Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԾԻՔՆ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 21,2005 00:00

Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունն
այդպես էլ հաշվի չառավ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի որոշ առաջարկներ, մյուս կողմից՝
Հայաստանի ընդդիմությունը նույնպես հաշվի չի առնում Եվրոպայի խորհրդի ակնկալիքները:
ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման խմբի ղեկավար Ռոլանդ Վեգեներն
իր սեպտեմբերի 7-ի նամակում նշել էր. «Ափսոսանքով նկատեցի, որ թեեւ ԱԺ որեւէ պատգամավոր
չքվեարկեց փոփոխությունների դեմ, դրանք չստացան ընդդիմության աջակցությունը, չնայած
հավաստիացումներին, որոնք արվել էին նրանց որոշ ներկայացուցիչների կողմից՝ ներառյալ
ԵԽ-ում վերջին հանդիպումների ընթացքում»: Փաստորեն՝ ԵԽԽՎ-ում «Ազգային միաբանություն»
եւ «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչներն աջակցության վերաբերյալ ինչ-որ
հավաստիացումնե՞ր են արել ընդդիմության անունից: Մեր այս հարցին ԵԽԽՎ-ում Հայաստանի
պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Մենք դրա իրավունքը չունեինք,
որ տայինք այդպիսի հավաստիացում: Խոսքն այլ բանի մասին է. հայտարարություն էր արվել
3 մոտեցումների մասին, որոնց լիարժեք ընդունման դեպքում մենք պատրաստ էինք մասնակից
լինել: Դրանից ավելին որեւէ բան չի ասվել»: Այնուամենայնիվ՝ մտահոգի՞չ չէ այն, որ
եվրոպական կառույցի ներկայացուցիչներն ափսոսանքով են արձագանքում Հայաստանի ընդդիմության
գործողություններին: Ի պատասխան՝ պրն Քոչարյանն ասաց. «Ես նրանց հասկանում եմ: Ուղղակի
ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչպես են գնահատում Հայաստանը դրսից: Ցավոք,
գնահատականի նշաձողն այնքան ցածր է, որ համարվում է, թե Հայաստանի իշխանություններից
այսքան փոփոխություններ ստանալը, կորզելն արդեն լուրջ քայլ առաջ է»: Այսուհանդերձ,
եղան նաեւ փոփոխություններ, որ Եվրոպայի խորհուրդն այդպես էլ չկարողացավ «կորզել»
մեր իշխանավորներից: Շավարշ Քոչարյանը մեզ տրամադրեց սահմանադրական փոփոխությունների
նախագծում առկա վիճահարույց խնդիրների վերաբերյալ տեղեկանքը, որը կազմել է «Ժողովրդավարություն»
կազմակերպության նախագահ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Այս տեղեկանքը փոխանցվել
է նաեւ Վենետիկի հանձնաժողովին: Եվ փաստաթղթում հատկապես առանձնացված են այն դիտողությունները,
որոնք Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն արել էին սահմանադրական փոփոխությունների
գործընթացի կապակցությամբ: Սակայն նախ առանձնացնենք Վարդան Պողոսյանի մի նկատառում,
որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը առաջարկ չի արել, սակայն որն ամրագրված է բազմաթիվ
երկրների հիմնական օրենքներում: Այն է, թե նախագահի կողմից Սահմանադրության եւ օրենքների
կոպիտ կամ դիտավորյալ խախտումը կարող է լինել պաշտոնանկության հիմք: Մինչդեռ նման
դրույթ առկա է Բուլղարիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովենիայի
սահմանադրություններում: «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները»
գլխում «տարբերակված մոտեցում չկա դասական իրավունքների, սոցիալական իրավունքների
եւ պետության քաղաքականության հարցերում»: Մինչդեռ սա 2001-ի նախագծի առնչությամբ
Վենետիկի հանձնաժողովի եզրակացության 30-րդ կետում ուղղակի ամրագրված պահանջ է: Նախագահի,
խորհրդարանի եւ կառավարության վերաբերյալ գլուխներում անտեսվել են Վենետիկի հանձնաժողովի
2000-ի եզրակացության մի շարք դրույթներ՝ որոշումների ընդունման ընթացակարգի, կրկնաստորագրության
բացակայության վերաբերյալ: Եվ պահպանվել է «նախագահի կողմից նշանակումների չափազանց
մեծ իրավասությունը», որը քննադատվել էր եվրոպական փորձագետների կողմից: ԱԺ
իրավունքը՝ վերացնելու ռազմական կամ արտակարգ դրությունը, կառավարության ակտերի կասեցումը՝
սրանք վիճահարույց դրույթներ են, որոնց լուծումներն առաջարկված էին հանձնաժողովի
2001-ի եզրակացության մեջ, սակայն անտեսվեցին: Վենետիկի հանձնաժողովը 2004-ին
էր դեռ վստահաբար առաջարկել, որ վերջնական տեքստից հանվի այն դրույթը, թե կառավարությունը
սահմանում է իր ներկայացրած օրինագծերի հաջորդականությունը: Մինչդեռ 3-րդ ընթերցմամբ
ընդունված նախագծում էլ ամրագրված է հետեւյալ դրույթը. «Կառավարությունը կարող է
սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ պահանջել,
որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով»: Ամբողջապես
չեն իրացվել հեռուստաոլորտը կարգավորող հանձնաժողովների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի
թե՛ 2001-ի, թե՛ 2005-ի եզրակացություններում առկա առաջարկները: Սահմանադրական
դատարանն ըստ այս փոփոխությունների չի կարող լուծել իրավասությունների վերաբերյալ
վեճեր՝ սա էլ 2001-ի եզրակացության պահանջներից է: Եվ ամենակարեւորը՝ սահմանադրական
փոփոխությունները, անգամ նախագծի ընդունման դեպքում, «հնարավորինս արագ» ուժի մեջ
չեն մտնելու, մինչդեռ սա 2005-ի եզրակացության 24-րդ կետով ամրագրված պահանջ է: Մնում
է միայն զարմանալ, որ Եվրոպայի խորհուրդը մի կողմ դնելով իր իսկ մասնագիտական կառույցի
անտեսված հանձնարարականները՝ դրական գնահատականներ է տալիս փոփոխությունների նախագծին:
Գուցե իրո՞ք առաջնորդվում են «Հայաստանի իշխանություններից այսքան փոփոխություններ
կորզելն էլ արդեն լուրջ քայլ առաջ է» մոտեցմամբ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել