Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԾԻ ԿՌԻՎՆ ԱՐԺԵՑԱՎ ԳՆԴԱՊԵՏԻ ԿՅԱՆՔ

Հոկտեմբեր 22,2005 00:00

ԳԾԻ
ԿՌԻՎՆ ԱՐԺԵՑԱՎ ԳՆԴԱՊԵՏԻ ԿՅԱՆՔ Հոկտեմբերի 18-ին, ժ. 20:00-ի
սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին հայտարարություն է տվել Բազմաբերդ գյուղի
բնակիչ Պավլիկ Աշոտի Խաչատրյանը՝ ծն. 16.01.62թ., այն մասին, որ նույն օրը, ժ.19:00-ի
սահմաններում, Երեւան-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ ՊՆ վարչական շենքից քիչ
հեռու, տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր քրոջ ամուսնուն՝ Աշոտ Վռամի Միքայելյանին՝
ծն. 06.08. 1962թ., բնակվում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, դանակահարել է իրեն
անհայտ մի երիտասարդ: Ա. Միքայելյանը տեղափոխվել էր «Արմենիա»
բժշկական կենտրոն, որտեղից էլ ոստիկանությանը տեղեկացրել էին, որ նա գիտակցության
չգալով մահացել է: Մեր տեղեկություններով՝ Ա. Միքայելյանը ՊՆ համակարգի աշխատակից
է, ունեցել է գնդապետի կոչում: Երեկ մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց նաեւ
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ գնդապետ Սեյրան Շահսուվարյանը՝ հավելելով մեկ ճշտում. Ա. Միքայելյանը
անցել էր պահեստազորի տրամադրության տակ: Հոկտեմբերի 20-ին ձեռնարկված օպերատիվ-քննչական
միջոցառումների արդյունքում Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասի իր տանը՝ շ. 6,
բն. 53, հայտնաբերվել եւ Ա. Միքայելյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Բաբկեն
Ազատի Առաքելյանը՝ ծն. 18.06.1966թ: Արագածոտնի մարզի դատախազությունում հարուցվել
է քրգործ, կատարվում է նախաքննություն: Ըստ որոշ տեղեկությունների, սակայն, նկատի
ունենալով սպանվածի զինվորական լինելու հանգամանքը, հավանական է, որ վարույթը փոխանցվի
զինվորական դատախազություն: Ինչ վերաբերում է սպանության շարժառիթներին,
մեր ոչ պաշտոնական տեղեկություններով, տեղի ունեցած բանավեճի, ապա նաեւ՝ սպանության
դրդապատճառը եղել է Երեւանից Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ մեկնող թիվ 114 երթուղային
գծին տիրանալը: Այս իմաստով շոշափվում է նաեւ ՊՆ-ի N բանակային կորպուսի հրամանատար,
գեներալ-մայոր Լյովա Երանոսյանի՝ «Պուզա Լյովա», անունը: Ըստ որոշ տեղեկությունների,
հիշյալ երթուղային գծին տիրանալ ցանկացողը հենց նա է եղել, բայց «բանակցություններ»
է վարել Բ. Առաքելյանը: Ըստ որոշ տեղեկությունների, կռվի մեջ ներքաշված են եղել Կամո,
Արսեն, Արայիկ, Գեւորգ անուններով մի քանի մարդ, որոնց մի մասը եւս ՊՆ համակարգի
նախկին աշխատողներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել