Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեռնացում

Հոկտեմբեր 21,2005 00:00

Մոդեռնացում եւ ինքնատիպություն Մենք՝ վրացիներս, վաղուց ենք հպարտանում, որ հնագույն եվրոպացիներ ենք: Այնքան հին, որ եվրոպացի էինք դեռեւս այն ժամանակ, երբ ողջ աշխարհում անմիտ կյանք էին վարում միայն հոմոսափիենսների հեռավոր բարեկամները՝ նեանդերթալցիները: Մի՞թե այդ մասին չեն վկայում հենց մեզ մոտ, Վրաստանում հայտնաբերված նրանցից երկուսի՝ Զեզվայի եւ Մզիայի ծնոտոսկրերը: Բայց սա կատակ է: Իսկ եթե լուրջ խոսենք, ապա խնդիրը հետեւյալն է. կարելի՞ է լինել վրացի, կամ ընդհանրապես կովկասցի, եւ միաժամանակ եվրոպացի, այսինքն՝ արեւմտյան քաղաքակրթության ներկայացուցիչ: Քաղաքակրթություն, որն ուղղակիորեն կապված է այնպիսի հիմնարար գաղափարների հետ, ինչպիսիք են մոդեռնն ու մոդեռնացումը: Կա՞, արդյոք, նման այլընտրանք՝ Կովկաս եւ մոդեռն: Բացառո՞ւմ են, արդյոք, նրանք միմյանց, հակասո՞ւմ են: Արդյո՞ք կովկասյան էությունից հրաժարումը, ինչն ընկալվում է որպես մեր ինքնությունը, մոդեռնացման պարտադիր պայման է: Ըստ էության, փորձը հակառակն է վկայում: Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի մոդեռնացման անցած ճանապարհը չվնասեց նրանց ինքնությանը: Մոդեռնացման նախնական փուլում գտնվող բրազիլացիները չեն պատրաստվում հրաժարվել սամբայից կամ իրենց անկրկնելի ֆուտբոլից, իսկ միջուկային զենք ունեցող եւ, փաստորեն, արդեն մոդեռնացված Հնդկաստանը երես չթեքեց ավանդական Ուպանիշադից եւ Ռիհվեդայից: Եվ, այնուամենայնիվ, մոդեռնացման նկատմամբ ավանդական հասարակության վախը դեռեւս մեծ է, եւ ոչ մի դրական օրինակ այն փարատել չի կարող: 20-րդ դարավերջի այնպիսի կարեւոր իրադարձություն, ինչպիսին Իրանի իսլամական հեղափոխությունն էր, հենց բնութագրում է ավանդական հասարակության վերաբերմունքը մոդեռնացման գործընթացի նկատմամբ, որը նրան պարտադրվում էր վերեւից: Եվ դա զարմանալի չէ: Մոդեռնացումը փոխում է ոչ միայն արժեքների համակարգը, այլեւ մարդկանց կենսակերպը, այն ամենը, ինչը փիլիսոփաներն անվանում են «լինել աշխարհում»: Մարդը ստիպված է այլ կերպ ընկալել մյուս մարդկանց, ծնողներին, ընտանիքը, բնությունը, աշխատանքը, մահը, անցնել ժամանակային այլ ռիթմի, փոխել տարածության սովորական ընկալումը: Բնական է, որ այդ գործընթացն ավելի ցավոտ է այն երկրներում, որոնց բնակչության մեծամասնությունն ագրարային է: Գյուղերում, միանգամայն հասկանալի պատճառներով, մարդկանց գիտակցության մեջ ավելի խորն են նստած ավանդական արժեքները, քան քաղաքներում: Սակայն լիարժեք եւ արդյունավետ մոդեռնացման համար անհրաժեշտ է, որ այդ գործընթացը ներառնի ողջ հասարակությանը: Հակառակ դեպքում մենք կստանանք այն արդյունքը, որն այդքան բնորոշ է երրորդ երկրներին. այսինքն, երբ բնակչության 5% չանցնող արեւմտականացված վերնախավին հակադրվում է ավանդական մեծամասնությունը՝ մոտ 95%-ը: Սկզբունքորեն Կովկասն այդ իմաստով ինչ-որ մի առանձնահատուկ տարածաշրջան չէր դառնա, եթե չլինեին մի քանի գործոններ. Կովկասը շատ մոտ է Եվրոպային: Մնացած ոչ մոդեռնացված հասարակությունների շարքում, Բալկաններից հետո, Կովկասն ամենից մոտն է Եվրոպային: Կովկասում, հատկապես նրա հարավային մասում, միշտ զգացվել է Եվրոպայի ազդեցությունը: Հիմա, երբ Բալկանների եվրոպականացման, հետեւաբար նաեւ մոդեռնացման, գործընթացը մոտենում է իր ավարտին, առաջին տարածաշրջանը, որին կպատի դրա ալիքը, Կովկասն է լինելու: Իրենց ողջ պատմության ընթացքում կովկասյան ժողովուրդները բազմիցս բախվել են ինքնությունից բռնի զրկվելու փորձերի, իսկ երբեմն նաեւ ամբողջ ժողովրդի բնաջնջման հետ, ինչպես դա եղավ ուբիխների դեպքում: Խորհրդային Միության պաշտոնական ազգային հայեցակարգը նպատակ ուներ ձեւավորելու պատմական նոր հանրություն՝ խորհրդային ժողովուրդ, որտեղ ազգային ինքնատիպությունը տեղ չուներ: Ասիմիլյացիայի քաղաքականությունը գիտակցաբար թե անգիտակցորեն հանգեցրեց այն բանին, որ այդ ժողովուրդները մոդեռնացման ցանկացած փորձ ընկալում են որպես իրենց ազգային ինքնատիպությունը վտանգող մի բան: Սրանով կովկասյան ժողովուրդները տարբերվում են, ասենք, նիգերիացիներից կամ ինդոնեզիացիներից, որոնց հետ հարաբերություններում գաղութատերերը (համապատասխանաբար՝ Մեծ Բրիտանիան եւ Հոլանդիան) նիգերիացիներին անգլիականացնելու կամ ինդոեզիացիներին հոլանդականացնելու միտք անգամ չեն ունեցել: Ճիշտ է, Խորհրդային Միությունը բռնապետական ճանապարհով, բայց ինչ-որ չափով կարծես իրականացրեց Կովկասի մոդեռնացումը. քաղաքները ինդուստրիալիզացվեցին, բնակչությունը դարձավ գրաճանաչ, գոյացավ տեղական հումանիտար եւ տեխնիկական մտավորականությունը: Աստիճանաբար թույլ տրվեց չափավորված հայրենասիրությունը (ասենք, ի տարբերություն 20-ական թվականների, Իլյա Ճավճավաձեն արդեն չէր համարվում «բուրժուա ազգայնական»): Թեեւ խիստ չափավոր, բայց այնուամենայնիվ պետության ներսում լեգալ կարգավիճակ ստացան ավանդական հավատքները: Ինչ-որ ձեւով թույլատրելի դարձան նույնիսկ ավանդական արժեքները: Բայց այս ամենն իրականացվեց առանց մոդեռնացման հիմնական սկզբունքը հաշվի առնելու՝ տեղի չունեցավ հասարակության եւ նրա սոցիալական ինստիտուտների մոդեռնացումը: Բռնապետական ռեժիմի շրջանակներում, ելնելով նրա իսկ բնույթից, ոչ մի նման բան չէր էլ կարող տեղի ունենալ: Արդյունքում ստացանք կիսով չափ մոդեռնացված ինչ-որ մի հասարակություն: Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած իրադարձությունները կտրուկ փոխեցին իրավիճակը Կովկասյան լեռնաշղթայի երկու կողմերում: Տեղի ունեցավ ապաինդուստրալացում, բնակչության մեծ մասի արտագաղթ, եւ, որ պակաս կարեւոր չէ, միանգամից բռնկվեցին բազմաթիվ պատերազմներ: Գործընթացները հատկապես ցավոտ էին Հյուսիսային Կովկասում: Դա պայմանավորված էր ֆեդերալ կենտրոնի անհամապատասխան քաղաքականությամբ, տնտեսական գործոններով (ասենք՝ գործազրկության անսովոր բարձր մակարդակով, գյուղական վայրերում մշակվող հողերի պակասով), ժողովրդագրական պայթյունով եւ ավանդական ինստիտուտների՝ նոր սպառնալիքիներին պատասխան տալու անկարողությամբ: Արմատական բնույթի իսլամական հոսանքների առաջացումը բացատրվում է ոչ թե ավանդականության պատճառներով, այլ ապասոցիալականացմամբ (պրակտիկորեն սոցիալական կարգավորման բոլոր ձեւերի անհայտացմամբ եւ բոլոր մակարդակների սոցիալական ինստիտուտների փլուզմամբ): Այս ամենին նպաստում է նաեւ Ռուսաստանի ֆեդերալ կենտրոնի քաղաքականությունը, որը կրակի մեջ ոչ թե յուղ, այլ պայթուցիկ խառնուրդ է լցնում: Ստեղծված պայմաններում Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ինքնատիպությանը սպառնում է ոչ թե մոդեռնացումը (ինչը նման իրավիճակում պարզապես չի կարող տեղի ունենալ, քանի որ դրա համար անհրաժեշտ է կայուն եւ հանգիստ իրավիճակ), այլ արդեն նշված ամբողջ սոցիոմշակութային համակարգի փլուզումը: Փոքր-ինչ այլ իրավիճակ է ստեղծվել Հարավային Կովկասում: Ճիշտ է, կոնֆլիկտներն ու սոցիալական ինստիտուտների փլուզումը չշրջանցեցին այս տարածաշրջանը, բայց այստեղ ամեն ինչ այդքան ծանր ձեւեր չընդունեց, որքան Հյուսիսային Կովկասում: Ինչ խոսք, այստեղ էլ մենք գործ ունենք ստագնացիայի (լճացում) եւ բնակչության մեծ արտահոսքի հետ, բայց սոցիոմշակութային համակարգի փլուզումը՝ նրա բիֆուրկացիան (երկատում) դեռեւս այն բնույթի չէ, երբ նշված համակարգերը, որպես ապասոցիալականացման երաշխիքներ, արդեն չեն գործում կամ ունակ չեն գործելու: Այս մասին է վկայում թերեւս այն հանգամանքը, որ, չնայած քաղաքական ներկապնակի անսովոր բնույթին, Հարավային Կովկասում դեռեւս չեն կարողացել առաջանալ ուժեր, որոնք ունակ են գաղափարական եւ քաղաքական բովանդակություն հաղորդելու ապասոցիալականացման գործընթացին եւ բացեիբաց պայքարի մեջ մտնելու գոյություն ունեցող սոցիոմշակութային ինստիտուտների հետ (ինչպես, օրինակ, Հյուսիսային Կովկասում սալաֆիտների շարժումն է): Սակայն գոյություն ունեցող ստագնացիան կարող է վաղ թե ուշ տարածաշրջանի երկրներում առաջ բերել այնպիսի խնդիրներ, որոնք առկա են Հյուսիսային Կովկասում, եւ դառնալ ինքնատիպության սպառնալիք. հանգամանք, որը որպես այդպիսին կարող է եւ չընկալվել: Մի խոսքով, ստեղծվում է հակասական մի իրավիճակ: Բնակչության մեծ մասը կարծում է, որ այսօր գոյություն ունեցող ինքնատիպության ձեւերի հիմնական սպառնալիքը մոդեռնացումն է, այն դեպքում, երբ իսկական վտանգը գալիս է ապասոցիալականացումից եւ սոցիոմշակութային ինստիտուտների փլուզումից: Այդ ապասոցիալականացումից մեզ կարող է պաշտպանել միայն մոդեռնացումը, այլ ոչ թե ներկա իրավիճակի արհեստական սառեցումը: Այն, ինչը բնակչության մեծ մասն ընկալում է որպես վտանգ, իրականում փրկություն է: Սա է մոդեռնացման առեղծվածը: Համենայնդեպս, Հարավային Կովկասում քայքայիչ սոցիոմշակութային գործընթացների պարագայում ինքնատիպության պահպանման միակ երաշխիքը մոդեռնացումն է: Գլխավորն այն է, որ Հարավային Կովկասի ժողովուրդներն ու առաջնորդները կամք ունենան մոդեռնացումն իրականացնելու համար: Չէ՞ որ ակնհայտ է, որ ստագնացիան ի վերջո կհանգեցնի ազգային ինքնատիպությունը երաշխավորող ինստիտուտների լիակատար փլուզմանը: ԿԱԽԱ ԿԱՑԻՏԱՁԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել