Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՅՈ»-Ն

Հոկտեմբեր 20,2005 00:00

«ԱՅՈ»-Ն ԱՌԱՎՈՏՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ» Ապարանցիները եւ Լիսկան ընտրում են եվրոինտեգրման ճանապարհը «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը սահմանադրական հանրաքվեի «այո»-ն ապահովելու նպատակով երեկ ՀՀ-ում գրանցված բոլոր հայրենակցական միությունների եւ ազգային փոքրամասնությունների միությունների հետ համատեղ որոշեցին ստեղծել սահմանադրական հանրաքվեի շտաբ, որը կհամակարգի եւ կքարոզի սահմանադրական փոփոխությունների բոլոր բարեմասնությունները եւ ընտրողներին կփորձի համոզել, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ից է կախված ապարանցիների, լոռեցիների, նախիջեւանցիների, գյումրեցիների եւ համայն հայության եվրոպացի դառնալը: Հավաքը ընդունեց հայտարարություն, որն արժե մեջբերել ամբողջությամբ. «Խորապես գիտակցելով, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը ՀՀ պետական եւ հասարակական կյանքում իրավամբ կապահովի որակական առաջընթաց, ընդունելով, որ Սահմանադրության նոր փոփոխությունները մեր երկրում ժողովրդավարության զարգացման, բարեկեցության կարեւոր երաշխիքներն են, հայտարարում ենք, որ ըստ ամենայնի աջակցելու ենք սահմանադրական բարեփոխությունների նախագծի հանրաքվեին եւ ասելու ենք «այո», քանզի. «Այո»-ն առավոտն է հայրենիքի/ «Այո»-ն մեր հույսերն են վերանձնական,/ «Այո»-ն միավորող ուժն է ամենքիս,/ «Այո»-ն մեր ոգին է հավաքական»: Ավելորդ է ասել, որ այս խոսքերը ուղեկցվեցին բուռն եւ երկարատեւ ծափահարություններով: Պատկերն ամբողջական դարձավ, երբ ԱԺ պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանը լրագրողներին ծածուկ հայտնեց, որ սա դառնալու է սահմանադրական հանրաքվեի օրհներգը, գրվելու է նաեւ երաժշտություն, եւ դեպի Եվրոպա գնացող ապարանցիներն ու մյուս հայրենակցականները նոյեմբերի 27-ին ընտրատեղամաս են գնալու այս երգը շուրթերին: ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցականի պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանին մենք հարցրինք՝ սահմանադրական հանրաքվեին իր գլխավորած հասարակական կազմակերպության այսօրինակ ակտիվությունը պայմանավորված չէ՞ իր զբաղեցրած պաշտոնով: Գլխավոր դատախազն ասաց. «Ձեր գնահատելու հարցն է»: Նա նաեւ այն կարծիքին է, որ հանրաքվեից հետո «մեր ողջ ազգը պետք է տոնախմբություն կազմակերպի նման սահմանադրություն ունենալու համար»: Ըստ գլխավոր դատախազի, ընդդիմության պահվածքը անհասկանալի է. «Հայտարարվում է, որ ժողովրդի համար, մեր պետականության համար շատ լավ փաստաթուղթ է ձեւավորված, միջազգային բոլոր կառույցների դրական եզրակացություններով դրված ժողովրդի դատին, բայց քանի որ մենք չենք իշխանության, ուրեմն կոչ ենք անում այդ սահմանադրությունը չընդունել կամ չգնալ հանրաքվեի: Դարձյալ՝ անհասկանալի: Իսկ ե՞րբ պիտի դա անենք, հարգելի պարոնայք, ե՞րբ եք գալու իշխանության, որ դուք իրականացնեք այդ սահմանադրական բարեփոխումները, նոյեմբերի՞ն, դեկտեմբերի՞ն, երկո՞ւ տարի հետո, երեսո՞ւն տարի հետո, ե՞րբ»: Նախկին պատգամավոր եւ թաղապետ Ռուբեն Գեւորգյանը իր քնարական խոսքում ասաց. «Ոչ մի ուժ չպետք է մոռանա, որ հայ տեսակը հաճախ է կանգնել խորհրդավոր վճիռների եւ նոր ճանապարհների առաջ, եւ այսօր էլ, այս վճռորոշ պահին, բոլորը պարտավոր են լրջորեն մոտենալ երկրի սահմանադրությանը վերաբերող այսօրվա կարեւորագույն խնդրին, որը նոր ճարած ճանապարհներ է բացելու հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը»: Սյունիքի մարզպետ, «Սյունիք» հայրենակցական միության նախագահ Սուրեն Խաչատրյանը իր հերթին այն կարծիքին է, որ թեպետ սյունեցիները ուզում են իրենց ազգային ավանդույթները պահպանել, «բայց չեմ կարծում, որ դրանով կարող ենք շատ երկար գնալ: Ամեն դեպքում պետք է եվրոպական ընտանիքին անդամակցենք»: ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը նկատեց, որ «չի կարելի վերցնել այնքան անկախություն եւ դեմոկրատիա, որքան ցանկանում ես, դա պետք է լինի չափավոր եւ այնքան, որքան կարող են մարսել»: ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ասաց. «Ես եղել եմ եւ մնալու եմ ընդդիմություն, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում կան կլանային համակարգ, աղքատություն, կոռուպցիա, արտագաղթ, սխալ կադրային քաղաքականություն, ընտրությունների կեղծում: Բայց չեմ կարող ավելի ընդդիմադիր երեւալու համար մերժել ակնհայտ իրողությունները»: Նշելով վերջին տարիներին Քըրք Քըրքորյանի հաշվին կառուցված եւ վերակառուցված մի շարք կառույցներ՝8217 պատգամավորը ասաց. «Դե, եկեք ավելի ընդդիմադիր երեւալու համար Դիլիջան գնալուց չօգտվենք թունելից, Ապարան գնալուց չօգտվենք Աշտարակի զույգ կամուրջներից, Դավիթաշեն գնալու համար չօգտվենք կամրջից, չայցելենք մշակութային օջախներ, չքայլենք Երեւանի բարեկարգ փողոցներով, իսկ Եղեգնաձորից Մարտունի մեկնելիս չանցնենք Սելիմի լեռնանցքով, որը 50 կմ է, այլ նախկինի նման անցնենք 300 կմ, քանի որ այս բոլորը կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ես նման ընդդիմությանը ամենեւին համաձայն չեմ»: Նույն շեշտադրմամբ անցում կատարվեց նաեւ սահմանադրական փոփոխություններին, այսինքն՝ եթե լավն է, «այո» ասեք, ի՞նչ կապ ունի, թե ով է փոփոխողը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել