Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տուգանային»

Հոկտեմբեր 20,2005 00:00

«Տուգանային» նվեր՝ ծնունդին Երեկ «Բագրատուր» ավիաընկերության 2-ամյակն էր. նույն օրը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանեց ընկերությանը մոտ 1 մլն 176 հազար դրամով: «Շատ լավ նվեր էր, դա մեզ համար հսկայական գումար է»,- հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին տեղեկացնելով «Բագրատուրի» 2-ամյակի մասին՝ հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Նավոյանը: Իսկ տուգանքը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սահմանել էր՝ թուրքական «Թաուեր Թրավել» ընկերության հետ հակամրցակցային գրավոր պայմանավորվածություն ձեռք բերելու համար: «Բագրատուրից» բացի, 2004-ի ընթացքում տվյալ ծառայության իրացումից ստացված հասույթի 1 տոկոսի չափով տուգանվեց նաեւ պայմանագիր կնքած երկրորդ կողմը՝ «Թաուեր Թրավելը»: Հիշեցնենք, որ խոսքն այն պայմանավորվածության մասին է, որի համաձայն՝ «Թաուեր Թրավել» ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է տոմսերի վաճառքը, իսկ «Բագրատուրը», որպես փոխհատուցում, պարտավորվել է հայկական կողմին սպասարկող «Արմավիայից» վաճառված «Երեւան-Ստամբուլ-Երեւան» չվերթի յուրաքանչյուր տոմսի արժեքից 50 դոլար փոխանցել «Թաուեր Թրավելին»: Ըստ հանձնաժողովի անդամների՝ տեղի է ունեցել բացահայտ հակամրցակցային համաձայնություն, քանի որ առկա է այդ մասին վկայող պայմանագիր, որի հետեւանքով սահմանափակվել են ծառայությունների իրացման կամ ձեռքբերման ծավալները, բացի այդ, փաստորեն, տնտեսվարող սուբյեկտներից մեկը՝ «Թաուեր Թրավելի» պատվերով սպասարկող «Ֆլայ Էյր» ընկերությունը դադարեցրել է ձեռնարկատիրական գործունեությունը: Երեկ պարոն Նավոյանն առանձնապես չառարկեց հանձնաժողովի կողմից սահմանված տուգանքը: Նրա դիտարկմամբ՝ բոլոր կազմակերպություններն էլ կարող են սխալվել, եթե մենք սխալ ենք՝ թող պատժվենք: Հարցին, թե չե՞ք կարծում, որ հանձնաժողովի աշխատակիցները ավիափոխադրումների շուկան լավ չեն ուսումնասիրել ու բիզնեսի, եկամտաբերության առումով սխալ եզրակացության են եկել, պարոն Նավոյանը պատասխանեց. «Չէ, մոտ 1-1.5 ամիս ուսումնասիրություններ արել են, ափսոս, ես մինչեւ հիմա չեմ իմացել հանձնաժողովի տեղը, եթե իմանայի՝ 2 տարի առաջ կդիմեի նրանց, որովհետեւ «Սիբիրավիան» ամեն ինչ արել է, որ «Բագրատուրը» շուկա չմտներ»: Հիմա, երբ պարոն Նավոյանը հանձնաժողովի տեղն իմացել է՝ արդեն «Սիբիրավիան» գործունեությունը դադարեցրել է: Նկատենք, որ հանձնաժողովը տուգանեց «Բագրատուրին»՝ ձեռքի տակ ունենալով համապատասխան պայմանագիրը, բայց շատ դեպքերում ընկերությունները փոխհամաձայնության են գալիս բանավոր: Հարցին, թե տեսականորեն հնարավո՞ր էր, որ մի օր «Թաուեր Թրավելի» ներկայացուցչի հետ սրճարանում նստեիք ու բանավոր համաձայնություն կնքեիք՝ խուսափելով ավելորդ անախորժություններից, պարոն Նավոյանը պատասխանեց՝ «Չէ, ինձ մի համոզեք, հնարավոր չէր, մենք ընենց հաշվապահ ունենք, իրանից բան թաքցնել չէր լինի, թե չէ՝ փաստաթուղթը կարող էինք թաքցնել»: Պարոն Նավոյանը երեկ պատրաստ էր լրագրողների ցանկացած հարցի պատասխանել. նրա մեկնաբանությամբ՝ ավելի լավ է հարցրեք՝ պատասխանեմ, քան թե «Առավոտի» նման սխալ հաշվարկներ անեք ու պարզեք, որ «Թաուեր Թրավելի» հետ կնքած պայմանագրի արդյունքում տոմսի գները 250-ից 300 դոլար են դարձել: Նշենք, որ «Առավոտը» հրապարակման մեջ (18.10. 2005, «Հայ-թուրքական համաձայնագիր») նման հաշվարկներ չի կատարել, պարոն Նավոյանը թյուրիմացության մեջ է, խորհուրդ ենք տալիս նյութը վերընթերցել: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել