ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԿԸՀ-ն չի արձագանքում Աշտարակից եկող դիմումներին Դեռ նախանցյալ շաբաթ՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ Արագածոտնի հասարակական եւ ոչ առեւտրային կազմակերպությունների ֆորումը, որն այս մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների փուլում հասարակական մոնիտորինգ է անցկացնում, գրավոր դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանին եւ Աշտարակ քաղաքում առաջիկա կիրակի օրը կայանալիք ՏԻՄ ընտրությունները սպասարկող թիվ 14 ԸԸՀ նախագահ Հարություն Օհանյանին՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով Աշտարակի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ տեղ գտած ընտրախախտումների վրա: Խոսքը մասնավորապես վերաբերում է քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Աշոտ Ղալաչյանի քարոզչական պաստառների վրա ՀՀ դրոշի առկայությանը, նաեւ որ նրա բուկլետների վրա նշված չէ ոչ տպաքանակը, ոչ տպագրող կազմակերպության անունը: Հիշեցնենք, որ սրանք երկուսն էլ «Ընտրական օրենսգրքի» միանգամից երկու դրույթի՝ հոդված 21-ի կետ 3 եւ հոդված 21-ի կետ 6, խախտում է: Հասարակական կազմակերպությունն իր գրավոր դիմումում նշել էր նաեւ, թե գործող քաղաքապետն իր քարոզարշավի ընթացքում խախտում է նաեւ ԸՕ-ի հոդված 22.1-ի 1 եւ 2 կետերը, այն է՝ «արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար», եւ «արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով իրենց ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային եւ կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող միջոցառումների»: «Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ հանձնարարել ստուգելու վերոհիշյալ փաստերը, այդ թվում՝ նաեւ ԸՕ-ի 25 հոդվածի («Նախընտրական հիմնադրամ») 1, 6, 7 կետերի պահանջների կատարումը եւ միջոցներ ձեռնարկել նման ապօրինի գործողությունները դադարեցնելու համար»,- ասված է ԿԸՀ եւ ԸԸՀ նախագահներին ուղղված վերոհիշյալ հասարակական կազմակերպության դիմումում, որին կից ներկայացվել են նաեւ Ա. Ղալաչյանի նախընտրական բուկլետն ու քարոզչական պաստառը: Հասկանալու համար, թե մոնիտորինգի հեղինակները հատկապես ինչ են ակնկալում ընտրական վերադաս հանձնաժողովներից, հարկ է մեջբերել մատնանշված հոդվածի վերջին՝ 7-րդ կետը. «Եթե թեկնածուն կամ կուսակցությունը նախընտրական քարոզչության համար, բացի նախընտրական հիմնադրամի միջոցներից, օգտագործում է նաեւ այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը կարող է ուժը կորցրած ճանաչել թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը»։ Այս դիմումին հոկտեմբերի 14-ին արձագանքել է միայն Արագածոտնի մարզի թիվ 14 ԸԸՀ նախագահ Հ. Օհանյանը: Հանձնաժողովը դիմել է Աշտարակի քաղաքապետ Ա. Ղալաչյանին եւ ներկայացնելով նրա կողմից օրենքի խախտման փաստերը՝ 11.10.2005-ի թիվ 9/5-Ա որոշման համաձայն, դիմել է թեկնածուին՝ «դադարեցնելու ապօրինի գործողությունները»: Այս դեպքում ԸԸՀ-ն առաջնորդվելով ԸՕ-ի 21 հոդվածի 7-րդ կետով՝ «արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը: Անանուն կամ կեղծ քարոզչական տպագիր նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում այդ գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ եւ դիմում է իրավասու մարմիններին՝ ապօրինի գործողությունները դադարեցնելու համար», դիմել է իրավասու մարմնին՝ Աշտարակի գործող քաղաքապետին: Բայց այսօր էլ քաղաքապետարանը որեւէ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկել, որովհետեւ Ա. Ղալաչյանի քարոզչական արգելված պաստառներն ինչպես փակցվել էին քաղաքում, այնպես էլ մնում են: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին, ապա վերջինս չի շտապում արձագանքել Ֆորումի մատնանշած եւ թիվ 14 ԸԸՀ-ի կողմից եւս արձանագրված օրինախախտմանը, թեեւ այդ փաստն ինքնին, ինչպես նշված է ԸՕ-ում, թեկնածուի գրանցումը չեղյալ համարելու հիմք կարող էր դառնալ: Այդուհանդերձ, ինչպես պարզվում է, ԿԸՀ-ում հերթն այդ դիմումի քննարկմանը չի էլ հասել, որովհետեւ կազմակերպությանը այստեղից պատասխանել են, թե ԿԸՀ նախագահը քաղաքում չի եղել: Դեռ պարզ չէ, թե արդյոք այդ դիմումի քննարկման հերթը կհասնի՞ մինչեւ այդ քաղաքում նշանակված ընտրությունների անցկացումը՝ առաջիկա կիրակի օրը: Իհարկե, թիվ 14 ԸԸՀ-ն եթե հետեւողականություն դրսեւորի քաղաքապետարանին ուղղված իր դիմումում նշված օրինախախտման դեպքը վերացնելու հարցում, կարող է դիմել նաեւ դատարան, ինչը չի արվում: Աշտարակի քաղաքապետի թեկնածու Գագիկ Թամազյանի նախընտրական շտաբից մեր հարցադրմանը, թե ինչո՞ւ թեկնածուն կամ նրա շտաբն իրենք չեն փորձում քաղաքապետի թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչել դատական կարգով, պատասխանեցին, թե՝ իրենք դրա անհրաժեշտությունը չեն տեսնում, որովհետեւ վստահ են իրենց թեկնածուի ընտրության հարցում: Այս մարտավարությունը հասկանալի է նաեւ այլ տեսանկյունից. եթե այս թեկնածուն ընտրություններում պարտվի, նա միանգամայն հանգիստ կարող է դիմել դատարան՝ ոչ միայն, ասենք, ընտրությունների արդյունքները բողոքարկելու, այլեւ ԸԸՀ անգործությունը վիճարկելու պահանջով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ