Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանամետները

Հոկտեմբեր 19,2005 00:00

Իշխանամետները հուշագիր ստորագրեցին Սահմանադրական հանրաքվեն խոստանում է նույնքան արդար լինել, որքան տեղական ընտրություններն են: 21 իշխանամետ քաղաքական կուսակցություն եւ ԱԺ մեկ խմբակցություն երեկ ՀՀ ԳԱԱ-ում ստորագրեցին հուշագիր, որով պարտավորվում են «համատեղել իրենց ջանքերը Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեի գործընթացում՝ ապահովելու համար՝ ա) մեր ժողովրդի լիարժեք իրազեկումը մեր երկրում առկա հիմնախնդիրների լուծման համար այդ նախագծի ընդունման բացառիկ նշանակության վերաբերյալ բ) հանրաքվեի գործընթացի ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը»: Այս հայտարարությունը կարդալուն պես սկսվեց ստորագրահավաքը. համակարգող Մհեր Շահգելդյանը կարդում էր կուսակցության անվանումը, եւ դրա ներկայացուցիչը գալիս-ստորագրում էր հուշագիրը: Ստորագրեցին ինչպես եռագլուխ կոալիցիայի անդամ կուսակցությունները, այնպես էլ մի բույլ հայտնի եւ հիմնականում անհայտ կուսակցությունների ներկայացուցիչներ: Բուռն ընդունելության արժանացավ հատկապես «Ազգի փրկություն» կուսակցությունը: Հեռվից նույնիսկ սկսեցին ռեպլիկներ հնչել՝ «Ազգի փրկություն թռչնի գրիպից», «Ազգի փրկություն փրկիչներից», «Ազգի փրկություն հանրաքվեից» եւ այլն: Գրեթե նման ուրախություն պատճառեց նաեւ այն, թե ինչպես Մհեր Շահգելդյանը «զոհասեղանի մոտ» հրավիրեց Գառնիկ Իսագուլյանին: «Ազգային անվտանգության կուսակցություն»՝ ասաց նա, ապա բարձր ծիծաղի ազդեցության ներքո ուղղեց ինքն իրեն՝ «Ազգային անվտանգություն» կուսակցություն»: Չնայած այս ամենին, հուշագիրը ստորագրվեց: Հատուկ նշվեց նաեւ, որ հուշագրին միանալու ցանկություն են հայտնել նաեւ մոտ երկու հարյուր հասարակական կազմակերպություն, եւ որ հուշագիրը բաց է, ու ցանկացողները կարող են միանալ: Տեղում մի տիկին արձագանքեց այդ կոչին եւ, ներկայանալով որպես «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչ, շտապեց ստորագրել: Այսքանով ներկայացումն ավարտվեց: Իշխանական կուսակցությունները հերթական անգամ իրենց մտահոգությունն արտահայտեցին արդար եւ թափանցիկ հանրաքվեի անցկացմամբ: Իսկ թե որն է այդ մտահոգության գինը, ակնհայտ դարձավ երկու օր առաջ կայացած ընտրությունների հանդեպ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վերաբերմունքից: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում Վանաձորում եւ Էջմիածնում կայացած ընտրությունները, նա ասաց՝ «Իսկ ո՞վ ասաց, որ վատ են անցել այդ ընտրությունները: Ես հետեւել եմ դրանց ընթացքին, նորմալ են եղել»: Երբ հիշեցրինք, որ Վանաձորում այդ ընտրությունները նույնիսկ մարդու մահվան պատճառ են դարձել, հանրապետության վարչապետը պատասխանեց. «Եթե մեկը վատառողջ է եղել ու մահացել է, թող չգար ընտրության: Եթե վատառողջ էր, ի՞նչ է՝ թեկնածուն կամ ընտրական հանձնաժողովի անդամնե՞րն են մեղավոր: Թող մնար տանը»: Իսկ ընտրակաշառքի բաժանման մասին լուրերը վարչապետին արժանահավատ չէին թվում, եւ միայն երբ «Ազգի» թղթակիցն ասաց, որ անձամբ է ներկա եղել, հնչեց վարչապետի անտարբեր պատասխանը՝ «դե, ինչ ասեմ, լավ չի, ես վատ եմ վերաբերվում»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել