Իսկ
բնակիչները խեղդվում են գոմաղբի հոտից Մոտ հինգ տարի է՝ Նոր
Նորքի չորրորդ զանգվածի բնակիչ Մնացական Նավոյանը բնակելի շենքի անմիջապես հարեւանությամբ
զբաղվում է այծաբուծությամբ՝ շրջապատի բնակիչների համար ստեղծելով հակասանիտարական
վիճակ: 75-ամյա Մնացական պապի այծերի հարցը Նոր Նորքի թաղապետի թեկնածուներն
էլ են շոշափել՝ բնակիչներին խոստանալով ընտրվելու դեպքում գոմը վերացնել: Մասնավորապես
նման խոստում տվել է վերընտրված թաղապետ Դավիթ Պետրոսյանը, որը, սակայն, այդպես էլ
չի արձագանքել: Մինչդեռ, բնակիչների հավաստմամբ, թաղապետարանի պատասխանատուները «սբխեչից
սբխեչ գալիս են, իրենց ուլը ստանում ու հարցը փակում»: Գոմը, որտեղ Նավոյանը
պահում է 30-40 այծ, Գյուլիքեխվյան փողոցի թիվ 37 շենքի բնակիչների համար ապահովում
է 24-ժամյա գարշահոտություն: «Անտանելի հոտ է գալիս, չենք կարողանում դուռ
ու պատուհան բացել: Ինչ միջատ ասես՝ ներխուժում է բնակարան: Վիճակը սարսափելի է հատկապես
ամռանը. հոտից ճանճեր ու մոծակներ են վխտում, ինչը վարակի տարածման աղբյուր է: Մի
կողմից էլ շների հաչոցն է անհանգստացնում, որոնց այծատերը բազմացրել է՝ կենդանիներին
պահակություն անելու համար: Նույնիսկ լվացք չենք կարողանում փռել՝ հագուստներին գոմի
հոտ է կպնում»,- բողոքեց շենքի բնակիչ Վալենտինա Աբրամովան: Մեկ այլ բնակչի՝ Սեդա
Պետրոսյանի խոսքերով էլ՝ «հիվանդ կին եմ, օրվա մեծ մասն անկողնում եմ անցկացնում
եւ մաքուր օդի կարիք ունեմ, սակայն գարշահոտից շնչահեղձ եմ լինում»: Նշյալ
հասցեն շենքերով ծանրաբեռնված փողոց է եւ տհաճ հոտն ու դրա հետեւանքները հարեւան
շենքերի բնակիչներին էլ են անհանգստացնում: Նրանց վիճակը հասկանալու համար կարելի
է նույնիսկ չմոտենալ գոմին՝ 20-30 մետր հեռավորությունից էլ արդեն հոտը խեղդում է:
Էլ չենք ասում, որ բակի երեխաները մշտապես «շփվում են» ամենուր թափված գոմաղբի հետ:
Բնակիչների ներկայացմամբ՝ քիչ չէ, որ այծերը հակասանիտարական վիճակ են ստեղծում,
հետն էլ մաքրազարդում են տարածքի ողջ կանաչը՝ թուփ ու ծառ չեն թողնում՝ ուտում են:
Գոմից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում նաեւ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանը
եւ այծերի զբոսնելու վայրերից է նաեւ դատարանի տարածքը: Այծերին մարդկանց
հարեւանությամբ բնակեցնելը այծատերն այսպես բացատրեց. «Օրական գողություն է լինում,
բա հո տնից հեռու չեմ պահելու: Սա իմ ապրուստի միակ միջոցն ա»: Բնակիչներին՝ այծերի
պատճառած նեղությունն էլ Մնացական պապը միանգամայն բնական համարեց. «Բա կենդանի ա,
հոտ կգա, բա ի՞նչ կանի, մարդուց ա հոտ գալիս, ուր մնաց, թե այծից չգա»: Այծապանին
խիստ զարմացրեց նաեւ «Առավոտի» այն հարցը, թե իր ստեղծած հակասանիտարական վիճակի
համար որեւէ իրավասու մարմնի կողմից տուգանվե՞լ է. «Բալա ջան, ինչի՞ համար տուգանեն,
դեռ մի բան էլ ինձ պետք ա պարգեւատրեն, որ այծերիս կաթով օրը մի հարյուր հիվանդ եմ
բուժում»: Նա շենքի բնակիչներին հանգստացրեց, ասելով՝ «համ էլ այծերս վաճառել եմ,
էս երկու օրը գալու են տանեն»: Մինչդեռ, բնակիչների խոսքերով, «նա էս 5 տարի է՝ մեր
գլխի տակ փափուկ բարձ ա դնում»: Հիգիենիկ հակահամաճարակային ծառայության Նոր Նորքի
եւ Ավան համայնքների տարածքային կենտրոնի պետ Սարգիս Ղուկասյանը հարցին անտեղյակ
չէր, ինչը պատճառաբանեց բնակիչներից գրավոր բողոք չստանալու հանգամանքով: Նա նշեց,
որ խնդիրն իրենց կառնչվի միայն այն դեպքում, երբ անասնապահը խախտած լինի բնակելի
տարածքի եւ իր ֆերմայի միջեւ սահմանված սանպաշտպանական գոտին. «Անասնապահական ֆերման
չպետք է 25 մետրից մոտ լինի բնակելի տարածքին»: Մ. Նավոյանը խախտե՞լ է, թե՞ ոչ՝ սահմանված
հեռավորությունը. Ս. Ղուկասյանը խոստացավ ուսումնասիրել: Սակայն պարզ էր, որ նույնիսկ
30-40 մետրի դեպքում էլ գարշահոտը հաղթահարում է սահմանված հեռավորությունը: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ