաղվել Նուբարաշենի
ՔԿՀ-ում գտնվող Ռազմիկ Սարգսյանից դիմում ստանալուց հետո: Այդ գործի առիթով անգամ
եղել եմ ԼՂ-ում եւ գործում մեղադրվող Իվանին անպատիժ չթողնելու համար խնդրել եմ զինդատախազությանը,
որ տեղափոխեն Երեւան՝ գործը այստեղ քննելու: Սակայն որպես վկա հանդես եկող Ռ. Ս.-ն
առանց կասկածանքի տակ լինելու եւ առանց ճնշման՝ սկսում է խոստովանել իր մեղքը եւ
պատմել եղելությունը: Դրանից հետո իմ տուն են գալիս «Բանակ» հ/կ-ի նախկին նախագահ
Վաչագան Հարությունյանը մի քանի անձանց հետ եւ ինձ առաջարկում հրաժարվել Մատաղիսի
գործից. «Մենք ինչ որ պետք է՝ կանենք»: Ինձ նույնիսկ գումար առաջարկեցին, որից ես,
բնականաբար, հրաժարվեցի: Ես չեմ կարող զոհված զինվորի արյան վրա փող աշխատել: Եվ
ինչպե՞ս կարող եմ լինել «զինդատախազության մարդը», երբ իմ որդու սպանության գործը
դեռ լիարժեք բացահայտված չէ, ես իմ խնդիրներն ունեմ նրանց հետ: Եվ մարդիկ, ովքեր
չկարողացան ինձ առնել, ինձ համարում են խոչընդոտ իրենց մութ գործերի մեջ: Իմ նպատակը
ոչ թե զինվորին (թեկուզ մեղադրյալ) ցմահ բանտարկության ուղարկելն է, այլ մեկ օջախի
ճրագ էլ պահպանելը, եթե, իհարկե, նա զղջում է իր արածի համար: Իսկ երբ որդեկորույս
մորն ասում են՝ գնա քարը գրկի նստի, քոնը քարն է, իմ որդին մի քանի տարի կնստի, դուրս
կգա, դու քարով մխիթարվի՝ դա արդեն դուրս է բարոյականության բոլոր սահմաններից: –
Վերջերս դուք շրջայց կատարեցիք զորամասեր, ի՞նչ իրավիճակ էր տիրում այնտեղ եւ ի՞նչ
եզրահանգումների եկաք: – Այո, օգոստոս ամսին մենք եղանք երրորդ բանակային
կորպուսում տեղակայված զորամասերում: Սա մեր առաջին այցելությունը չէր: Թեեւ նախորդ
այցելությունից հետո նկատեցինք զգալի տեղաշարժ, սակայն բացահայտեցինք մի շարք անցանկալի
իրողություններ: Ասեմ, որ մեր այցն անսպասելի էր: Կենցաղային վատ պայմաններ էին Ստեփանավանի
զորամասում, մահճակալները հին էին, սանհանգույցը անբարվոք վիճակում էր, կար աղբահանության
խնդիր: Այս ամենը զինվորների համար կարող են դառնալ լուրջ հիվանդությունների պատճառ:
Մենք տեղում արձանագրեցինք ամեն ինչ եւ պահանջեցինք իրավիճակի բարելավում: 10 օր
անց զորամասի հրամանատարի հրավերով նորից այցելեցինք եւ տեսանք զինվորներին նոր զորանոցում,
նոր մահճակալներով, աղբը՝ հեռացված: Դիլիջանի զորամասում, մեղմ ասած՝ անմխիթար վիճակում
էր ճաշարանը, իսկ սննդամթերքը փչացած էր (սառնարանի անսարքության պատճառով): Բուժհանձնաժողով
կանչեցինք եւ սնունդը փորձաքննության ենթարկելով՝ արձանագրեցինք, որ օգտագործման
համար պիտանի չէ եւ ետ ուղարկեցինք: – Դուք արդեն մի քանի տարի է՝ շփվում
եք բանակի ու նրա խնդիրների հետ: Ի՞նչ տեղաշարժեր կան: – Միանշանակ՝ դրական:
Այսօր փոխվել է բանակի կարգուկանոնի վիճակը: Նախկինում կար «չաստ նայողի» հասկացությունը,
այսօր այն գրեթե բացակայում է, խստացված է հսկողությունը սպայական կազմում առկա կոռուպցիայի
վրա: Եթե 1998թ. բանակում եղել է 297 զոհ, այսօր այդ թիվը 47 է: Մենք միջնորդել ենք
պաշտպանության նախարարին, որ զորամասերն ունենան տեխնիկական աշխատողներ: Ի վերջո,
այդ չարաբաստիկ երեւույթը՝ զուգարան մաքրելը, զինվորին «կոտրելու» մի ձեւ է եւ շատ
տխուր հետեւանքների է բերում: Նախարարը խոստացել է, որ մինչեւ տարեվերջ այդ հաստիքների
հաշվարկը կկատարվի եւ հարցը կլուծվի: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ