Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՄԵՐԺԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՍՏԾՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ»

Հոկտեմբեր 21,2005 00:00

«Հանրապետություն»
կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երեկ Գրողների տանը
ուսանողների հետ հանդիպեցին կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու քաղխորհրդի
անդամներ Սմբատ Այվազյանն ու Սուրեն Աբրահամյանը: Ներկայացնում
ենք Արամ Սարգսյանի առավել ուշագրավ դատողությունները: Ձեռքներդ հեռու կրթական
համակարգից «Սկզբում քանդեցին մանկապարտեզները, հետո՝ դպրոցները, հիմա հերթը
հասել է վերջին բաստիոնին, ուզում են քանդեն բուհական համակարգը: Քանդածը կառուցել
հնարավոր է, բայց ավելի լավ է չքանդենք, կանգնենք քանդողների առաջ: Բուհերի մասին
այս նոր «բարեփոխումներով» քաղաքականացնում են կրթական հիմնարկները: Փչացնում են
մեր մշտապես բարձր հեղինակություն ունեցող կրթական համակարգը»: Մենք քիչ ենք,
բայց մեզ ֆորպոստ են ասում «Ես հավատում եմ, որ մենք Աստծո սիրած ժողովուրդն
ենք: Մենք քիչ ենք, պիտի որակի վրա աշխատենք: Մեզ հարգում են, ու մենք զարմանում
ենք՝ թե ինչո՞ւ են հարգում: Մենք Արամ Խաչատրյան ունենք: Ադրբեջանցին, վրացին, թուրքը
թող կանգնեն ու ցույց տան նման մեծություն: Մենք բոլորից տարբերվում ենք գիտության
եւ կրթության հանդեպ սիրով: Մեզ մոտ մայրը ատամները չի սարքում, հայրը վառելափայտ
չի գնում, որ զավակների ուսման վարձը տան: Մեր երկիրը երկար տարիներ պետականություն
չի ունեցել, բայց եղել է խաչմերուկում, եղել է Մետաքսի ճանապարհին, որոշիչ դեր է
ունեցել: Իսկ հիմա պետականություն ունի, բայց այս խաչմերուկում բոլոր ճանապարհները
վերջանում են կամ սկսվում են մեզնից հետո: Որովհետեւ դարձել ենք կցորդ, ֆորպոստ:
ՌԴ-ն Վրաստանի 100 մլն պարտքը 20 տարով հետաձգեց, այնինչ մեզնից ամեն ինչ ձրի-ձրի
առավ եւ ոչ մի ներդրում չարեց: Իմ վարչապետության օրոք քննարկվում էր, որ Իրան-Հայաստան
գազամուղը պիտի 1200 մմ-անոց խողովակներով կառուցվեր, մի մասը գնար Եվրոպա, այնինչ
ՌԴ պահանջով հիմա 770 մմ է կառուցվում»: Սահմանադրությանը՝ քաղաքական «ոչ»
«Մենք սահմանադրական փոփոխություններին «ոչ» ենք ասում՝ քաղաքական «ոչ»: Այս
իշխանությունների համար կարեւոր չի՝ լավ օրենք են խախտում, թե վատ: Այո, շատ կարեւոր
է, թե ով է օրենք ներկայացնողը: Պատկերացրեք, եթե ԱՄՆ Սահմանադրությունը ներկայացներ
ոչ թե Թոմաս Ջեֆերսոնը, այլ՝ Ալ Կապոնեն: Ի՞նչ կլիներ: Մեր Սահմանադրության մեջ չկա
կետ, որ սրանք խախտած չլինեն: Սահմանադրությունը եթե ոգի չունի, ներկայացնողը հավատ
չի ներշնչում, ապա դա ընդամենը մի թուղթ է: Եթե Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ Աստծո
տասը պատվիրանները բերի, ժողովուրդը դրանք էլ է մերժելու: Եվ թող իզուր չասեն, թե
շատ լավ բարեփոխումներ են: Ո՛չ, շատ թույլիկ թուղթ է: Միայն երկքաղաքացիությունն
ինչ ասես արժե: Պետք է համախմբվել եւ ասել՝ ոչ: Դա մեր պետության հարցն է, մեր ազգային
հարցն է, պետք է համախմբված լինենք: Ամսի 28-ին մենք՝ «ոչ» ասող քաղաքական ուժերս՝
17-ի ֆորմատով, որ դարձել է 25, կսկսենք մեր առաջին քարոզչական ուղեւորությունը դեպի
մարզեր»: Իշխանությունն ընդդեմ «Հանրապետության» «Իշխանություններն
այնքան վախեցած են, որ նույնիսկ համագումարի համար տեղ չեն տալիս: Ինչքան Գալուստ
Սահակյանն ու Գառնիկ Իսագուլյանն իմ դեմ խոսեն՝ էնքան իմ օգուտն է, որովհետեւ մեր
երկրում արդեն դրական ու բացասական կերպարների դաշտը ձեւավորված է: Եթե ասում եք՝
ժողովրդավարական երկիր ենք, ապա պիտի հավասարաչափ ձայն տաք սահմանադրական փոփոխություններին
եւ «այո», եւ «ոչ» ասողներին: Այնինչ մեզ եթեր չեն տալիս: Արդեն բոլոր TV-ներին դիմել
ենք, որ վճարովի եթեր տրամադրեն, հաշվեհամար ենք բացել ԿԲ-ում: Ասում ենք՝ գինն ասեք,
պայմանագիր կնքենք, գանք, մեր «ոչ»-ը քարոզենք, մեր տեսակետը ներկայացնենք: Որեւէ
հեռուստաընկերությունից պատասխան չունենք: Չեմ հասկանում, դուք առեւտրային կազմակերպություն
չե՞ք, շահույթ չե՞ք հետապնդում: Մաքուր գումարներ են, Բեն Լադենը չի տվել, մեր ԿԲ-ում
մուտք են արված, ինչի՞ց եք վախենում: Բայց ոչինչ, որ չստացվի, կբարձրանամ օպերայի
տանիքը, այնտեղից կասեմ: Այդ ժամանակ Ալիկը հաստատ մարդ կուղարկի, որ գան նկարեն,
ասեն՝ տեսեք, Արամ Սարգսյանը գժվել է: ԳԱԱ-ն վերցրել են, դարձրել են «այո»-ի շտաբ:
Դե, որ էդպես է, ԵՊՀ մայր շենքն էլ մեզ տվեք, «ոչ»-ի շտաբ դարձնենք: Ինչո՞վ ենք ձեզնից
պակաս»: Հեղափոխությամբ տոգորվածները «Հաղթանակ ասելով ես ի նկատի
ունեմ այս ռեժիմի փոփոխությունը եւ ոչ թե միայն «ոչ»-ը: Այս ամենը տանում է իշխանափոխության:
Երբ ընդունվում էր 1-ին Սահմանադրությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ եթե չանցնի,
ես հրաժարական կտամ: Ես ուզում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ նույն բանն ասի: Բայց
նա հո գիտի, որ այդպիսի բան ասեց, հանրաքվեի օրը միայն ինքն ու Մարգարյան Անդրանիկն
են «այո» ասելու, ու՝ վերջ: Եվ երբ ժողովրդի կամքով այս իշխանություններին կհեռացնենք,
այն ժամանակ կլինեն իսկական սահմանադրական բարեփոխումները, եւ կլինեն արդար ու մաքուր
ընտրություններ»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել