Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻՆ

Հոկտեմբեր 20,2005 00:00

ԵՎՐՈՊԱՅԻՆ ՆՈՐ ԲԵԹՀՈՎԵՆՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ Այս կարծիքին են Երեւան հյուրախաղերի եկած եվրոպացի արվեստագետները Շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը (որին ժամանակին «Առավոտը» ներկայացրել է) եւ առաջին անգամ Հայաստան այցելած իտալացի դաշնակահար Պաոլո Մարձոքին մեզ հետ հարցազրույցի սկզբում «իրենց նախաձեռնությամբ» գուժեցին, որ այլեւս հնարավոր չէ շարունակել դասական արվեստի հանդեպ 20-րդ դարի վերջին Եվրոպայում տարվող քաղաքականությունը: Պ. Մարձոքիի խոսքերով. «15 օր առաջ Իտալիայի կառավարությունը դասական արվեստին նախատեսած բյուջեն 40%-ով պակասեցրեց: Կոնկրետ մեր երկրում կառավարության այդ քայլն առաջացրեց արվեստագետներիս արդարացի դժգոհությունը, դա որակելով վերջին տարիների ամենադրամատիկ իրավիճակ»: Մեր երկու զրուցակիցներն էլ նշեցին, որ, փաստորեն, Եվրոպայում եւ Ամերիկայում դասական երաժշտությունը «պահում» են միայն նվիրյալները: Մեր հարցին, թե ինչո՞ւ քաղաքակիրթ Եվրոպայում ստեղծվեց նման իրավիճակ, երաժիշտները հայտնեցին, որ եվրոպական պետությունները կամ, ավելի ճիշտ, այդ դաշտը համակարգող նախարարությունները, օրինակ, կոմպոզիտորից գոնե ձեւական՝ չնչին գումարով, ստեղծագործություն չեն գնում. «Կոմպոզիտորն էլ ֆինանս է պահանջում կատարողից: Թեեւ ելույթներից մենք ստանում ենք գումար, բայց դա այնքան չէ, որ կարողանանք վճարել հեղինակին»: Մեր զրուցակիցները հավաստիացրին, որ այսօր էլ ծնվում են այնպիսի ստեղծագործություններ, որոնք կես կամ մեկ դար հետո իրավացիորեն կհամարվեն դասական. «Ժամանակին Բեթհովենը, Մոցարտը, Բրամսը եւ մյուս մեծությունները չէին էլ կարող մտածել, որ դարեր հետո իրենք կհամարվեն դասական եւ տեղ կգտնեն յուրաքանչյուր կատարողի նվագացանկում: Մենք երեւանյան համերգին էլ պետք է կատարենք դասականների գործեր՝ Բեթհովեն եւ Բրամս, իսկ հնարավոր էր եւ ներկայացնեինք շվեյցարացի կամ իտալացի երիտասարդ կոմպոզիտորի: Ինչպես նշեցինք, դա չենք անում մեկ պատճառով. որովհետեւ չենք կարող վճարել հեղինակին: Իսկ Եվրոպան պետք է մտածի, որ այսօր կարող է կորցնել նոր բեթհովենների, բրամսների, մոցարտների»: Պ. Մարձոքին տեղեկացրեց, որ չնայած այս ամենին, ինքը մեծ գործունեություն է ծավալում ժամանակակից երաժշտության պրոպագանդման ու տարածման ուղղությամբ. «1997թ. գործընկերոջս հետ հիմնել եմ IMPRIMATVR ձայնագրման ստուդիան, որտեղ կատարվում են ոչ միայն ձայնագրման աշխատանքներ, այլեւ թողարկում ենք տեսահոլովակներ, ինչ-որ ձեւով դրանք հրամցնելով ռադիոլսողին ու հեռուստադիտողին»: Ընդհատելով գործընկերոջը, Լ. Բաղդասարյանը նշեց, որ այս տարի Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ աշխարհահռչակ Վլադիմիր Աշկենազիի CD-ները վաճառվել են ընդամենը մի քանի հարյուր օրինակ. «Սա Եվրոպայի համար խայտառակ փաստ է»: Երաժիշտները տեղեկացրին նաեւ այն, ինչը մեզ վաղուց քաջ հայտնի էր. «Այսօր նույնիսկ աշխարհահռչակ, հայտնի համերգասրահների բեմահարթակներ դուրս գալու համար, տաղանդի փոխարեն, առաջին հերթին կանանց պարագայում դեր են խաղում գեղեցիկ ոտքերը, փարթամ կուրծքը եւ այլ մարմնական բարեմասնություններ: Իսկ տղամարդկանցից «պահանջվում» է աթլետիկ կառուցվածք, մոռանալով, որ մարմին ցուցադրելու համար գոյություն ունեն համապատասխան հաստատություններ»: Զրույցի ավարտին արվեստագետները նշեցին, որ անցնելով Երեւանի Օպերային թատրոնի մոտով, նկատել են դասական արվեստին վերաբերող հայտագրերի առատությունը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. «Ա. Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 21-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ելույթ կունենա դաշնակահար Պ. Մարձոքին: Համերգը կղեկավարի Լ. Բաղդասարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել