ԷԼԻՏԱՆ՝ ՄԵՋ, ՄՆԱՑԱԾԸ՝ ՀԵՉ Մայրաքաղաքի մայթերը փորում են՝ Հյուսիսային պողոտայի շենքերը էներգամատակարարելու համար Երեւանի Արշակունյաց պողոտայի մի հատվածի հարող մայթը («Սուրմալու» տոնավաճառից սկսած) սկսեցին փորել շուրջ երեք շաբաթ առաջ: Փորելով հասան Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկ եւ կանգ առան: Երեք շաբաթ է՝ մարդ ու մեքենա իրար խառնված անցնում են բանուկ փողոցներով՝ վտանգավոր վիճակ ստեղծելով երթեւեկության համար: Հատկապես ծանր է Ագաթանգեղոսով անցնողների վիճակը. մայթի երկայնքով մի շարքը զբաղեցնում են կայանված մեքենաները, երկրորդ շարքում «ֆայլաբազարի» աշխատողներն են, անցորդներին մնում է քայլել փողոցի գրեթե կենտրոնով՝ ճարպկորեն խուսանավելով մեքենաների միջով: Էլ ավելի վտանգավոր է նույնն անել գիշերով՝ փողոցը չի լուսավորվում: Անտեղյակ մարդը կարող է նաեւ անզգուշաբար ընկնել կես մետր խորությամբ փոսի մեջ: Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ մայթերը փորել են Երեւանի էլեկտրացանցերի «Կենտրոն» ենթակայանից՝ Հյուսիսային պողոտայի մի հատվածի 5-6 շենքերին էլեկտրաէներգիա հասցնելու նպատակով: Բանն այն է, որ դեռ խորհրդային տարիներին վերակառուցված Երեւանը չի ունեցել եւ չունի ստորգետնյա տարածք՝ կոմունիկացիոն ցանցի համար: Այդպիսի տարածք, այսինքն թունելներ, անհրաժեշտ է բոլոր քաղաքներին, որպեսզի ջրագծերը, կոյուղագծերը, կապի եւ էլեկտրամատակարարման հաղորդալարերը անցկացնեն, նորոգեն եւ փոխեն՝ առանց փողոցներն ու մայթերը քանդելու: Ասենք, որ նույնիսկ խոր միջնադարում քաղաքաշինարարները ջրատարների համար նախատեսել են նման թունելներ: Իսկ նորագույն ժամանակներում վերակառուցված Երեւանը զուրկ է նման հարմարությունից եւ ամեն չնչին պատճառով պետք է վայելենք վերը նշված անհարմարությունը: Անդրադառնանք այն խնդրին, թե ինչու են Արշակունյաց եւ Ագաթանգեղոսի փողոցների մայթերը փորվել ու մնացել բաց: Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակից տեղեկացանք, որ պատճառը ֆորս-մաժորային է՝ ինչպես նշվում է աշխատանքային պայմանագրերում: Այն է՝ շինարարական աշխատանքներ իրականացնող «Էլեկտրա-սերվիս» ՍՊԸ-ն գործը սկսել է առանց էլեկտրական մալուխների, մտածելով, որ մինչեւ հասնեն պահանջվող 800 մետրի սահմանագծին՝ մալուխները տեղ կհասնեն: Սակայն Փոթի նավահանգիստ մալուխները տեղափոխող նավը չի հասել՝ փոթորկի պատճառով: Երեկ «Էլեկտրա-սերվիս» ընկերությունից տեղեկացրին, որ այսօր մալուխները կհասնեն Հայաստան, իսկ մինչեւ շաբաթվա վերջ մայթերը ծածկված կլինեն: Մեր հարցին, թե ճի՞շտ էր առանց անհրաժեշտ պարագաներն ունենալու քանդել մայթերը, ընկերության աշխատակից տիկին Լյուդմիլան պատասխանեց. «Շատ ավելի վատ կլիներ, եթե սպասեինք մալուխներին եւ նախատեսված ժամանակից ուշ ավարտեինք աշխատանքը: Գիտե՞ք մեր տնօրենը ինչ պատասխանատվության տեր մարդ է: Մենք ներողություն ենք խնդրում պատճառած անհանգստության համար, բայց հնարավոր չէ վերանորոգում անել ու անհարմարություն չստեղծել»: Տիկինը չգիտեր, թե մալուխները ինչքան կծառայեն՝ «վթարի հետեւանքով էլ շարքից կարող են դուրս գալ ու էլի ստիպված կլինենք փորել»: Միայն խոստացավ, որ մինչեւ Հյուսիսային պողոտա տանող մնացած հատվածներում աշխատանքները կկատարվեն մեծ մասամբ գիշերով: Ինչպես պարզեցինք՝ «Կենտրոն» ենթակայանից մինչեւ վերջնական նշանակետ՝ Ռուսական թատրոնի հետնաբակ, «խրամատներն» անցնելու են Խանջյան փողոցով, Վերնիսաժով, Նալբանդյան, Աբովյան, Պուշկինի փողոցներով: Մայթերի ընտրությունը՝ աջ կամ ձախ, որոշվել է ըստ դրանց տակ գտնվող կոմունիկացիոն գծերի խտության: Քանդման տակ կընկնեն նաեւ «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված Տիգրան Մեծի պողոտան ու Խանջյան, Աբովյան փողոցները: Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 25-ին: «Հայէլեկտրացանցերը» առաջարկել է էլեկտրիֆիկացնել նոր թաղամասը՝ սնուցելով այն «Կենտրոն» ենթակայանից, որովհետեւ նոր հզոր ենթակայան կառուցելու գումար չունի: Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայի կոմունիկացիաների (բացի հոսանքից) անցկացումը, այդ թվում՝ նաեւ ճանապարհները, պետբյուջեի հաշվին է: Լավ է, որ գոնե Գլխավոր պողոտայի համար ամեն ինչ նախատեսված է կառուցել սեփականատերերի միջոցներով: Այստեղ կկառուցվի նաեւ հզոր ենթակայան, որից կսնվեն ոչ միայն Գլխավոր պողոտայի, այլեւ Կոնդի եւ հարակից տարածքների նորակառույցները: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ