Լրահոս
Օրվա լրահոսը

Շնչողներին՝

Հոկտեմբեր 21,2005 00:00

Շնչողներին՝ ավետիս, վարորդներին՝ գույժ Կառավարությունը որոշել է արգելել առանց մաքրիչների մեքենաների շահագործումը Մինչ այսօր Հայաստան հիմնականում ներկրվել են արտասահմանում մթնոլորտն աղտոտելու պատճառով գործածությունից դուրս եկած ավտոմեքենաներ: Դրանք անարգել ներմուծվել են մեր երկիր, որովհետեւ շահագործումն արգելող որոշում չենք ունեցել: Մի քանի տարի առաջ էլ, երբ Վրաստանում ուղեւորափոխադրումներ անելու նպատակով անվտանգության նորմերին չհամապատասխանելու համար արգելեցին «ՌԱՖ» մակնիշի մեքենաների շահագործումը, դրանք եւս բերվեցին Հայաստան՝ անարգել տեխզննում անցան, դեղին պետհամարանիշ ստացան եւ սկսեցին ուղեւորներին սպասարկել: Արդյունքում՝ վերջին տարիներին ականատես եղանք երթուղայինների մի շարք ավտովթարների, որոնք, ինչպես պարզվում էր, տեղի էին ունենում մեքենաների տեխնիկական վատ վիճակի պատճառով: Միայն նախորդ տարի հանրապետություն ներկրվել է, մեր տեղեկությամբ, 17 հազար ավտոմեքենա. աննախադեպ այդ թիվը գրանցվել է ի հաշիվ տաքսի սերվիսների եւ երթուղային նոր ուղեւորագծերի համար ներկրված մեքենաների: Թե դրանցից որքանը չունեն մթնոլորտը աղտոտումից պաշտպանող չեզոքացուցիչներ՝ Մաքսային պետական կոմիտեից չհաջողվեց ճշտել: Չպարզաբանվեց նաեւ, թե ներկրման ժամանակ ավտոմեքենաների չեզոքացուցիչ ունենալ-չունենալը կոմիտեում գրանցվո՞ւմ է, թե՞ ոչ: Վարչապետի որոշմամբ՝ 2006 թ. հունվարի 1-ից կարգելվի հանրապետություն ներկրել առանց չեզոքացուցիչի ավտոմեքենաներ: Երեկ այս մասին կառավարության ճեպազրույցում հայտնեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Նա նաեւ ասաց, որ այսուհետեւ ավտոտրանսպորտային միջոցների վնասակար արտանետումները չափելու համար Երեւանում եւ մարզերում ստեղծվելու են չափիչ կետեր: Դրանք «կչափեն» բոլոր մեքենաները եւ նորմային համապատասխանելու դեպքում կտան կտրոն, առանց որի չի թույլատրվի տեխզննում անցնել: Փոխնախարարի տվյալներով՝ այսօր Երեւանում ավտոտրանսպորտի վնասակար արտանետումները կազմում են ընդհանուր արտանետումների 90 %-ը: Կառավարությունն արդեն հաստատել է մթնոլորտն աղտոտող նյութերի ցանկը. դրանք են՝ ածխածնի օքսիդը, ածխաջրածինները եւ այլն: Անձնական օգտագործման ավտոմեքենաները պետք է ստուգվեն տարին մեկ, իսկ հասարակական տրանսպորտի միջոցները՝ երկու անգամ: Ս. Պապյանի ներկայացմամբ՝ «չափիչ» կետեր կարող է ստեղծել ցանկացած տնտեսվարող սուբյեկտ: Ակնհայտ է, որ սա շահութաբեր բիզնես է լինելու, սակայն երբ լրագրողներից մեկը նկատեց, որ «դժվար թե այս դաշտում մրցակցություն լինի, մենաշնորհն անխուսափելի է», փոխնախարարը հավաստիացրեց, թե ամեն ինչ անում են, որ դաշտը չմոնոպոլացվի: Թե այս նոր ծառայությունը վարորդին ինչ կարժենա՝ կառավարությունը չէր նախահաշվարկել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել