Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻ

Հոկտեմբեր 21,2005 00:00

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԾԻՔՆ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ Է Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունն այդպես էլ հաշվի չառավ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի որոշ առաջարկներ, մյուս կողմից՝ Հայաստանի ընդդիմությունը նույնպես հաշվի չի առնում Եվրոպայի խորհրդի ակնկալիքները: ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման խմբի ղեկավար Ռոլանդ Վեգեներն իր սեպտեմբերի 7-ի նամակում նշել էր. «Ափսոսանքով նկատեցի, որ թեեւ ԱԺ որեւէ պատգամավոր չքվեարկեց փոփոխությունների դեմ, դրանք չստացան ընդդիմության աջակցությունը, չնայած հավաստիացումներին, որոնք արվել էին նրանց որոշ ներկայացուցիչների կողմից՝ ներառյալ ԵԽ-ում վերջին հանդիպումների ընթացքում»: Փաստորեն՝ ԵԽԽՎ-ում «Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչներն աջակցության վերաբերյալ ինչ-որ հավաստիացումնե՞ր են արել ընդդիմության անունից: Մեր այս հարցին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Մենք դրա իրավունքը չունեինք, որ տայինք այդպիսի հավաստիացում: Խոսքն այլ բանի մասին է. հայտարարություն էր արվել 3 մոտեցումների մասին, որոնց լիարժեք ընդունման դեպքում մենք պատրաստ էինք մասնակից լինել: Դրանից ավելին որեւէ բան չի ասվել»: Այնուամենայնիվ՝ մտահոգի՞չ չէ այն, որ եվրոպական կառույցի ներկայացուցիչներն ափսոսանքով են արձագանքում Հայաստանի ընդդիմության գործողություններին: Ի պատասխան՝ պրն Քոչարյանն ասաց. «Ես նրանց հասկանում եմ: Ուղղակի ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչպես են գնահատում Հայաստանը դրսից: Ցավոք, գնահատականի նշաձողն այնքան ցածր է, որ համարվում է, թե Հայաստանի իշխանություններից այսքան փոփոխություններ ստանալը, կորզելն արդեն լուրջ քայլ առաջ է»: Այսուհանդերձ, եղան նաեւ փոփոխություններ, որ Եվրոպայի խորհուրդն այդպես էլ չկարողացավ «կորզել» մեր իշխանավորներից: Շավարշ Քոչարյանը մեզ տրամադրեց սահմանադրական փոփոխությունների նախագծում առկա վիճահարույց խնդիրների վերաբերյալ տեղեկանքը, որը կազմել է «Ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Այս տեղեկանքը փոխանցվել է նաեւ Վենետիկի հանձնաժողովին: Եվ փաստաթղթում հատկապես առանձնացված են այն դիտողությունները, որոնք Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն արել էին սահմանադրական փոփոխությունների գործընթացի կապակցությամբ: Սակայն նախ առանձնացնենք Վարդան Պողոսյանի մի նկատառում, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը առաջարկ չի արել, սակայն որն ամրագրված է բազմաթիվ երկրների հիմնական օրենքներում: Այն է, թե նախագահի կողմից Սահմանադրության եւ օրենքների կոպիտ կամ դիտավորյալ խախտումը կարող է լինել պաշտոնանկության հիմք: Մինչդեռ նման դրույթ առկա է Բուլղարիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովենիայի սահմանադրություններում: «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխում «տարբերակված մոտեցում չկա դասական իրավունքների, սոցիալական իրավունքների եւ պետության քաղաքականության հարցերում»: Մինչդեռ սա 2001-ի նախագծի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության 30-րդ կետում ուղղակի ամրագրված պահանջ է: Նախագահի, խորհրդարանի եւ կառավարության վերաբերյալ գլուխներում անտեսվել են Վենետիկի հանձնաժողովի 2000-ի եզրակացության մի շարք դրույթներ՝ որոշումների ընդունման ընթացակարգի, կրկնաստորագրության բացակայության վերաբերյալ: Եվ պահպանվել է «նախագահի կողմից նշանակումների չափազանց մեծ իրավասությունը», որը քննադատվել էր եվրոպական փորձագետների կողմից: ԱԺ իրավունքը՝ վերացնելու ռազմական կամ արտակարգ դրությունը, կառավարության ակտերի կասեցումը՝ սրանք վիճահարույց դրույթներ են, որոնց լուծումներն առաջարկված էին հանձնաժողովի 2001-ի եզրակացության մեջ, սակայն անտեսվեցին: Վենետիկի հանձնաժողովը 2004-ին էր դեռ վստահաբար առաջարկել, որ վերջնական տեքստից հանվի այն դրույթը, թե կառավարությունը սահմանում է իր ներկայացրած օրինագծերի հաջորդականությունը: Մինչդեռ 3-րդ ընթերցմամբ ընդունված նախագծում էլ ամրագրված է հետեւյալ դրույթը. «Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով»: Ամբողջապես չեն իրացվել հեռուստաոլորտը կարգավորող հանձնաժողովների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի թե՛ 2001-ի, թե՛ 2005-ի եզրակացություններում առկա առաջարկները: Սահմանադրական դատարանն ըստ այս փոփոխությունների չի կարող լուծել իրավասությունների վերաբերյալ վեճեր՝ սա էլ 2001-ի եզրակացության պահանջներից է: Եվ ամենակարեւորը՝ սահմանադրական փոփոխությունները, անգամ նախագծի ընդունման դեպքում, «հնարավորինս արագ» ուժի մեջ չեն մտնելու, մինչդեռ սա 2005-ի եզրակացության 24-րդ կետով ամրագրված պահանջ է: Մնում է միայն զարմանալ, որ Եվրոպայի խորհուրդը մի կողմ դնելով իր իսկ մասնագիտական կառույցի անտեսված հանձնարարականները՝ դրական գնահատականներ է տալիս փոփոխությունների նախագծին: Գուցե իրո՞ք առաջնորդվում են «Հայաստանի իշխանություններից այսքան փոփոխություններ կորզելն էլ արդեն լուրջ քայլ առաջ է» մոտեցմամբ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել