Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵԳԵՆԵՐՆ

Հոկտեմբեր 20,2005 00:00

ՎԵԳԵՆԵՐՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հիմնավորում է իր այն պնդումը, թե ընդդիմության պահվածքն անհասկանալի է միջազգային հանրության համար: ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով քարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը Հայաստանի սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի առնչությամբ ասել էր. «Հենց սա ենք մենք անվանում ժողովրդավարություն, երբ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է հայտնել իր դիրքորոշումը»: Նրա այս հանդուրժողական վերաբերմունքն առիթ տվեց հիշելու ԱԺ ամբիոնից Տիգրան Թորոսյանի հավաստիացումը, թե ընդդիմության պահվածքը հարցականների տեղիք է տալիս եվրոպական կառույցներին: «Այլակարծությունը ժողովրդավարության բաղադրիչներից մեկն է՝ երկրորդ կարծիք լինել չի կարող,- նախ նկատեց պրն Թորոսյանը:- Եվ երբ մարդիկ ասում են, թե «ոչ»-ի քվեարկությունը ժողովրդավարության դրսեւորում է՝ սա բացարձակապես ոչ մի կերպ, համոզված եմ, չի հակասում նրան, որ այնուամենայնիվ, չեն հասկանում՝ ինչո՞ւ «ոչ»: «Ոչ» ասելու հիմնավորումը, իրավունքը եւ դրսեւորումը ակնհայտորեն միմյանցից տարբեր բաներ են»: Իսկ որպես ապացույց, թե այս հարցում ընդդիմության դիրքորոշումն իսկապես տարօրինակ է միջազգային կառույցների համար՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը մեզ տրամադրեց ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման խմբի ղեկավար, դեսպան Ռոլանդ Վեգեների սեպտեմբերի 7-ի նամակը, որը վերջինիս խնդրանքով տրամադրվել է նաեւ ԱԺ խմբակցություններին: Նամակում դեսպանը նշում է, որ նախարարների կոմիտեն առանձնահատուկ կարեւորություն է տալիս Հայաստանի սահմանադրական փոփոխություններին, «որը էական է երկրում ժողովրդավարության ամրապնդման համար»: Վեգեները հայտնում է, թե ուրախ էր տեղեկանալ, որ խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց այն բոլոր փոփոխությունները, որոնց շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Վենետիկի հանձնաժողովի եւ հայաստանյան պատվիրակության միջեւ Ստրասբուրգում հունիսի 23-24-ին. «Միեւնույն ժամանակ, ես ափսոսանքով նկատեցի, որ թեեւ ԱԺ որեւէ պատգամավոր չքվեարկեց փոփոխությունների դեմ, դրանք չստացան ընդդիմության աջակցությունը, չնայած հավաստիացումներին, որոնք արվել էին նրանց որոշ ներկայացուցիչների կողմից՝ ներառյալ ԵԽ-ում վերջին հանդիպումների ընթացքում»: «Արմինֆո»-ի համաձայն՝ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենն էլ էր հանդիպման ընթացքում Տիգրան Թորոսյանից հետաքրքրվել, թե ինչու «ընդդիմությունը, որը մի քանի ամիսների ընթացքում քննադատել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը, այսօր, երբ առաջադրված գրեթե բոլոր հարցերը լուծվել են փաստաթղթի լրամշակման ընթացքում, բոյկոտում է այն»: Որպես տեղեկատվության աղբյուր նշված էր պրն Թորոսյանը, սակայն վերջինս մեզ ասաց, թե ինքը նման բան չի ասել. «Զարմանք եւ նման բաներ չեն եղել»: Այս առիթով անդրադարձավ նաեւ մեր թերթում այս հանդիպման մասին Շավարշ Քոչարյանի կշտամբանքին, թե «Ռենե վան դեր Լինդենը հարց է տվել՝ ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ այս փոփոխություններին: Տիգրան Թորոսյանը պատասխանել է՝ որովհետեւ ընդդիմությունն ունի միայն մեկ նպատակ, ընդդիմությանը չի հետաքրքրում Սահմանադրությունը, երկրի ապագան, իրենց հետաքրքրում է միայն իշխանությունը»: ԱԺ փոխնախագահը ցավ հայտնեց, որ Շավարշ Քոչարյանը «պարզապես աղավաղել է այն, ինչ տեղի է ունեցել, եւ այն, ինչ ես ասել եմ»: ԵԽԽՎ նախագահը հետաքրքրվել է Հարավային Կովկասում իրադարձությունների ընթացքով. «Հանդիպման նպատակն էր եւս մեկ անգամ հաստատել, որ Վեհաժողովի հետաքրքրությունն էապես մեծացել է տարածաշրջանի նկատմամբ»: Եվ ընթացքում Ռենե վան դեր Լինդենն իրոք հարցրել է, թե ինչո՞ւ է ընդդիմությունը մերժում նախագիծը: «Ես ասել եմ ընդամենը մեկ նախադասություն՝ այն, ինչ ընդդիմությունը բազմիցս կրկնել է ե՛ւ թերթերում, ե՛ւ հեռուստատեսությամբ: Այն է, թե նախագիծը վատը չէ, բայց քանի որ այն ներկայացրել են իշխանությունները, որոնց ընդդիմությունը ներկայացնում է բազմաթիվ մեղադրանքներ՝ այդ պատճառով էլ գտնում են, որ այս իշխանությունը չպետք է իրականացնի սահմանադրական փոփոխություններ, եւ իրենք դեմ են դրանց: Այսքանն էր՝ ես բացարձակապես ոչ որեւէ բան եմ ավելացրել, ոչ էլ վան դեր Լինդենն է արձագանքել»: ԵԽ ներկայացուցիչները բավական ակտիվորեն քարոզում են հօգուտ սահմանադրական փոփոխությունների: Արդյոք սա «Հանրաքվեի մասին» օրենքի 20 հոդվածի խախտո՞ւմ չէ, ըստ որի՝ արգելվում է քարոզչություն կատարել օտարերկրյա քաղաքացիներին եւ կազմակերպություններին: Մեր այս հարցին ի պատասխան Տիգրան Թորոսյանն ասաց. «Բայց նրանք քարոզչություն չեն անում: Միջազգային կազմակերպությունների կամ տարբեր երկրների որեւէ ներկայացուցիչ երբեք չի ասել, թե քվեարկեք «այո»: Բայց եթե անգամ որեւէ մեկն արել է նման ակնարկ, համոզված եմ, որ սա եւս օրենքի խախտում չէ: Չմոռանանք, որ քարոզչությունը վերաբերում է հստակ ժամանակահատվածի եւ որոշակի գործընթացների, որոնք սահմանված են օրենքով: Այդ գործընթացներում որեւէ օտարերկրացի չի ներգրավվել եւ, համոզված եմ, չի ներգրավվելու ու քարոզելու «կողմ» կամ «դեմ»: Բայց բնականաբար, մարդիկ, որոնց հետաքրքրում է այս փաստաթուղթը, կարող են արտահայտել իրենց տեսակետը փաստաթղթի կարեւորության եւ օգտակարության առնչությամբ, ինչը եւ բազմիցս արել են»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել