Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի

Հոկտեմբեր 19,2005 00:00

Մշակույթի գործիչներն ընդվզեցին Երեկ «Վերջ տվեք մշակույթի ջարդին» կարգախոսով Կամերային երաժշտության տան ճակատագրով մտահոգ՝ նրանք բացօթյա ասուլիս էին հրավիրել: Պահանջում էին Կամերային տան շքամուտքից մինչեւ Աբովյան փողոց տարածվող սրճարանային համալիրի լայն թափով ընթացող շինարարությունը կասեցնել եւ «9-րդ ալիք» սրճարանից հնչող երաժշտությունը արգելել: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանն այս առիթով ասաց. «Քանի որ սեպտեմբերի 22-ին հանրապետության նախագահը անձամբ է հետաքրքրվել այս հարցով եւ մտահոգվելով հանձնարարականներ տվել, վերահսկողական ծառայության հետ էլ եղել են հանդիպումներ, ու խնդիրը ուսումնասիրվում է, մենք հավատում ենք, որ պիտի համապարփակ, ճիշտ լուծում առաջարկվի ի նպաստ մշակույթի»: Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադեւոսյանն էլ ավելացրեց. «Առանց այն էլ մշակույթը ֆինանսավորվում է, այսպես ասած, մնացորդային կարգով, հիմա էս մնացորդն էլ կարծես չեն ուզում մեզ թողնել: Ուզում եմ հավատալ, որ խելոք քայլեր կարվեն եւ շինարարությունը կկասեցվի մինչեւ համապատասխան որոշում ընդունելը»: Երգչուհի Աննա Մայիլյանը իշխանավորներին կոչ արեց ավելի շատ մտածել ոչ թե ստամոքսի, այլ մշակույթի մասին. «Չեմ հասկանում, մարդկանց ինչպե՞ս է կանաչի փոխարեն դուր գալիս ոչ պատշաճ որակավորում ստացած քարը, որը իրենից պետք է բխեցնի այլանդակություն»: Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքս Դավթյանի համոզմամբ՝ նման բան հաստատ չէր լինի խորհրդային ռեժիմի տարիներին. «Ես ուզում եմ հավատալ, որ այսօրվա մեր հավաքը իսկապես օգուտ կբերի եւ այս կառույցի շինարարությունը կարգելվի: Վստահ եմ, Սովետական Միության ժամանակ կառավարությունը ոչ մի վայրկյան չէր մտածի, կբերեր բուլդոզերը եւ ամեն ինչ կհավասարեցներ հողին: Կարծում եմ, որ մեր նախագահն էլ դա կարող է անել եւ կանի»: Լրագրողների՝ Արամ Ղարաբեկյանին ուղղված հարցին, թե մշակույթի նախարարը տեղյա՞կ է այս ամենից, շտապեց պատասխանել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը. «Ինչո՞ւ, մենք ավելի փոքր ենք կամ քի՞չ ենք, քան նախարարն ու կառավարությունը»: Հետո էլ պրն Հեքեքյանն ավելացրեց. «Մենք եկել ենք ու էլի ու էլի ենք գալու, որովհետեւ նախ քաղաքացի ենք, եւ մեզ դուր չի գալիս, որ մեր քաղաքի հետ վարվում են ոչ խելամիտ: Բայց հավատում ենք, որ հարցը լուծում կստանա, որովհետեւ հավատում ենք նաեւ տրամաբանությանը»: Նյու Յորքից ժամանած Ջուլիարդ համալսարանի դասախոս, արվեստագետ Րաֆֆի Սվաճյանը եւս կոչ արեց ՀՀ նախագահին եւ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանին անպատասխան չթողնել մշակույթի գործիչների բարձրացրած հարցը եւ «վերջ դնել հայկական մշակույթի գենոցիդին»: Ակցիային մասնակցում էին նաեւ մի խումբ հ/կ-ներ, որոնք եւս ուրբաթ օրը նույն տեղում բացօթյա մամլո ասուլիս կհրավիրեն: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել