Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉՄԵՐՈՒԿԸ

Հոկտեմբեր 21,2005 00:00

ԽԱՉՄԵՐՈՒԿԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԶՈՒԳԱՐԱՆ Կառուցապատողը վնասել է թաղամասի կոյուղին 16-րդ թաղամասի Շիրազի եւ Մազմանյան փողոցների խաչմերուկում, մոտակա շենքերի բնակիչների պատմելով, մոտ 10 օր առաջ ինչ-որ բանվորներ են եկել ու սկսել փորել: Մինչ այդ, երբ կապույտ պաստառներով պատսպարել են տարածքը, բնակիչների անհանգստությանը, թե ի՞նչ եք պատրաստվում կառուցել, շինարարները պատասխանել են՝ «էս ժողովուրդը յաման պանիկյոր ա, այ մարդ, ոչ մի բան էլ չենք կառուցում, ձեր ջրի տրուբաներն ա պայթել, դրանք ենք սարքում»: Ամեն դեպքում՝ բնակիչներին խիստ զարմանալի է թվացել, թե ջրի խողովակները նորոգելու համար ինչո՞ւ պիտի տարածքը պարսպապատեին: Բացի այդ, իրենք ջրամատակարարման խնդիրներ չեն ունեցել: Երկու օր անց, երբ շինարարներն արդեն մոտ մեկ մետր փորել են, պատահաբար վնասել են այդ տարածքով անցնող թաղամասի կոյուղու խողովակները, բնականաբար կեղտաջրերը լցվել են փոսի մեջ ու գործը, մեղմ ասած, «հարամվել» է: Արդեն պարզ էր, որ բանվորները բնավ էլ «Ջրմուղկոյուղու» աշխատակիցները չէին ու ոչ մի ջրի խողովակ էլ չէին փոխում, որովհետեւ խոչընդոտին՝ կոյուղագծերին հանդիպելուց 1 օր հետո հենց այդպես թողել են փոսը, վերցրել իրենց կապույտ ցելոֆաններն ու տեղադրելով դրանք մոտ 15-20 մետր հեռու գտնվող մեկ այլ տարածքում, սկսել են հիմա էլ այդտեղ փորել: Բայց, թարսի պես, փորելու ընթացքում նորից հանդիպել են չարաբաստիկ կոյուղու խողովակին, կտրել այն ու, ըստ բնակիչների, որոշել են ոչ թե շինարարությունն իրականացնելու մտադրությունը փոխել, այլ՝ տեղափոխել թաղամասի կոյուղու խողովակները: Նշենք, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ փորած տարածքները կանաչապատ են եղել, այդ մասին այժմ հիշեցնում են մի քանի չորացած, ավելի ճիշտ՝ արմատախիլ եղած ծառեր: Եթե առաջին փորած տարածքում մատղաշ, ընդամենը մի քանի տարեկան ջարդոտված ծառեր էին, ապա երկրորդում՝ հաստաբուն ուռենիներ, որոնց ճյուղերը, բնակիչների վկայությամբ, տրակտորն է ջարդել: Այս առնչությամբ Աջափնյակի թաղապետարանի շինվերահսկողության բաժնի պետ Տավրոս Գեւորգյանը մեզ ասաց, որ այժմ նշված տարածքում շինարարությունը դադարեցված է, ուզեցել են ինչ-որ կառուցապատում իրականացնել՝ հանդիպել են կոյուղագծերին ու դադարեցրել այն: Երեկ, մեր այցելության ժամանակ, իսկապես, շինարարական աշխատանքներ չէին կատարվում, բանվորներ չկային, բայց, բնակիչների պատմելով՝ «չեն եկել՝ վատ եղանակի պատճառով, մի օր առաջ լավ էլ 5-6 բանվորներով քանդում էին»: Պարոն Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ կառուցապատողները քաղաքապետարանից թույլտվություն ունեն. «Ճիշտ է, ինձ այդ մասին վկայող որեւէ փաստաթուղթ չեն տվել, բայց բանավոր ասել են, որ հողհատկացման թույլտվություն ունեն»: Փաստորեն՝ տարածքը վերահսկելու հարցում թաղապետարանի իրավասուները բավարարվում են միայն բանավոր հավաստիացումներով եւ իրենց նեղություն չեն տալիս նույնիսկ փաստաթղթերը նայել, էլ ուր մնաց, թե արգելեն կամ ստուգեն՝ տվյալ կառույցը նախագծային խախտումներո՞վ է իրականացվում, թե՞ ոչ: Թերեւս այդ էր պատճառը, որ թաղապետարանում նույնիսկ տեղյակ էլ չէին, թե իրենց համայնքում ի՞նչ է կառուցվում: Բնակիչներին հասած տեղեկություններով՝ նշյալ տարածքում կառուցում են ատամնաբուժարան: Պարոն Գեւորգյանն ավելի ստույգ տեղեկություններ ստանալու համար մատնացույց արեց քաղաքապետարանին՝ ասելով, որ «հողհատկացումներով իրենք են զբաղվում»: Սակայն երեկ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանից՝ վերջինիս զբաղված լինելու պատճառով: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել