Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ

Հոկտեմբեր 21,2005 00:00

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՉԷԻՆ Մեր տեղեկություններով՝ ԱԼՄ հոլդինգը դեռ 2005թ. հունվարին Սյունիքում ԱԼՄ հեռուստաընկերության մասնաճյուղ էր բացել՝ «ԱԼՄ-Սյունիք», որի կենտրոնակայանը գտնվում էր Կապան քաղաքում եւ հեռարձակվում էր ամեն օր, ժամը 20:00-24:00-ը՝ հեռուստաընկերության տեղի աշխատողների պատրաստած ծրագրերի շրջանակներում: Սակայն Սյունիքում տեղի ունեցած ՏԻՄ վերջին ընտրությունների նախապատրաստման ընթացքում, հոկտեմբերի 7-ին, ժ. 23:00-ի սահմաններում, երբ նախատեսվել էր Կապանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Աթաջանյանի քարոզչական վերջին տեսահոլովակի ցուցադրումը, հեռուստատեսության եթերի հեռարձակումը դադարեցվել էր: Կապանի հեռուստաաշտարակի աշխատակիցներն անջատման այդ քայլը պատճառաբանել էին նրանով, որ իրենք դա ինքնագլուխ չեն արել, եւ որ ունեցել են ՀՀԾ ՓԲԸ ղեկավար Աշոտ Սիմոնյանի հրահանգը: Երկու օր անց «ԱԼՄ-Սյունիքի» գործունեությունը դադարեցվեց: Այս տեղեկությունը ճշտելու համար երեկ մենք զրուցեցինք ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանի հետ: Վերջինս հաստատեց «ԱԼՄ-Սյունիքի» հեռարձակումը դադարեցնելու իր որոշման մասին մեր տեղեկությունը: Հերքելով «վերեւներից» եկող ճնշումների մասին տեղեկությունները՝ պարոն Կարապետյանն ասաց. «Այդպիսի որոշման պատճառ է դարձել այն, որ «ԱԼՄ-Սյունիքի» աշխատակիցները սկսել էին զբաղվել քաղաքականությամբ, կոնկրետ թեկնածուի՝ Գագիկ Աթաջանյանի բացահայտ քարոզչությամբ: Սյունիքի մարզպետն ինձ ներկայացրել է դա վկայող անհերքելի տեղեկություններ ու նաեւ տեսագրված փաստեր: Ես դա թույլ տալ չէի կարող, նախ՝ որովհետեւ ԱԼՄ-ն ու նրա լրագրողները պետք է զերծ լինեն քաղաքականությամբ զբաղվելուց եւ անկողմնակալ լինեն, երկրորդ՝ դա ազդում էր իմ ղեկավարած կուսակցության վարկանիշի վրա, ինչն ինձ բնավ չէր կարող գոհացնել»: Տ. Կարապետյանը նաեւ կարծիք հայտնեց, թե թերթերից մեկում եղած տեղեկությունները, որոնց համաձայն ինքն ու իր կուսակցությունը Կապանում աջակցում են Գ. Աթաջանյանին, հենց «ԱԼՄ-Սյունիքի» հեռարձակած հաղորդումների արդյունքն է եղել: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել