Այս կարծիքին է Վրաստանի
նախկին արտգործնախարար Իրակլի Մենաղարաշվիլին Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլու
պաշտոնանկության եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին: –
Ի տարբերություն այլ պաշտոնների, սովորաբար արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում
են հիմնավոր եւ երկար տարիներ՝ գոնե այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվում երկրի արտաքին
քաղաքական ուղղվածությունը կամ պաշտոնանկ չի լինում երկրի ղեկավարությունն իր ողջ
կազմով: Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլուն պարզապես ազատեցին զբաղեցրած
պաշտոնից: Կտա՞ք արդեն տարածված կարծիքներից տարբերվող բացատրություն: – Ես
քիչ տեղեկություններ ունեմ այդ մասին, ուստի կարող եմ իմ որոշ մտքերը հաղորդել: Թեեւ
արտգործնախարարի պաշտոնանկությունը կամ հրաժարականը դժվար թե կարելի է դասել ոչ քաղաքական
իրադարձությունների շարքին, բայց, որքան ես գիտեմ, Սալոմե Զուրաբիշվիլուն զբաղեցրած
պաշտոնից ազատելու մասին Վրաստանի ղեկավարության որոշումը քաղաքական բնույթի չէր:
Դրա անմիջական պատճառը, որքան տեղեկացված եմ, կապված էր Վրաստանի խորհրդարանի եւ
արտգործնախարարության անհամաձայնության հետ, բխում էր նախարարության գործելաոճին,
աշխատանքների կազմակերպման մեթոդներին հավանություն չտալուց: Եթե գործը հասել է նման
արմատական որոշման, ուրեմն աշխատանքի թերացումը պարզապես այլեւս անընդունելի էր այն
խորհրդարանի համար, որտեղ մեծամասնություն են կազմում Վրաստանի նախագահին սատարող
ուժերը: Ըստ էության նկատողությունն ու իրավիճակը բարելավելու մասին պաշտոնական երաշխավորականները
համարվեցին ոչ բավարար միջոցներ: Որքանո՞վ է նման քայլը ճիշտ կամ ինչպե՞ս այս պաշտոնանկությունը
կանդրադառնա Վրաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքների վրա: Կարող եմ ասել, որ
դա երկրի արտաքին քաղաքական գծի փոփոխման չի հանգեցնի, բայց, ըստ էության, կփոխվի
արտգործնախարարության ներկազմակերպական կյանքը: – Ինչպե՞ս եք մեկնաբանում
այն հանգամանքները, որ առաջին՝ իր պաշտոնանկությունից հետո նախկինում հանրային քաղաքականությամբ
չզբաղված գործիչը մարդկանց բողոքի ցույցի է հրավիրում եւ անում է քաղաքական սուր
հայտարարություններ, եւ երկրորդ՝ հաջորդ օրը Թբիլիսիի փողոցներ են դուրս գալիս բազմաթիվ
մարդիկ՝ մի գործչի կոչով, որը լայն հանրության հետ նախկինում առնչություններ չի ունեցել:
Դարձյալ գործում է ոչ թե «հանունի», այլ «ընդդեմի» սինդրո՞մը: – Ընդհանրապես
շատ են սպեկուլյատիվ խոսակցություններ վարում այդ «հանունի եւ ընդդեմի» շուրջ: Վրաստանի
ղեկավարության ներսում զարգացող գործընթացները հիմք չեն տալիս խոսելու ապագայում
պառակտման կամ այլ լուրջ բարդացումների մասին: Սա ավելի շատ զգացմունքների ալեկոծում
էր, եւ միանգամայն հնարավոր է, որ ամեն ինչ հենց հոկտեմբերի 20-ի ցույցով էլ ավարտվի:
Սա, ցավոք, նաեւ վրացական հանրային քաղաքականության ոգուն համահունչ մի բան էր: Լինում
են նման ալեկոծումներ, որոնցից քիչ բան է սովորաբար հետեւում: Այս պահի դրությամբ
Վրաստանում ստեղծված քաղաքական կառույցի կայունությունը կասկածի տակ դնելու հիմք
ես չունեմ: Ինչ մնում է հարցին, թե ինչո՞ւ տիկին Զուրաբիշվիլին նման քայլ ձեռնարկեց,
ապա ես էլ եմ շատ դժվարանում դրան պատասխանել: Ինձ համար էլ նրա ցույց հրավիրելը
անսպասելի էր, նա մի մարդ է, որի մասին ես այլ պատկերացում ունեի: ԼԱՈՒՐԱ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am