Տնօրենն ամենազո՞ր է 2001թ. «Կաիսա» ՍՊԸ տնօրեն Արմեն Քալաշյանը, առանց ընկերության մասնակիցների համաձայնության եւ մասնակցության, միանձնյա գնահատել է ՍՊԸ-ին պատկանող «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանի» 100 տոկոս բաժնեմասը եւ վաճառել իրեն ու իր կնոջը: Մինչդեռ, համաձայն «Կաիսա» ՍՊԸ կանոնադրության 7.2 կետի 16 ենթակետի, խոշոր գործարքների կնքման իրավասությունը պատկանում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովին եւ ոչ թե տնօրենին: Հիշեցնենք, որ բուհը Ա. Քալաշյանի կողմից գնահատվել է ընդամենը 10 հազար դրամ: Վերաքննիչ դատարանում վիճարկվող հարցերից հիմնականը եղել է ընկերության բաժնեմասի շուկայական արժեքի պարզաբանումը, ինչի համար նշանակվել է 2 դատատնտեսագիտական փորձաքննություն: Երկուսն էլ եզրակացրել են, որ գործարքների կնքման պահին բաժնեմասի շուկայական արժեքը, համաձայն ընկերության ակտիվների, պետք է լիներ ոչ պակաս, քան 5 մլն դրամ: Ընդ որում, երկու փորձագիտական եզրակացություններն էլ նշանակվել են պատասխանողի՝ Արմեն Քալաշյանի պնդմամբ եւ իրականացվել 2 կողմերի մասնագետների կողմից: Իսկ փորձագիտական եզրակացությունը պետք է հիմք հանդիսանար դատարանի վերջնական վճռի համար, քանի որ դեռեւս տնտեսական դատարանի վճիռը բեկանվել էր բաժնեմասի շուկայական գինը որոշելու պատրվակով: Իսկ փորձագիտական եզրակացություններն էլ կայացվել են վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ դատավոր Լեւոն Գրիգորյանի նախագահությամբ: Եվ այն պահին, երբ արդյունքները կային, եւ դատարանը պատրաստ էր վճիռ կայացնել, բոլորի համար անակնկալ, դատարանի կազմը փոխվում է, նախագահող դատավոր է նշանակվում Տիգրան Սարգսյանը: Մինչդեռ՝ Տիգրան Սարգսյանը դատական մեկ նիստի ընթացքում, առանց փորձագետներին հարցաքննելու, որոշում է, որ փորձագիտական եզրակացությունները հիմնավոր չեն: Վճռում ասվում է. «Ինչ վերաբերում է «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան» ՍՊԸ բաժնեմասի շուկայական արժեքի վերաբերյալ փորձագետի կողմից տրված դատատնտեսագիտական երեք տարբեր եզրակացություններին, ապա նույն հարցի վերաբերյալ, նույն փաստաթղթային բազայի առկայության պայմաններում երեք իրարամերժ եզրակացությունները դատարանը չի կարող գնահատել որպես թույլատրելի ապացույց, դրանք հավաստի եւ արժանահավատ չեն»: Հայցվոր կողմն էլ (Ալբերտ Մաթեւոսյան) ունի իր հակափաստարկները. «Դատարանը վճռով ակնհայտորեն խեղաթյուրել է գործում առկա փաստերը՝ դրանք հարմարեցնելով վճռի էությանը: Մասնավորապես՝ գործում առկա է ոչ թե 3, այլ 2 ավարտուն փորձագիտական եզրակացություն, որոնք ոչ միայն իրարամերժ չեն, այլեւ դրանցով հաստատվում է, որ 2001թ. գործարքների կնքման պահին «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան» ՍՊԸ բաժնեմասի շուկայական գինը եղել է շատ ավելի բարձր, քան նշված է պայմանագրերում»: Հայցվոր կողմը կայացված վճռի դեմ բողոքում արձանագրում է. «Վճռում արտահայտված դատարանի տրամաբանությունը հնարավորություն է տալիս ցանկացած ընկերության տնօրենի՝ միանձնյա գնահատել ընկերության ցանկացած գույք, լինի արժեքավոր, թե ոչ, վաճառել իր բարեկամներին ցանկացած գնով եւ, փաստորեն, սնանկացնել ընկերությունը: Կարծում ենք, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի թիվ 05-404 վճռի օրինական ուժ ստանալը կարող է ձեւավորել արատավոր նախադեպ, որը հետագայում ընկերություններին, ինչպես նաեւ դատական համակարգին կկանգնեցնի կոտրված տաշտակի առջեւ»: Հայցվոր կողմն ակնկալում է վճռի բեկանում եւ նոր քննություն վերաքննիչ դատարանում՝ այլ կազմով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ