Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԺԱՄԱՆԱԿԻՑ

Հոկտեմբեր 19,2005 00:00

«ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՉՓՈՐՁԵՆՔ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ» Երեկ ԱԺ-ում բյուջեի քննարկմանը մասնակցած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զրուցել է լրագրողների հետ: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը եւ նախարարի պատասխանները:- Միացյալ Նահանգներ կատարելիք ձեր առաջիկա այցը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի հետագա զարգացումների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների ընթացքի վրա: Արդյո՞ք այդ այցը վճռորոշ է լինելու եւ ինչպե՞ս եք դուք տրամադրված: – Չեմ կարծում, որ իմ այցելությունը Միացյալ Նահանգներ կարող է ունենալ վճռորոշ նշանակություն որեւէ խնդիր լուծելու համար: Դա պաշտպանության նախարարի այցելություն է Միացյալ Նահանգներ: Իհարկե՝ կարեւոր այցելություն, որը պիտի նպաստի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների խորացմանը ռազմական բնագավառում: Եվ եթե դուք ուզում եք՝ մեկ անգամ եւս կարող եմ կրկնել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները մենք չենք խորացնում ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների: Մենք ուզում ենք բարեկամ լինել եւ Ռուսաստանի Դաշնության հետ, ուզում ենք բարեկամ լինել նաեւ Միացյալ Նահանգների հետ: Այստեղ շահում է միայն Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը: – Սահմանադրական հանրաքվեի անցկացման քարոզարշավի համակարգող խորհրդի համակարգող ընտրված Մհեր Շահգելդյանը արդյո՞ք այն քաղաքական ֆիգուրն է, որը կկարողանա հանրաքվեի ամբողջ պատասխանատվությունը կրել: Սա չի՞ նշանակում, որ իշխանությունները պատասխանատվությունը փորձելու են թողնել ՕԵԿ-ի ուսերին, հետո քավության նոխազներ ունենալու նպատակով: – Չեմ կարծում, թե այդպես է, որովհետեւ նախ՝ Մհեր Շահգելդյանը կարծեմ չի նշանակվել, այլ այդ դերը ստանձնել է կոալիցիայի երեք, կուզեք՝ չորս կողմերի համաձայնության արդյունքում: Երբեք չեմ կարծել, որ մարդ, որն իր վրա պատասխանատվություն է վերցնում, մտածում է, թե երբեւէ կարող է դառնալ քավության նոխազ, եւ չեմ կարծում, որ երկրի ճակատագրով շահագրգիռ մարդիկ անհաջողության դեպքում պետք է սկսեն քավության նոխազ փնտրել: Դա անում են թույլ մարդիկ, դա անում են՝ ելնելով քաղաքական ինչ-որ շահերից, կոնկրետ այս պարագայում, ցանկացած ելքի դեպքում ես չեմ կարծում, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ կարող է խիստ կշտամբել Մհեր Շահգելդյանին: – Իսկ իշխանություններն անկեղծորեն ուզո՞ւմ են, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ն բավարար լինի, որովհետեւ, կարծիքներ կան նաեւ, որ իշխանությունները այնքան էլ շահագրգռված չեն, պարզապես միջազգային կառույցների եւ հանրության առաջ ձեւ են անում ժողովրդավար երեւալու նպատակով: Սրտա՞նց է ձեր ցանկությունը: – Իմ ցանկությունը՝ այո: – Իսկ իշխանություններինը՝ ընդհանրապես: – Կարծում եմ՝ այո, եւ գիտեք, ձեւ անելը ժամանակավոր երեւույթ է, կարելի է ձեւ անել մի օր, մի շաբաթ, բայց ընդհանուր գործընթացում ձեւ անողը նույնիսկ մի կիլոմետրից երեւում է: – Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն վերլուծություններին, ըստ որոնց՝ ՀՀ հաջորդ նախագահը լինելու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ուզո՞ւմ եք լինել նախագահ: – Գիտես, ես այդպիսի վերլուծությունների ծանոթ չեմ: – Մամուլում կան այդպիսի վերլուծություններ: – Եթե կան, ապա միշտ, ցանկացած մարդու համար էլ հաճելի է, երբ իր մասին լավ են խոսում, բայց որեւէ պաշտոն, որեւէ գործունեություն չի կարող լինել ինքնանպատակ: Եվ որեւէ պաշտոն չի կարող մարդուն դրդել այնպիսի քայլերի, որը կարող է վնասել իր վարկանիշին, իր երկրի վարկանիշին, իր ժողովրդի շահերին: Այնպես որ, եկեք, այս անգամ խնդրելով եմ դիմում բոլորիդ, ժամանակից շուտ չփորձենք եզրակացություններ անել, ժամանակից շուտ չփորձենք հակադրություններ ստեղծել, ժամանակից շուտ հաշիվներ չգրանցենք, որովհետեւ, ի վերջո, կարող է գալ մի այնպիսի իրավիճակ, երբ խաղացողները կարող են լինել բոլորովին այլ մարդիկ, կարող է լինել այնպիսի իրավիճակ, երբ երկրի շահերն այլ բաներ կարող են պահանջել: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել