Լրահոս
Օրվա լրահոսը

Աթարը

Հոկտեմբեր 21,2005 00:00

Աթարը որպես «Մայրենիքի» հիմք Այսօր ամերիկաբնակ արվեստագետ Սահակ Պողոսյանը «Գեւորգյան» ցուցասրահում կներկայացնի «Մեր բոլորի մայրենիքը» ինստալացիան: Տեղեկացնենք, որ ինստալացիան որպես արեւմտյան ժամանակակից արվեստի ժանր, ի հայտ է եկել անցյալ դարի 70-ականներին: Այստեղ առաջ է քաշվում միջավայրի օգտագործման խնդիրը՝ առարկաների ու միջավայրի կապի միջոցով: Ս. Պողոսյանը այս կերպ ներկայացնում է Հայաստանի տարածքի գաղափարը որպես Մայր հայրենիք («մայրենիք» ձեւակերպմամբ)՝ աթարի մեջ չորս «վիշապաքարերի» տեղադրումով, որոնք, ըստ արվեստագետի, ժողովրդի ծոցից դուրս եկած հերոսացած գաղափարներն են (սկզբում՝ կուռքեր, հետո՝ աստվածներ, այնուհետեւ՝ ժողովրդական հերոսներ), որոնք միշտ հակասության մեջ մտնելով՝ առաջընթաց են ստեղծում: «Մայրենիք» ինստալացիան պատկերում է դարերի խորքից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածի անընդհատ զարգացումը: «Առավոտի» հետ զրույցի սկզբում արվեստագետը հայտնեց, որ «աթարը ժողովրդական ֆենոմեն է», որի մեջ մենք՝ հայերս միշտ ապրել ենք ու միշտ չսիրելով՝ առնչվել: Ըստ նրա, աթարի մշտական առկայությունը մեր կյանքը վերածել է մի վիճակի, երբ մշտապես մտածել ենք փոխել իրականությունը, սակայն շարունակել ենք ու պիտի շարունակենք ապրել այդ իրականության մեջ: Արվեստագետն «արդարացնելով» իր նախասիրությունն, ասաց. «Երբ ինքնաթիռից նայում ես Հայաստանին, գույնի իմաստով օխրա մասսա է ողջ տարածքը, ֆորմայի իմաստով՝ վիշապաքարի է նման: Եթե հնարավորություն ունենայի՝ Գորիսից վիշապաքարեր կբերեի այստեղ կցուցադրեի: Դրանք մեր ցեղի նախնական շրջանի կուռքերն էին, որոնք հասնելով մեր ժամանակներ՝ լավագույնս բնորոշում են հայերին»: Կանխազգալով հայ արվեստասերների հնարավոր զարմանքը՝ «աթարական» ժամանակակից արվեստի հանդեպ, Ս. Պողոսյանը խնդրեց թերթի միջոցով արվեստասերներին նախապես փոխանցել հետեւյալը. «Այսօր հայ հասարակության համար ինչպես ինստալացիան, այնպես էլ արվեստի այլ ուղղություններ դժվար ընդունելի են… թերեւս այն պատճառով, որ պետությունը չի ստեղծել կրթական համակարգ, ինչը ժողովրդին կհասցներ արվեստի գործերն ընկալելու միջին գրագիտության: Առանձին անհատներ միգուցե կարողանում են առնչվել ինստալացիային, սակայն հասարակությունը շարունակում է իր արժեքները համարել դոգմատիկ-դասական տեսանկյունից ընդունելի գործերը, ինչը, ի վերջո, հենց նույն հասարակությանը հասցնում է մի անտարբերության, որը նրան թույլ չի տալիս զարգանալ»: Հարցին՝ թե ինքը կարո՞ղ է առաջարկել «ոչ դոգմատիկ» արվեստի զարգացման ծրագիր, Ս. Պողոսյանը հայտնեց հետեւյալը. «Հայաստանում մարդը մշակույթի նախարար կամ մշակույթի բաժնի վարիչ է դառնում առանց գաղափար ունենալու, թե ինչ է մոդեռնիզմը: Օրինակ՝ Ամերիկան կուլտուրայի նախարարություն չի պահում, փոխարենը ֆոնդեր է ստեղծում: Հայաստանում այդ ֆոնդերի մոդելը չի ստեղծվի եւ եթե ստեղծվի էլ, չի կարող պահպանվել, որովհետեւ կան օլիգարխներ, որոնց միջոցներից միշտ կսնվեն այդ ֆոնդերը: Իսկ օլիգարխներն արվեստից հեռու լինելով, գլխավորը երկրորդականից չեն տարբերակի: Նույն Ամերիկայում կառավարությունը պատվեր չի տալիս, այլ արվեստագետն է պրոյեկտ ներկայացնում, որն էլ դառնում է մշակութային արժեք»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել