Դրանով են սահմանափակվում գյուղապետերի
գիտելիքները սահմանադրական փոփոխությունների մասին Էջմիածնի
եւ հարակից գյուղերի 70 բնակիչների շրջանում «Առավոտի» հարցումները ցույց տվեցին,
որ նրանցից միայն 12-ն են այստեղից-այնտեղից լսել, որ պատրաստվում ենք Սահմանադրության
մեջ փոփոխություններ մտցնել: Հաշվի առնելով, որ Էջմիածինը մայրաքաղաքին շատ մոտ է,
կարելի է պատկերացնել, թե որքանով են դրա մասին տեղյակ հեռավոր ու սահմանամերձ գյուղերում:
«Առանձին կետերին ծանոթ չենք, չենք էլ ուզում ծանոթանալ, շատ էլ պետքներս ա, թե չէ
գործող Սահմանադրությունը մեզ ի՞նչ ա տվել, որ թազեն տա: Ուղղակի քաղաքավարությունից
դրդված հեռուստատեսությամբ լսում ենք՝ իբր լուրերից հետ չմնանք»,- մեր հարցումների
ժամանակ Էջմիածնի «քաջատեղյակներն» այսպես մեկնաբանեցին սահմանադրական փոփոխությունները:
Դրանց մասին խղճուկ տեղեկություններ ունեին նաեւ հարակից գյուղերի գյուղապետերը.
նրանք միայն լսել ու հետաքրքրվել էին այն կետով, որով իրենց լիազորությունները 1
տարով պատրաստվում է երկարաձգվել: Գյուղապետերն իրենց անտեղյակությունը բացատրեցին
համայնքապետի ընտրություններով: «Կետեր կան, որ ծանոթ եմ, բայց, ճիշտն ասած, ժամանակ
չունեմ քննարկումներին հետեւելու: Եթե ընդունվի, մի հատ գիրք կառնեմ՝ կկարդամ: Մենակ
ուրախ եմ, որ գյուղապետի պաշտոնում կլինեմ ոչ թե 3, այլ 4 տարի: Ես կողմ կլինեի նույնիսկ
10 տարի աշխատելուն, որովհետեւ 3 տարում հազիվ հասցնում ենք օրենքները սովորել ու
աշխատանքին ծանոթանալ»,- ասաց Արմավիրի մարզի Ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանը:
Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուրի գյուղապետ Հակոբ Գաբոյանը նույնպես անկեղծորեն խոստովանեց,
որ «ընդհանուր առմամբ ոչ մի հոդվածի մանրամասն ծանոթ չեմ, բայց լավ հոդվածներ կան.
օրինակ՝ մեր լիազորությունները երկարաձգելը շատ ճիշտ քայլ է»: Հովտամեջի գյուղապետ
Արմեն Սարգսյանի դիտարկմամբ՝ «դեռ ահագին ժամանակ կա ծանոթանալու, չգիտենք էլ՝ կփոխվի՞,
թե՞ ոչ»: Խնդիրն այն է, որ շուրջ 2 ամիս տեւած քննարկումներից հետո Սահմանադրական
հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համակարգող խորհուրդը միայն
նոր է որոշել լուսավորել հասարակությանը: Ընդ որում, ըստ խորհրդի քարոզչության բաժնի
ղեկավար Սպարտակ Սեյրանյանի՝ առայժմ պիտի զբաղվեն տեղեկատվական բրոշյուրներ հրատարակելով,
որոնք, հարց է, կհասնե՞ն գյուղացիներին, թե՞ ոչ: Իսկ այն հարցերի պատասխանները, թե
կոնկրետ այս կամ այն փոփոխությունը ի՞նչ նպատակով է արվում, ի՞նչ կտա այն հասարակությանը,
ի՞նչ տարբերություններ կան նախորդի ու նոր տարբերակի միջեւ, նախատեսված է ժողովրդին
բացատրել ավելի ուշ, որովհետեւ դա, ըստ խորհրդի պլանների, «քարոզչության երկրորդ
փուլն է»: Մինչդեռ խորհրդի համակարգող Մհեր Շահգելդյանը օրեր առաջ ճեպազրույցում
հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անեն՝ միջազգային չափանիշներով հանրաքվե անցկացնելու
համար՝ կարեւորելով այն հանգամանքը, որ մոտ երկու տասնյակ քաղաքական եւ մոտ 200 հասարակական
կազմակերպություններ ու մտավորականներ նախագծին արդեն հավանություն են տվել: Գ.
ԲԱԼԱՍԱՆՅԱՆ