Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն

Հոկտեմբեր 21,2005 00:00

ԿԸՀ-ն չի արձագանքում խախտումներին Թեեւ գրեթե ամեն օր է արդեն խախտվում «Հանրաքվեի մասին» օրենքի 20-րդ հոդվածը՝ քարոզչության վերաբերյալ: Օրենքով արգելված է օտարերկրյա քաղաքացիների եւ կազմակերպությունների մասնակցությունը քարոզչությանը: Մինչդեռ PanARMENIAN.Net-ը երեկ հրապարակել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի հարցազրույցը, որում վերջինս նշել է, թե սահմանադրական բարեփոխումներն առաջընթաց են Հայաստանում ժողովրդավարության զարգացման ճանապարհին. «Այդ պատճառով մենք դրական կգնահատենք դրանց հնարավոր ընդունումը համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Թեեւ որոշողն, իհարկե, հայ ժողովուրդն է»: Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է անդրադառնալ հանրաքվեի հնարավոր տապալումը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վրա՝ պրն Պրյախինն ասել է. «Անհրաժեշտ 800 հազար քվեներն ազատ եւ արդար հանրաքվեի արդյունքում այնուամենայնիվ կլինեն Սահմանադրության փոփոխության օգտին»: Հակառակ դեպքում, ըստ նրա՝ դա միեւնույն է, կլինի ժողովրդի կամքի արտահայտությունը: «Չեմ կարծում, որ հանրաքվեի տապալումը մեծ քաղաքական աղետ կլինի: Մենք չենք դրամատիկացնում իրավիճակը»,- ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը՝ ավելացնելով, որ հանրաքվեի տապալման դեպքում լուրջ վնաս կկրի Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը: «Մեդիամաքս» գործակալությունն էլ երեկ տարածեց Եվրոպական Խորհրդարանի նախագահ Խոսեպ Բորելի Բրյուսելում արած հայտարարությունը, թե Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագիծը «իրական առաջընթաց կապահովի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում»: Խոսեպ Բորելը նաեւ ասել է, որ հաջողություն է մաղթել Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեում. «Եվրախորհրդարանի նախագահի խոսքերով, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագիծը թույլ կտա լավագույնս ապահովել հավասարակշռության պահպանումը Հայաստանի իշխանական ճյուղերի միջեւ»: … «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ արդեն իսկ դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան՝ սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրապարակային կոչերի առնչությամբ: Ռուբեն Թորոսյանի բողոքում մասնավորապես նշված է. «Այդ կոչերով ՀՀ գլխավոր դատախազը կոպտորեն խախտել է «Հանրաքվեի մասին» օրենքի 20 հոդվածի 5-րդ մասի պահանջները, այն է՝ «քարոզչություն չեն կարող կատարել… դատախազության մարմինների աշխատակիցները»: ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն, իր հերթին, խախտելով նույն օրենքի 11 հոդվածի բ/ եւ ժզ/ մասերի պահանջները, այդ օրինախախտման հետեւանքների վերացման համար չի դիմել համապատասխան իրավասու մարմիններին»: Ռուբեն Թորոսյանը դատարանին խնդրում է. «ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անգործությունը ճանաչել անօրինական եւ պարտադրել նրան կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր պարտավորությունները, այն է՝ դիմել համապատասխան իրավասու մարմիններին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ օրենսդրությանը հակասող գործունեության հետեւանքների վերացման նպատակով»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել