Հարցազրույց
Ադրբեջանի մամուլի խորհրդի գործադիր քարտուղար Ռահիմ Հուսեինզադեի հետ –
Պարոն Հուսեինզադե, այսօր ադրբեջանական հասարակությունը գտնվում է արմատական վերափոխման
փուլում։ Սոցիալիստական համակարգը՝ իր «հիմնարար բջիջներով» հանդերձ, ինչպես հայտարարում
են թե՛ իշխանական կառույցները, թե՛ հասարակական կազմակերպությունները, փոխարինվում
է արեւմտյան չափանիշներով եւ նախապատվություններով։ Ըստ էության, դա երկար ճանապարհ
է, որ կարելի է նմանեցնել Մովսեսի եւ իր ժողովրդի թափառումներին անապատում։ Ինչպիսի՞
արդյունքներ են սպասվում։ – 80-ականներին սկսված վերակառուցման առաջին տարիների
ոգեւորությունը 90-ականներին փոխվեց հիասթափության՝ որպես ազատական վերափոխումների
արդյունք, իսկ Հեյդար Ալիեւի իշխանության գալը նշանավորվեց, մի կողմից, հասարակության
մեջ ձեւավորված սպասելիքներով (հայտնի չէ ինչի, հայտնի չէ որտեղից), իսկ մյուս կողմից՝
քաղաքական կառավարման ավտորիտար մեթոդների փառաբանությամբ։ Թվում է, թե Ադրբեջանի
Սահմանադրությունը, չնայած արմատականների եւ պահպանողականների միջեւ տեղի ունեցած
սուր բախումներին, ամրագրել է ժողովրդավարության ազատական մոդելի հիմնական գծերը.
մարդու իրավունքները, քաղաքացիական եւ քաղաքական ազատությունները, իշխանությունների
բաժանումը, իշխանության օրգանների ազատ ընտրությունները, բազմակուսակցությունը, տեղական
ինքնակառավարումը եւ այլն։ Բայց պարզվեց, որ մեր պայմաններում այս մոդելը չի աշխատում
այնպես, ինչպես, համաձայն բոլոր կանոնների, պետք է աշխատեր։ Իշխանությունների բաժանման
սկզբունքը, ըստ էության, նենգափոխված է պետության ղեկավարին ենթարկվող գործադիր մարմինների
գերիշխանությամբ։ Գործնականում պառլամենտը զրկված է իշխանության իրական լծակներից
եւ վերահսկման գործառույթներից։ Քաղաքական կուսակցությունները չունեն արմատներ հասարակության
մեջ եւ զրկված են հանրային քաղաքականության վրա ազդելու արդյունավետ ձեւերից։ Ավելին,
հասարակայնությունը կողմնորոշված է ոչ թե դեպի կուսակցական ղեկավարների ծրագրային
դրույթները, այլ նրանց խարիզմատիկ առանձնահատկությունները։ ԶԼՄ-ների մեծամասնությունը
հայտնվել է օլիգարխիկ խմբերի եւ պետական բյուրոկրատիայի ազդեցության տակ եւ նրանց
կողմից օգտագործվում են որպես հասարակական կարծիքի մանիպուլացման միջոց։ Ազատ ընտրությունները
խեղաթյուրվել են կոռուպցիայի եւ վարչական ռեսուրսների ճնշման ներքո։ Մարդու եւ քաղաքացու
իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի, այդ թվում՝ հենց պետության կողմից։
Շվեդ պրոֆեսոր Անդերս Ֆոգելկլուի խոսքերով՝ «ճշմարտանման է պնդել, որ մենք գործ ունենք
ձեւականորեն ուժեղ, իսկ իրականում որոշ ոլորտներում թույլ սահմանադրության հետ, եւ
որ այդպիսի վիճակը կպահպանվի մոտ ապագայում։ Սահմանադրականության այս տեսակը կարելի
է անվանել ձեւական կամ պակասավոր սահմանադրականություն։ Սահմանադրական արժեքները
խորապես չեն արմատացել հասարակության մեջ, իսկ նախագահի հաշվետու լինելու սկզբունքը,
մեղմ ասած, թերզարգացած է։ Արդյունքում ստացվում է, որ սահմանադրության հիմնական
գործառույթը ավտորիտար որոշումներն օրինականացնելն է՝ առանց իրական ազդեցություն
ունենալու քաղաքական գործընթացների վրա»։ Մի խոսքով՝ ներկա Ադրբեջանի քաղաքական
համակարգը երկդիմի է որպես ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի հակասական սիմբիոզ:
Այն սահմանափակում է երկրի ժողովրդավարական զարգացման հնարավորությունները եւ դժվարացնում
քաղաքական ինքնորոշումը։ Ժողովրդավարության ազատական մոդելի անհաջողությունները գրեթե
ողջ հետխորհրդային տարածքում (բացառություն չի կազմում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ նույնիսկ
Ուկրաինան նարնջագույն հեղափոխությունից հետո) բացատրվում է նրա իմիտացիոն բնույթով։
Արմատականորեն տրամադրված ազատականները, որոնք ունեին ազգայնական նրբերանգ, 1992-1993թթ.
փորձեցին տեղական իրականություն ներմուծել արեւմտյան ազատական մոդելի նորմատիվային
դրվածքները, որ ձեւավորվել էին երկարատեւ պատմական ժամանակաշրջանի ընթացքում, միանգամայն
տարբեր սոցիալ-մշակութային միջավայրում։ Ինչպես մի անգամ չէ, որ պատահել է անցյալում,
իրականությունը մերժեց իմիտացիոն մոդելը։ Կարելի է նեղանալ այդքան ցցուն ձեւով անդուր
իրականությունից եւ դրանում տեսնել «ժողովրդավարության այլասերման» նշան։ Բայց հազիվ
թե այդ բարոյաքաղաքական գնահատականը ազդի մեր հասարակության քաղաքական զարգացման
տրամաբանության վրա կամ նույնիսկ պարզապես օգնի ավելի լավ հասկանալ այն։ –
Ավելի ճիշտ չի՞ լինի ճշգրտել ինքնաշեն ժողովրդավարության մասին հարցի դրվածքը։ –
Դրա համար պետք կլինի ծանրության կենտրոնը տեղափոխել նորմատիվային-արժեքային մոտեցումից
դեպի կոնկրետ-պատմական մոտեցում. ոչ թե ժողովրդավարության նորմատիվային նմուշը պարտադրել
իրականությանը, այլ ավելի շուտ կատարել իրողությունների կոնկրետ վերլուծություն։
Դա թույլ կտար պարզել՝ ժողովրդավարության, քաղաքական գործընթացին քաղաքացիների մասնակցության
ինչպիսի ձեւեր եւ եղանակներ են հնարավոր, որքանով եւ ինչպես է հասարակությունը պատրաստ
հակադրվել խմբային էգոիզմին, պաշտպանել ընդհանուր շահը, վերահսկել իշխանության գործողությունները,
ազդել հանրային քաղաքականության վրա։ Որոշել իրական քաղաքական հնարավորությունների
միջանցքը՝ ահա թե ինչն է կարեւոր ազգային ժողովրդավարության վիճակը, խնդիրները եւ
հեռանկարները հասկանալու համար։ Հնարավորությունների միջանցքը, որը որոշվում է սեփական
պատմական փորձով, ավանդույթներով, կենսակերպով, քաղաքական մշակույթի եւ մենթալիտետի
առանձնահատկություններով, կողմնորոշում է տեղական պայմաններին պատշաճող ժողովրդավարական
մոդելի որոնումը։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե ազատական ժողովրդավարության միասնական նորմատիվային
մոդելի իրականացման ինչ-որ ազգային խոչընդոտների մասին է, ինչպես երբեմն այդ խնդիրը
մեկնաբանում են ազատական տեսաբանները՝ դատողություններ անելով ադրբեջանցիների «թերզարգացածության»,
ժողովրդավարության պայմաններին նրանց չհարմարվածության մասին։ Շեշտը պետք է դնել
տարբերությունների վրա, որոնք այս կամ այն չափով որոշում են այստեղ կազմավորվող քաղաքական
կառավարման մոդելի բովանդակությունը։ Միանգամից նշեմ, որ սեփական ուղու, ժողովրդավարության
տեղական մոդելի որոնումը չի նշանակում ամփոփվել սեփական կեղեւի մեջ։ Գլոբալացման
դարաշրջանում դա հնարավոր էլ չէ։ Ուրիշ հասարակությունների, առաջին հերթին՝ զարգացած
ժողովրդավարությամբ երկրների որոնումների փորձը շատ կարեւոր է։ Այն պետք է ուսումնասիրել
եւ յուրացնել։ Բայց մեր երկրում ժողովրդավարության հաջողության համար նախապատվությունը
պետք է տալ հնարավորությունների սեփական միջանցքի եւ դրանց իրականացման համապատասխան
միջոցների վերլուծությանը։ Վերն ասվածի լույսի ներքո դիտարկենք ժողովրդավարության
եւ ավտորիտարիզմի փոխհարաբերությունների խիստ հրատապ խնդիրը։ Հասարակության քաղաքական
կյանքում ավտորիտար միտումների ակնհայտ ուժեղացման պայմաններում այդ խնդիրը հայտնվում
է քաղաքական բանավեճերի կենտրոնում։ Բանավեճերում եւ մամուլի մեջ ավելի ու ավելի
հաճախ խոսվում է ոչ այնքան ավտորիտար հետընթացի, որքան այն մասին, որ ՆԿՎԴ-ի եւ սուսլովյան
գաղափարախոսության շինելից դուրս եկած կադրերը ծնեցին հասարակության կառավարման ներկա
պարզունակ համակարգը՝ դիմելով վախեցնելու եւ վարկաբեկման միջոցներին, փառաբանելով
մեծ եւ անկրկնելի Հեյդար Ալիեւի դարաշրջանում ձեռք բերված մեծագույն նվաճումները։
Իմիջիայլոց, նմանատիպ բանավեճերն աստիճանաբար ազդում են հասարակական կածիքի վրա,
եւ արդեն ակնհայտ է, որ կառավարման ներկա համակարգը երկար չի դիմանա։ Արեւմտյան ազատական
արժեքները օրգանապես կներգրավվեն նաեւ ադրբեջանական մենթալիտետի խճանկարի մեջ։ –
Որքանո՞վ է այդ գնահատականն արտացոլում ներկա իրադրությունը։ Թեւակոխում է գլոբալացման
դարաշրջանը՝ բերելով մի շարք մարտահրավերներ թե՛ հակագլոբալիստների, թե՛ կրոնական
ահաբեկիչների կողմից։ – Նախքան այդ հարցին պատասխանելը, անդրադառնանք այսօրվա
աշխարհում ժողովրդավարության զարգացման վիճակին։ Գլոբալացման պայմաններում ժողովրդավարությունը
որպես քաղաքական կառավարման եղանակ բախվում է աննախադեպ մարտահրավերների, որոնք հարցականի
տակ են դնում ժողովրդավարության մի շարք էական բնութագրիչներ։ Պատահական չէ, որ այդ
թեման քաղաքագետների բանավեճերի լեյտմոտիվը դարձավ Քաղաքագիտության միջազգային ընկերակցության
(ՔՄԸ) վերջին երկու կոնգրեսներում։ 18-րդ կոնգրեսում (2000, Քվեբեկ, Կանադա) քննարկման
կենտրոնում հայտնվեց ժողովրդավարության դեմ ուղղված կորպորատիվ մարտահրավերի մասին
հարցը։ «Համաշխարհային կապիտալիզմ, կառավարում եւ հանրություն. դեպի կորպորատիվ հազարամյա՞կ»՝
այսպես էր կոչվում կոնգրեսի ընդհանուր թեման։ Ելույթներում նշվեց, որ, ըստ մի շարք
ցուցանիշների, ժողովրդավարությունը չի համաձայնեցվում հասարակական զարգացման ուրվագծվող
միտումների հետ եւ կարիք ունի սեփական բովանդակության վերաիմաստավորման եւ նոր իրողությունների
հետ հարմարեցման։ 19-րդ կոնգրեսում (2003, Դուրբան, ՀԱՀ), որը նվիրված էր «Ժողովրդավարություն,
հանդուրժողություն, արդարություն. մարտահրավերներ քաղաքական զարգացմանը» թեմային,
թեժ վեճեր ծավալվեցին ժողովրդավարացման այսպես կոչված «երրորդ ալիքի» արդյունքների
շուրջ։ Բոլորն ընդունում էին, որ ժողովրդավարացումը բախվել է անկանխատեսելի խոչընդոտների։
Հակառակ 70-ականների եւ 80-ականների ներշնչած հույսերին՝ «երրորդ ալիքի» երկրների
մեծամասնության մեջ կատարված ժողովրդավարական վերափոխումները չհանգեցրին ինչ-որ շոշափելի
տեղաշարժերի սոցիալական սուր խնդիրների լուծման ասպարեզում։ Դրա հետեւանքով այդ երկրների
բնակչությունը երես է թեքում ժողովրդավարությունից։ Այդ երկրները ներկայացնող որոշ
քաղաքագետներ ուղղակի ասում էին, որ իրենց համար սոցիալական խնդիրների լուծումն ավելի
կարեւոր է, քան ազատական ժողովրդավարության սկզբուքներին հետեւելը։ Ժողովրդավարության
ներկա վիճակի նկատմամբ քննադատական վերաբերմունքն այնքան ուժեղ է, որ որոշվել է 2006
թվականին ՔՄԸ-ի 20-րդ կոնգրեսը նվիրել «Արդյո՞ք ժողովրդավարությունը գործում է» թեմային։
Նման թեմայի ընտրության վերաբերյալ ՔՄԸ-ի Ծրագրային հանձնաժողովի նախագահի մեկնաբանության
մեջ նշվում է. «Աշխարհի բոլոր մասերում եւ բոլոր մակարդակներում քաղաքական հարաբերությունների
մեջ տեղի ունեցող գործառութային փոփոխություններն ու նոր երեւույթները ժողովրդավարության
խորը վերագնահատման խթան հանդիսացան»։ Մասնավորապես պետք է պատասխանել հետեւյալ հարցին.
«Արդյոք ժողովրդավարական ինստիտուտներն ի վիճակի՞ են հարմարվել գլոբալացվող համատեքստին՝
պահպանելով իրենց լեգիտիմությունը սեփական երկրում»։ Այսինքն՝ հենց զարգացած ժողովրդավարությամբ
երկրներում են հարցնում, թե արդյո՞ք իրենք ճիշտ են վարվում, երբ անջատվում են մնացած
աշխարհից՝ նրան պարտադրելով մի բան, որին հասարակություններն իրենք պետք է հասնեն
որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Այնպես որ, լուրջ մարտահրավերները, որոնց ժամանակակից
աշխարհում բախվում է ժողովրդավարությունը, ամենայն հավանականությամբ, կպահանջեն արմատական
փոփոխություններ քաղաքական կառավարման մեջ թե՛ ազգային մակարդակում, թե՛ գլոբալ մասշտաբով։
Աշխարհում կատարվող փոփոխությունների նորությունն ու բազմազանությունն այնքան նշանակալի
են, որ նոր իրողությունների պայմաններում նույնիսկ երկարատեւ ժողովրդավարական ավանդույթ
ունեցող երկրներում ազատական ժողովրդավարության պատմականորեն առաջացած ձեւերն են
բախվում լուրջ դժվարությունների։ Տեղի են ունենում նոր ձեւերի ինտենսիվ որոնումներ.
մասնակցային ժողովրդավարություն, ուղղակի ժողովրդավարության նոր տիպեր, պաշտպանական
ժողովրդավարություն, հաղորդակցական ժողովրդավարություն։ Նույնիսկ օգտագործվում է
«ոչ ազատական ժողովրդավարություն» հասկացությունը։ Իմիջիայլոց, զարգացող երկրների
(խոսքը ոչ ԱՊՀ անդամ երկրների մասին է՝ բացառությամբ միջինասիական հանրապետությունները)
ներկայացուցիչների հետ շփումներից պարզ է դառնում, որ ժողովրդավարության զարգացման
հարցը նրանց մոտ շատ ավելի սուր է դրված, քան մեզ մոտ, թեեւ դրանում ուրախանալու
շատ բան չկա։ Բազմաթիվ երկրներում (խոսքը հասարակության որպես միասնական ամբողջի
մասին է) ազատական ժողովրդավարության ինստիտուտները կա՛մ դիտարկվում են որպես օտար,
փոխառված մոդելներ, կա՛մ ընկալվում են մակերեսորեն, զուտ ձեւականորեն։ Այդպիսի ընկալման
արդյունքը հաճախ լինում է ժողովրդավարության նմանակումը, որը գործնականում վերածվում
է ավտորիտար կամ օլիգարխային վարչակարգերը քողարկող միջոցի։ Կարելի է վիճարկել այս
կամ այն եզրակացությունն ու գնահատականը, բայց չի կարելի չտեսնել, որ դրանք արտացոլում
են այն խորը ճգնաժամը, որ ապրում են ժողովրդավարական կառավարման ներկա ձեւերը։ Գլոբալացումը
եւ անցումը զարգացման իննովացիոն տիպի, կենսագործունեության, կառույցների, ժամանակակից
հասարակության գործունեության եւ զարգացման մեխանիզմների մեջ տեղի ունեցող խորը որակական
տեղաշարժը ակնհայտորեն քաղաքական կառավարման ասպարեզում մղում են այնպիսի մասշտաբային
փոփոխության, որը դուրս է գալիս ժողովրդավարության ավանդական ձեւերի «հետագա զարգացման»
սահմաններից։ Ժողովրդավարության կոնցեպտուալ վերաիմաստավորման համար խթան են հանդիսանում
նաեւ միջազգային գործընթացները, որոնք չեն տեղավորվում ներկայիս համահարթեցված ազատական
պատկերացումների շրջանակում։ Առայժմ չեն հաստատվում այն պնդումները, որ վաղ թե ուշ
բոլոր երկրները կընդունեն ազատական արժեքները այն տեսքով, որով դրանք ձեւավորվել
են արեւմտյան աշխարհում։ Խորաթափանց է թվում այնպիսի «տարբեր ուղղություններ ունեցող
զարգացումների» մասին գաղափարը, որոնք չեն տարրալուծվում «միասնական աշխարհում»,
այլ ստեղծում են մշտական «աշխարհների աշխարհ», տարբերությունների մի փոխկապակցված
ամբողջություն։ Օրինակ՝ ռուս պատմաբան Մ. Գեֆտերը կոչ է անում հրաժարվել «այն միասնությունից,
որի նկատմամբ տարբերությունները կարող են լինել միայն տարբերակներ»։ Ըստ նրա՝ միասնությունը
«զարգացման չհամընկնող վեկտորների համատեղությունն է»։ Ուստի «վերջնական որոշման»
(իսկ ո՞վ է կայացրել այդ որոշումը) ծեծված գաղափարին փոխարինելու է գալիս «աշխարհակարգի
ոչ վերջնականության» որպես Երկրի բոլոր բնակիչների՝ միասին հարմարվելու-ապրելու եղանակի
մասին գաղափարը։ – Մի՞թե իսկապես չի լինելու վերջնական գլոբալացում։ Սկզբունքորեն,
մեզ՝ բոլորիս վրա իրականացվում է լաբորատոր փորձ, որի արդյունքում բոլորս պարտավոր
ենք տեղավորվել համաշխարհային զարգացման եվրոատլանտյան տրամաբանության շրջանակում։
– Հազիվ թե կարելի լինի համարել, թե նոր աշխարհակարգը, այսինքն՝ աշխարհի որպես
համադրության (որ կարելի է անվանել «ամբողջականություն բազմազանության մեջ») գործառության
եւ զուգընթաց զարգացման սկզբունքների եւ նորմերի համակարգը բխում է միայն մեկ, թեկուզ
ամենազարգացած «աշխարհի» պատկերացումներից եւ պրակտիկայից։ Չէ՞ որ պատմությունը չի
կարող մնացած, ոչ եվրոատլանտյան «աշխարհների» պրակտիկաներին հատկացնել «աթավիզմների»
եւ «շեղումների» դերը։ Տարասեռ գլոբալ տարածության մեջ շարժումը դեպի ժողովրդավարություն
չի կարող լինել պարզ եւ արագ։ Համաշխարհային հասարակայնությունը գտնվում է միայն
այդ ճանապարհի սկզբնական փուլում, երբ համաշխարհային քաղաքականության մեջ տիրապետում
են դարերի ընթացքում կայունացած հակադրություններ եւ ավտորիտար ձգտումներ։ Ամերիկացի
քաղաքագետ Բենջամին Բարբերը ժամանակին ուսումնասիրել է համաշխարհային ասպարեզում
երկու փոխկապակցված անտագոնիստական միտումների հակադրությունը։ Դրանցից մեկը աշխարհի
գլոբալ շուկայականացումն է կորպորատիվ կապիտալի կողմից։ Զուգորդելով այդ բանը «Մակինտոշ»
ֆիրմայի հետ՝ նա այն անվանել է «Մակաշխարհ»։ Մյուս միտումը, որ կոչվում է «Ջիհադ»,
զարգացող երկրների՝ սեփական ազգային-մշակութային եւ քաղաքակրթական ինքնության պահպանման
նպատակը հետապնդող բողոքի շարժումն է։ Երկու միտումն էլ, ինչպես պնդում է
գիտնականը, ըստ էության հակադեմոկրատական են, փոխադարձաբար թշնամական եւ ծնում են
մեկը մյուսին։ Վերջերս լույս տեսած նոր գրքում Բ. Բարբերը ցույց է տալիս, որ 2001թ.
սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո «Ջիհադը» վերածվել է միջազգային ահաբեկչության
գլոբալ սպառնալիքի, որի պատշաճ պատասխանը չի գտնվել եւ չի կարող գտնվել «Մակաշխարհի»
գերիշխանական տրամաբանության մեջ։ Ըստ նրա՝ անհնար է պարզապես կապիտալիզմի արտահանման
միջոցով ժողովրդավարացնել դեսպոտիզմի համակարգից դուրս եկած ազգերին եւ հանրային
իրավունքի եւ քաղաքացիական համագործակցության ենթակառուցվածքի շրջանակի մեջ դնել
անարխիստական գլոբալ անկարգությունը։ Զգուշացնելով արեւմտյան տերություններին հակադրության
թեժացման հետեւանքներից, նա ընդգծում է, որ չի կարելի արտահանել «Մակաշխարհ» եւ անվանել
ժողովրդավարություն, ինչպես չի կարելի «արտահանել Ամերիկա» եւ անվանել ազատություն։
Պատկերավոր ասած՝ ժողովրդավարությունները պետք է աճեն ներսից եւ ներքեւից, այլ ոչ
թե դրսից եւ վերեւից։ Սա է այն բանի պատճառներից մեկը, որ ժողովրդավարացումը պահանջում
է շատ ժամանակ։ Սա վկայում է նաեւ այն մասին, որ նրանց նպատակը, ովքեր ձգտում են
ժողովրդավարության, չպետք է լինի եզակի թվով ժողովրդավարությունը ըստ ամերիկյան կամ
որեւէ այլ մոդելի, այլ ժողովրդավարությունը հոգնակի թվով։ Ժողովրդավարական աշխարհակարգը
կարող է առաջանալ միայն ժողովրդավարության բազմաթիվ մոդելների հավասարամեծ տարբերությունների
հիման վրա։ Իմ կարծիքով՝ այսպիսին է Ադրբեջանի, որպես մասնավոր դեպքի, ժողովրդավարական
զարգացման խնդիրների դիտարկման գլոբալ ֆոնը։ – Համաձա՞յն եք այն բանի հետ,
որ «մեր մենթալիտետը» չի ընդունում արեւմտյան ժողովրդավարական ինստիտուտները։ –
Ի՞նչ կապ ունի մենթալիտետը, եթե ժողովրդի՝ իշխանության իրավունքը նրան տրված է ոչ
թե ինչ-որ նախագահի, այլ, պայմանականորեն ասած, Տեր Աստծո կողմից։ Ժողովրդավարության
հաստատման խնդիրը հետեւյալն է. քաղաքական գործողության հեղինակներն ու մասնակիցները
կընդունե՞ն ժողովրդավարական ինստիտուտների այն շրջանակները, որոնք նրանց կպարտադրեն
դիմել համաձայնության։ Այս խնդրի լուծման գործում պետության բարեփոխիչներին ու ղեկավարներին
սպասում է «ավտորիտար գայթակղության» անխուսափելի թակարդը, որը համաձայնության՝ որպես
«անցման հավասարակշռության» ինստիտուտների համակարգի ձեւավորման, դժվարին եւ երկար
ճանապարհից շեղում է դեպի ժողովրդավարության բուն հնարավորությունը քայքայող հակամարտության
ճանապարհը։ Դժգոհողների բողոքի ձայնը, արարողակարգերը պահպանելու անհրաժեշտությամբ
հարուցված ուշացումները, հակամարտությունների թվացյալ իռացիոնալությունը բարեփոխումների
կողմնակիցների շրջանում անխուսափելիորեն ծնում են անհամբերություն եւ անհանդուրժողականություն։
Մեր պայմաններում, երբ հակամարտության քաղաքական մշակույթը խորապես արմատացել է սոցիալ-մշակութային
հողում, 90-ականների ազատական բարեփոխիչները հեշտությամբ ընկան այդ թակարդը։ Էգոիզմի
եւ պառակտման ջինը դուրս էր պրծել շշից։ Անձնական եւ խմբակային էգոիզմի խռովահույզ
տարերքի օվկիանոսում պետական ապարատը կորցրեց (հնարավոր է՝ դիտավորյալ) համազգային
շահերը պաշտպանելու կարողությունը եւ ինքը դարձավ հզոր օլիգարխային խմբերի եւ բյուրոկրատների
(որոնք նման գործերի մեծ վարպետներ էին) յուրահատուկ «սեփականաշնորհման» առարկա։
90-ականների սկզբի քաոսից հետո կառավարման համակարգի կամ «կառավարելի ժողովրդավարության»
ամրապնդմանն ուղղված ներկա իշխանության քաղաքականությունը ընկալվում է որպես պետության
լիակատար քայքայման մի որոշ այլընտրանք։ Դրանում իրենց արտահայտությունն են գտնում
հասարակության զարգացման իրական պահանջմունքները։ Անկասկած է, որ անկառավարելիությունը
1994-ին երկիրը կմատներ լիակատար քաոսի։ Կարելի է ասել, որ կա՛մ խորամանկ կոմբինացիաների,
կա՛մ նախկին անգործության պատճառով պետականության ամրապնդմանն ուղղված ներկա կուրսը
կրում է իմպերատիվ բնույթ։ Հարցն այն է, թե այս կուրսն ինչպես կանդրադառնա ժողովրդավարության
ճակատագրի վրա։ Խորը ավտոկրատական ավանդույթներ ունեցող ադրբեջանական հասարակության
մեջ շատ դժվար է «պետականության ամրապնդումը» տարանջատել «ավտորիտարիզմի ամրապնդումից»։
Միեւնույն ժամանակ, իշխանության կառույցի ամրապնդման հետ միասին ավելի ու ավելի սրությամբ
է զգացվում այնպիսի միջոցների անհրաժեշտությունը, որոնք կպաշտպանեին հասարակությունը
եւ քաղաքացիներին իշխանության մարմինների կամայականություններից։ Սկզբունքորեն, ժողովրդավարության
պայմաններում իշխանության հիերարխիան պետք է համալրվի զսպման եւ հակակշռի մեխանիզմների
համակարգով թե՛ իշխանության ներսում, թե՛ քաղաքացիական հասարակության մեջ։ Հասարակության
ներկա վիճակում, երբ այն շարունակում է «հետ գլորվել», դժվար է սպասել, որ այդպիսի
բարդ խնդիրն արագորեն կլուծվի։ Սակայն «խորհրդային ավտորիտարիզմի» վրա արմատական-ազատական
գրոհի անհաջողությունից հետո, այնուամենայնիվ, գոյություն ունեն նախադրյալներ՝ աստիճանաբար
մտնելու իրական քաղաքական հնարավորությունների միջանցք եւ շարժվելու դեպի ավելի լիարժեք
ժողովրդավարություն։ Թեեւ դանդաղ, բայց առանց կտրուկ հետընթացի եւ նահանջի։ Հարցազրույցը՝
ՀՅՈՒԳՈՒԳ ՍԱԼՄԱՆՈՎԻ