Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՍ ՓՈՒՌՆ ԻՄՆ Է»

Հոկտեմբեր 22,2005 00:00

Հարկադիրները
սպառնում են վարչապետի խորհրդական Հրանուշ Խառատյանի անունից ՀՀ
քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 26-ին նշանակել է Դոնարա եւ
Ռուբիկ Մկրտչյաններին «ապօրինի զբաղեցրած» տարածքից վտարելու հայցի քննությունը:
Մինչ այդ, դատարանը որոշում է կայացրել կասեցնել վտարումը, քանի որ քաղաքացիները
դատական պաշտպանության իրենց իրավունքից լիարժեք չեն օգտվել եւ հաջորդ նիստն էլ յոթ
սարի ետեւում չէ: Սակայն Նոր Նորքի 6-րդ զանգվածի «Հացի փուռ» տարածքում ապրող Դոնարա
եւ Ռուբիկ Մկրտչյաններին Դատական ակտերի հարկադիր կատարողները հոկտեմբերի 19-ին վտարեցին:
Դ. Մկրտչյանը խնդրում էր 8 հարկադիրներից, որպեսզի իր 69-ամյա մորը եւ 17-ամյա աղջկան
ձեռք չտան, չքաշքշեն, սակայն արդյունքում ինքը ստացավ լուսանկարում պատկերված մարմնական
վնասվածքները: Դ. Մկրտչյանի ընտանիքը, երկու երեխաներով, 1993-ից մինչ օրս
զբաղեցրել է 6-րդ զանգվածի 25 շենքին կից գտնվող նախկին «Լոռի» կոոպերատիվի հացի
փռի երկհարկանի շենքը: Տարածքը Խորհրդային շրջանի ժողդատարանի որոշմամբ ի պահ է տրվել
վերոնշյալ անձանց՝ 27 անուն գույքով եւ իրերով: Քանի տարով՝ նշված չի եղել: Իսկ տարածքը
պատկանել է «Հայաստան» բանկի նախագահ Աշոտ Աբրահամյանին, որի մոտ էլ՝ հացաբուլկեղենի
արտադրամասում աշխատել էին Դոնարան, ամուսինը եւ մայրը: Ինչպես հայտնի է, Աշոտ Աբրահամյանը
դատապարտվել էր ազատազրկման: Արտադրամասը ձերբակալությունից հետո չէր գործել եւ քանի
որ այնտեղ տեղի էին ունենում բազմաթիվ գողություններ, բնականաբար, այն ի պահ են հանձնել
Դ. Մկրտչյանին, որը ոչ միայն պահպանել է այդ տարածքը, այլեւ կատարել որոշակի ծախսեր:
Դ. Մկրտչյանին 2004-ի նոյեմբերի 29-ին ներգրավեցին քաղաքացիական գործով մի
դատաքննության մեջ, որով հայցվոր Նիկոլայ Առաքելյանը պահանջում էր «գույքը ուրիշի
ապօրինի տիրապետությունից ետ վերադարձնել ու ապօրինի զբաղեցրած տարածքից էլ վտարել»:
Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում Նիկոլայ Առաքելյանը, որը
ՀՀ վարչապետի խորհրդական Հրանուշ Խառատյանի եղբայրն է, հայտնել էր, որ այդ շինությունը
համատեղ սեփականության իրավունքով պատկանում է իրեն եւ Իրանի Իսլամական Հանրապետության
քաղաքացի Մելանյա Ղազարյան-Հարթոնյանին: Մինչդեռ «Առավոտի» տրամադրության տակ գտնվող
«Նոր Նորք-6» համատիրության նախագահ Ս. Բոյաջյանի տեղեկանքով՝ Մկրտչյաններն են փաստացի
1993-ից բնակվել «Լոռի» հացի փռի շենքում: Լուսանկարում պատկերված անձնագրային նշումից
էլ տեղեկանում ենք, որ վերոնշյալ տարածքում գրանցվածները Մկրտչյաններն են: Սակայն
դատարանը այս փաստաթղթերի առկայությամբ էլ կայացրել էր Դ. եւ Ռ. Մկրտչյաններին Երեւանի
Նոր Նորքի 6-րդ զանգվածի նշյալ շինությունից վտարման վճիռ: Գլխավոր դատախազությանը
Դ. Մկրտչյանը այս տարվա մարտից նամակներ է ուղարկել իր եւ իր երեխաների անունից՝
գրելով. «Հարկադիրները ինձ սպառնում են Հրանուշ Խառատյանի անունից, ասելով, որ նա
աճուրդով գնել է եւ եթե ես դուրս չգամ, ապա սափրած գլուխներով, ավտոմատով զինված
մարդկանց միջոցով ինձ եւ իմ երեխաներին դուրս կգցեն»: Պետական շահերի պաշտպանության
վարչության պետ Զ. Թադեւոսյանը ապրիլի 28-ին Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ
Գ. Թովմասյանին է ուղարկում Մկրտչյանի դիմումը «բնակելի տարածքից վտարման ընթացքում
թույլ տված անօրինականությունների» վերաբերյալ, խնդրելով արդյունքների մասին հայտնել:
Մինչ օրս հայտնում են: Ուշադրության է արժանի նաեւ վիճող կողմի՝ Նիկոլայ Առաքելյանի
փաստարկը, որը տեղ էր գտել հայցադիմումում. «Շինության նպատակային նշանակությունը
հասարակական է եւ այն նախատեսված չէ բնակության համար»: Սակայն շինության հասարակական
նշանակությունը ինչո՞ւ չնկատեցին 1993-ից մինչեւ դատարան դիմելը՝ 2004-ը, երբ այս
մարդիկ բարեխղճորեն պահպանեցին այն: Քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածով սահմանված
է, որ եթե քաղաքացին, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն 10 տարվա ընթացքում
տնօրինում է բացահայտ, անընդմեջ, բարեխղճորեն, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում
սեփականության իրավունք: Մեր տրամադրության տակ է գտնվում նաեւ անշարժ գույքի առքուվաճառքի
մի պայմանագիր, որը վաճառել է Հրանուշ Սերգեյի Խառատյանը 2004-ի օգոստոսի 31-ին եւ
գնել են Նիկոլայ Սերգեյի Առաքելյանը եւ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող,
Իրանի քաղաքացի Մելանյա Ղազարյան-Հարթոնյանը: Կա նաեւ անշարժ գույքի առքուվաճառքի
2 պայմանագիր, մեկը՝ կնքված 2003թ. հունվարի 16-ին, մյուսը՝ նույն թվականի փետրվարի
2-ին: Պայմանագրի առարկան նույնն է՝ երկհարկանի հացաթխման արտադրամասի շենքը: Գնորդն
էլ նույնն է, վաճառքի գինն էլ նույնը՝ 1.422.600 դրամ: Հիշեցնենք, որ ՀՀ գերագույն
դատարանում Աշոտ Աբրահամյանին պատկանող վերոնշյալ կոոպերատիվի շենքը գնահատվեց 6.000.000
դրամ: Հայցվորները նաեւ հայտարարել էին, որ վիճելի շինությունը ձեռք են բերել աճուրդով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել