Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում էլ բռնություն կա

Հոկտեմբեր 22,2005 00:00

Երեկ «Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Դադարեցնել
բռնությունը կանանց նկատմամբ» ինտերնետային www.StopVAW.org կայքի եւ Հայաստանի ազգային
էջի՝ www.StopVAW.org/Armenia.html-ի շնորհանդեսը: Կայքի ստեղծման
նախաձեռնությունը պատկանում է «Բաց հասարակության ինստիտուտի» Կանանց ցանցային ծրագրի
եւ Մինեսոտայի «Մարդու իրավունքների պաշտպաններ» կազմակերպությանը: Կայքում ընդգրկված
են տեղեկություններ ընտանեկան, սեռական բռնության եւ հետապնդման, կանանց եւ աղջիկների
վաճառքի մասին: Կայքում ներգրավված է 29 երկիր՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայից,
ԱՊՀ-ից եւ Մոնղոլիան: Այս երկրներից յուրաքանչյուրն ունի իր ազգային էջը, շուտով
պատրաստ կլինի նաեւ Թուրքիայի էջը: Նյութերը հիմնականում անգլերեն են: Մոտ ժամանակներս
դրանք կթարգմանվեն նաեւ ռուսերեն, իսկ հետագայում՝ կայքում ընդգրկված երկրների լեզուներով:
Յուրաքանչյուր երկրի ազգային էջում գործում է նորությունների բաժին: Այս առումով,
ըստ Կանանց իրավունքների կենտրոնի (ԿԻԿ) նախագահ Սուսաննա Վարդանյանի՝ Հայաստանը
գրեթե միշտ առաջին տեղում է: Հաճախ առաջին տեղում ենք նաեւ այցելուների թվով: Ս.
Վարդանյանն ասաց. «Բավական դժվար է անընդհատ ինֆորմացիա ստանալ այս խնդրով զբաղվող
հ/կ-ներից եւ պետական մարմիններից»: ԿԻԿ-ը անցկացնում է մոնիտորինգ՝ ՀՀ 7 թերթերի
շրջանակում, այդ թվում՝ «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» եւ այլն: Թերթերում
տեղ գտած կանանց բռնությունների մասին նյութերը նույնպես թարգմանվում եւ տեղադրվում
են ինտերնետային էջում: Կենտրոնի վեբ-սայթ մոդերատոր Էդիկ Գրիգորյանը նշեց, որ սեպտեմբեր
ամսվա ընթացքում նմանատիպ նյութեր շատ քիչ են հայտնաբերվել: Պատճառը հավանաբար ընտրություններն
են եղել, որոնց թերթերն ավելի շատ են անդրադարձել: Խոսվեց Դուբայում եւ Թուրքիայում
հայ կանանց առեւտրի մասին: Հ/կ-ների ներկայացուցիչների կարծիքով՝ Դուբայում նման
կանանց թիվը հասնում է 1500-2000-ի: Այս կարծիքին համամիտ չէր ԱԳՆ միջազգային կազմակերպությունների
վարչության պետ եւ ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի թրաֆիքինգի հարցերով նախագահ
Վալերի Մկրտումյանը: Ըստ նրա, դեսպանատնից ստացված տվյալների համաձայն, նրանց թիվը
չի գերազանցում 200-ը: Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի կառավարություն ցանկանում
է նվազեցնել այդ թիվը, իսկ հ/կ-ները՝ ընդհակառակը, այն մեծացնում են, ինչն էլ նպաստում
է մեծաքանակ դրամաշնորհներ ձեռք բերելուն: Ըստ Վ. Մկրտումյանի, անցյալ տարի Դուբայից
Հայաստան է վերադարձել թրաֆիքինգի զոհ դարձած 67 կին: Ս. Վարդանյանը նշեց,
որ սայթում իրենց կենտրոնի առաջարկով տեղ են գտնում նաեւ կանանց նկատմամբ կիրառված
բռնությունների իրական դեպքեր: Նա օրինակ բերեց. «ՀՀ հեռավոր գյուղերից մեկում ամուսինը
կնոջը սպառնացել է գցել թոնրի մեջ, եթե հանկարծ լավաշը փչացնի: Այդպես էլ եղել է:
Պատահաբար թոնրի մեջ ընկած լավաշից հետո այնտեղ հայտնվել է կինը: Այրվածքները բուժելուց
հետո կինը հոգեբուժարան է տեղափոխվել: Մի ուրիշ գյուղում ամուսինը երեխաների աչքի
առաջ սափրել է կնոջ գլուխն ու հոնքերը, այնուհետեւ սկեսրոջ հետ ծեծել են նրան ու
ծխախոտով այրել նրա մարմինը»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել