Ընտրություններ՝
առեւանգմամբ, կեղծ փաստաթղթերով եւ արգելված քարոզչությամբ Հոկտեմբերի
16-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների նախնական
արդյունքներով՝ 150 ձայնի տարբերությամբ քաղաքապետ էր ընտրվել Արմեն Սանթրոսյանը:
Վերջինս նախնական տվյալներով հավաքել էր 4040, իսկ նրա մրցակից, գործող քաղաքապետ
Ժորա Սահաբալյանը՝ 3915 քվե: Գործող քաղաքապետի վստահված անձինք դիմել էին թիվ 41
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով ստուգել տեղամասերի քվեարկության
արդյունքները: Նույն օրը ԸԸՀ-ն սկսել էր բացել բոլոր 10 տեղամասերի քվեարկության
փաթեթները. արդյունքները, որը հինգշաբթի, որպես վերջնական արդյունք, հրապարակվել
է ՀՀ ԿԸՀ կողմից, գրեթե անփոփոխ են մնացել. թեկնածուների ձայների տարբերությունը
դարձել է 110, իսկ ստացված քվեները բաշխվել են՝ Ա. Սանթրոսյան՝ 4020, Ժ. Սահաբալյան՝
3910: Բայց այն, ինչ տեղի է ունեցել ընտրություններից առաջ եւ դրա ընթացքում,
նույնիսկ ձայների հաշվարկումից հետո շատ համահունչ է ՀՀ այլ մարզերում ու քաղաքներում
տեղի ունեցած ընտրություններին: Դիլիջանում էլ եղել են ընտրական տեղամասեր, որտեղ,
հակառակ «Ընտրական օրենսգրքի» պահանջների, ընդգրկված է եղել մոտ 2300 ընտրող: «Մարդու
իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը», որն իր 15 ներկայացուցիչներով դիտորդական
առաքելությամբ եղել էր այս քաղաքում, մի շարք ընտրախախտումներ էր արձանագրել: Երեկ
մեր զրույցի ժամանակ կազմակերպության նախագահ Անյա Հակոբյանը վկայեց, որ քաղաքի ու
մարզային իշխանություններն իրենց վարչական ռեսուրսները կենտրոնացրել էին գործող քաղաքապետի
ընտրության ուղղությամբ: Ընտրությունների նախօրեին եղել էր նաեւ առեւանգման դեպք:
Գործող քաղաքապետի կողմնակիցները ստիպողաբար իրենց ավտոմեքենան էին նստեցրել թեկնածու
Ա. Սանթրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկին եւ կենտրոնական փողոցներով
ավտոմեքենայի ազդանշանը միացրած մի քանի ժամ շրջել էին՝ թերեւս ցույց տալու համար,
թե ինչ կարող է լինել նրանց հետ, ով քաղաքապետի հետ չէ: Այլ խախտման մասին եւս վկայեց
Ա. Հակոբյանը: Ըստ նրա, քաղաքապետարանի աշխատակիցները, ավելին՝ քաղաքապետի տեղակալը,
ֆինբաժնի պետը, ընդգրկված են եղել տեղամասային հանձնաժողովներում: Այս եւ
«ԸՕ» դրույթների այլ խախտումների վերաբերյալ Ա. Սանթրոսյանի վստահված անձ Ջհանգիր
Մնացականյանը հետեւողականորեն ահազանգել էր եւ թիվ 41 ԸԸՀ-ին, եւ ՀՀ ոստիկանության
Դիլիջանի բաժնի պետ Ա. Բիչախչյանին, եւ ՀՀ ԿԸՀ-ին, նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանության
հայկական կենտրոնին»: Բայց բանը, ի վերջո, հասել էր Տավուշի մարզի 1-ին ատյանի դատարան:
Վստահված անձը մատնանշելով «ԸՕ»-ի խախտումները՝ ըստ համապատասխան հոդվածների, ներկայացրել
էր, որ քաղաքապետն ընտրարշավ է իրականացնում իր աշխատանքային ժամերին, այդ պարտականություններին
զուգահեռ, որ նա մինչեւ ընտրությունների օրը անգամ նախընտրական հիմնադրամ չուներ
եւ հետեւաբար նաեւ չուներ այդ նպատակով բացված բանկային հաշիվ, ինչը հաստատել էր
նաեւ թիվ 41 ԸԸՀ նախագահ Արազբեկ Սարգսյանը: Վստահված անձը դատարանին ներկայացրած
իր հայցում նշել էր նաեւ, որ թեկնածու Ժ. Սահաբալյանի քարոզչական պաստառների, որոնց
վրա պատկերված է ՀՀ դրոշը, եւ քարոզչական տպագիր նյութերի վրա չկան տպագրող կազմակերպության
եւ տպաքանակի մասին տեղեկություններ: Ի վերջո, դատարանը քննության էր առել նշված
փաստերն ու եզրակացրել, որ դրանք համապատասխանում են իրականությանը, հանդիսանում
են ՀՀ օրենսդրության խախտումներ, սակայն չէր բավարարել Ջ. Մնացականյանի հայցը՝ ուժը
կորցրած ճանաչել Ժ. Սահաբալյան-թեկնածուի գրանցումը՝ պատճառաբանելով, թե պատշաճ հայցվոր
չլինելու պատճառով հայցը չի կարող բավարարվել: Ավելի «պատշաճ հայցվոր» տվյալ դեպքում,
ըստ գործող «ԸՕ»-ի, համարվում է ԿԸՀ-ն, որը անպատասխան էր թողել իրեն ուղղված նույն
վստահված անձի՝ 10.10. 2005թ. նույնաբովանդակ գրությունը: Այդուհանդերձ, ընտրությունները
կայացել էին, եւ իրավապաշտպան Ա. Հակոբյանի մատուցմամբ, մեծ մասամբ իրենց դիտորդների
աչալրջության շնորհիվ ընտրական տեղամասերից որեւէ մեկում, որտեղ, նրա ասելով, հրահանգներ
էին տալիս բացառապես գործող քաղաքապետին աջակցող հանձնաժողովականները, չնայած ՏԸՀ-ներում
եղած տրամադրություններին, ընտրախախտումներ անել հնարավոր չէր եղել: Սակայն թիվ 41
ԸԸՀ նախագահ Ա. Սարգսյանը ընտրությունների արդյունքների վերահաշվարկից հետո հենց
ԸԸՀ հանձնաժողովի անդամների, թեկնածուների վստահված անձանց ու դիտորդների ներկայությամբ,
ըստ Ա. Հակոբյանի, խոստացել էր դիմել դատախազություն՝ վերահաշվարկի ժամանակ որպես
Ժ. Սահաբալյանի վստահված անձ ներկայացած, ԿԸՀ նախկին քարտուղար Աննա Ալեքսանյանի
կեղծ փաստաթուղթ ունենալու եւ ներկայացնելու փաստի առիթով: Բանն այն է, որ Ա. Ալեքսանյանը
մինչ այդ չլինելով ԸԸՀ-ում գրանցված վստահված անձ, վերահաշվարկի օրը ներկայացել էր
որպես այդպիսին՝ ունենալով թեկնածուի վկայականի վրա թիվ 41 ԸԸՀ-ի կնիքը (ԸԸՀ նախագահը
պնդել էր, որ կնիքը ինչ-որ մեկը գողացել է ու կնքել վկայականը), ԸԸՀ նախագահի կեղծ
ստորագրությամբ, որը լրացրել էր Դիլիջանի փոխքաղաքապետ Ավթանդիլ Մարկոսյանը: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ