Լրատվամիջոցներին
տեղեկացնում է առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը «Զանգվածային
լրատվամիջոցներ եւ առողջություն» թեման 4-րդ անգամ է դառնում առողջապահության նախարարության
քննարկման առարկան: Այս անգամ այն կարելի է համարել չքննարկված՝ երեկ դրան չէին ներկայացել
լրատվության բոլոր միջոցներն ու բժիշկները, ում համար հատկապես կազմակերպված էր քննարկումը:
Ավելի ստույգ՝ ներկայացել էին ընդամենը մի քանի լրագրողներ, որոնք վաղօրոք տեղեկացված
էին նախարարից շնորհակալագրեր ստանալու մասին, եւ 1-2 բժիշկ, այն էլ՝ կեսից հեռացան:
Փոխարենը առողջապահության ազգային ինստիտուտի հսկա դահլիճը լցրել էին ուսանող բժիշկ-բուժքույրերը՝
նրանք էլ չգիտեին, թե ինչ միջոցառման են մասնակցելու: Նախարարի խորհրդական Ռուսլանա
Գեւորգյանը լրատվամիջոցներին մի քանի անհասցե դիտողություն անելուց հետո, այնուամենայնիվ,
նշեց, որ «արդեն կազմակերպվել է ոլորտից լավ տեղյակ լրագրողների մի բանակ, որոնք
կարող են համակարգի պատասխանատուներ աշխատել»: «Այն, ինչ գրվում է գրիչով, ոչնչով
չես ջնջի, առողջապահության խնդիրների մասին գրելիս պետք է շատ զգույշ լինել, որ ավելորդ
խուճապ չստեղծվի»,- խորհուրդ տվեց փոխնախարար Հակոբյանը, մասնավորապես նկատի ունենալով
թռչնագրիպի մասին հրապարակումները, ինչի հետեւանքով «թռչնաբուծական ինդուստրիան»
ծանր կորուստ է կրում. ոչ մեկը վախից թռչնային ոչինչ չի գնում, նույնիսկ՝ տեղականը:
Այնինչ, «մենք որսորդների եւ գյուղնախարարության տեսչության աշխատակիցների հետ շուրջօրյա
հսկողություն ենք սահմանել, որ սատկած թռչնի որեւէ դեպք՝ ընտանի, թե վայրի, առանց
ուսումնասիրության չմնա»: Քանի որ լրագրողները հակված չէին անդրադառնալ քննարկվող
թեմային, այն վերածվեց ասուլիսի: Փոխնախարարն էլ իր հերթին օգտվեց նրանց ներկայությունից
եւ խնդրեց տեղեկացնել, որ հանրապետությունում ընթանում է վիճակագրական ուսումնասիրություններ՝
առողջության մասին. «Թող որեւէ մեկը չզարմանա, երբ բժիշկներ կգան տուն եւ կչափեն
մեծերի ճնշումը կամ փոքրերի մատից արյուն կվերցնեն»: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ