New York Life-ը առաջարկում է Ցեղասպանության
զոհերի ժառանգներին նոր փաստաթղթեր ներկայացնել Հայաստանում
եւ արտերկրում բնակվող հայերին եւս մեկ հնարավորություն է տրվում ապացուցելու, որ
իրենք Հայոց ցեղասպանության տարիներին իրենց կյանքն ապահովագրած հայազգի անձանց ժառանգներն
են: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմումներ են ուղարկել հանձնաժողովին, ստացել
են պատասխան նամակներ: Հայաստանից ԱՄՆ է ուղարկվել 1300 դիմում: Պատասխանի
հետ դիմումատու քաղաքացիները նաեւ նույնատիպ հարցաթերթիկներ են ստացել: «Հանձնաժողովը
քաղաքացուն հնարավորություն է տալիս դիմում ուղարկելուց հետո ի հայտ եկած նոր փաստաթղթեր
ու ապացույցներ կցել եւ ուղարկել, այսինքն՝ հարստացնել ապացուցման բազան: Այս նոր
ձեւի հարցաթերթիկը պարզապես հանձնաժողովին լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու
դեր է կատարում: Այն կցվելու է ուղարկված հիմնական գործին»,- տեղեկացրեց «Նյու Յորք.
Կյանքի ապահովագրություն» աշխատանքային խմբի պատասխանատու Նորա Սարգսյանը: Նախկինում
քաղաքացիները լրացրել էին հայցադիմում, որի ձեւը տրված էր հանձնաժողովի կողմից: Սակայն
նոր ստացված հարցաթերթիկն ավելի մեծ ինֆորմացիա է պահանջում դիմողից: Եթե նախկինում
պարզապես պահանջվում էր դիմողի անուն-ազգանունը, հասցեն, ապահովագրվածի տվյալները,
ապահովագրման պոլիսի համարը, ապա այս նոր հարցաթերթիկում այլ տվյալներ էլ են պահանջվում:
Օրինակ՝ Աստվածաշնչի մեջ գրառումներ կամ տոհմածառ, որն ուրվագծում է կապը ապահովագրվածի
հետ: Դիմողը պետք է նաեւ բացատրի, թե ինչու է համոզված, որ ապահովագրվածի իրավական
ժառանգն է կամ հասառուն: «Նախկինում հին աստվածաշնչերում արել են գրառումներ՝
ծննդյան, մահվան, ամուսնության ակտեր: Հանձնաժողովի գործունեության ընթացքում մենք
եւս ունեցանք մի գործ, որտեղ քաղաքացին ներկայացրեց Աստվածաշունչ, որի վերջին պոկռտված
էջերում պահպանվել էին մահվան, ծննդյան գրառումներ: Դրանց մեջ գրված էր նաեւ ապահովագրվածի
որդու անունը»,- ասաց Նորա Սարգսյանը: Նրա խոսքերով՝ այս կետը հաճախ քաղաքացիների
մեջ խառնաշփոթ է առաջացնում: Հանձնաժողովը հնարավորություն է տվել քաղաքացիներին
ներկայացնել նման ապացույց, թեեւ իրավական տեսանկյունից դրա ընդունելության հարցը
կարող է վիճելի լինել: Ն. Սարգսյանը կարծում է, որ կեղծիքներ չեն եղել, քանի
որ արդարադատության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը փորձում է ինչ-որ
կերպ զտել, չուղարկել անհիմն դիմումներ: Սակայն եղել են վիճելի դեպքեր. օրինակ՝ երբ
իրարից անկախ քաղաքացիներ հայցադիմում են ներկայացրել միեւնույն անձի վերաբերյալ:
Գործընթացի ընթացքում աշխատանքային խումբը բազմաթիվ հետաքրքիր պատմությունների է
հանդիպել, հավաքել է պատմական արժեք ունեցող տեղեկություններ: «Ամենահետաքրքիրն
այն էր, որ մարդկանց մոտ դեռեւս պահպանված էին 1915 թվականին գրված պոլիսներ: 11
թե 12 քաղաքացի ներկայացրեց դրանք: Կային նաեւ ֆրանսիական, անգլիական, ամերիկյան
ընկերությունների կողմից թողարկված վկայագրեր: Բերում էին նաեւ մի քաղաքացու կողմից
մյուսին տրված մուրհակները՝ գումարի տրամադրման հետ կապված: Հետաքրքիր էր տեսնել
նախկինում նման փաստաթղթերի ոճը»,- փաստեց Նորա Սարգսյանը: «Ամեն ինչ բացատրված է
քաղաքացիներին ուղարկված նամակներում: Հանձնաժողովին գուցե լրացուցիչ ժամանակ անհրաժեշտ
լինի: Նամակում նշված է վեց ամիս: Հնարավոր է՝ այդ ժամանակահատվածը մի քիչ երկարի,
քանի որ հայցադիմումների քանակը մեծ է»,- տեղեկացրեց Նորա Սարգսյանը: Քաղաքացիները
կարող են տեղեկություններ ստանալ հանձնաժողովի ինտերնետային էջից՝ www.armenianinsurancesettlement.com
հասցեով: Կարող են զանգահարել (213) 327-0740 կամ դիմել հանձնաժողովին ֆաքսով՝ (213)
327-0745: Տեղեկացնենք, որ լրացված հարցաթերթիկները փոստային ծառայության կողմից
պետք է դրոշմակնքված լինեն ոչ ուշ, քան 2005թ. նոյեմբերի 7-ին: Տ.
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ