Երեկ
ԱԺ-ում բյուջեի քննարկմանը մասնակցած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զրուցել
է լրագրողների հետ: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը եւ
նախարարի պատասխանները:- Միացյալ Նահանգներ կատարելիք ձեր առաջիկա այցը ինչպիսի՞
ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի հետագա զարգացումների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի
եւ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների ընթացքի վրա: Արդյո՞ք այդ այցը վճռորոշ
է լինելու եւ ինչպե՞ս եք դուք տրամադրված: – Չեմ կարծում, որ իմ այցելությունը
Միացյալ Նահանգներ կարող է ունենալ վճռորոշ նշանակություն որեւէ խնդիր լուծելու համար:
Դա պաշտպանության նախարարի այցելություն է Միացյալ Նահանգներ: Իհարկե՝ կարեւոր այցելություն,
որը պիտի նպաստի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների խորացմանը ռազմական
բնագավառում: Եվ եթե դուք ուզում եք՝ մեկ անգամ եւս կարող եմ կրկնել, որ հայ-ամերիկյան
հարաբերությունները մենք չենք խորացնում ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների:
Մենք ուզում ենք բարեկամ լինել եւ Ռուսաստանի Դաշնության հետ, ուզում ենք բարեկամ
լինել նաեւ Միացյալ Նահանգների հետ: Այստեղ շահում է միայն Հայաստանի Հանրապետությունը
եւ հայ ժողովուրդը: – Սահմանադրական հանրաքվեի անցկացման քարոզարշավի համակարգող
խորհրդի համակարգող ընտրված Մհեր Շահգելդյանը արդյո՞ք այն քաղաքական ֆիգուրն է, որը
կկարողանա հանրաքվեի ամբողջ պատասխանատվությունը կրել: Սա չի՞ նշանակում, որ իշխանությունները
պատասխանատվությունը փորձելու են թողնել ՕԵԿ-ի ուսերին, հետո քավության նոխազներ
ունենալու նպատակով: – Չեմ կարծում, թե այդպես է, որովհետեւ նախ՝ Մհեր Շահգելդյանը
կարծեմ չի նշանակվել, այլ այդ դերը ստանձնել է կոալիցիայի երեք, կուզեք՝ չորս կողմերի
համաձայնության արդյունքում: Երբեք չեմ կարծել, որ մարդ, որն իր վրա պատասխանատվություն
է վերցնում, մտածում է, թե երբեւէ կարող է դառնալ քավության նոխազ, եւ չեմ կարծում,
որ երկրի ճակատագրով շահագրգիռ մարդիկ անհաջողության դեպքում պետք է սկսեն քավության
նոխազ փնտրել: Դա անում են թույլ մարդիկ, դա անում են՝ ելնելով քաղաքական ինչ-որ
շահերից, կոնկրետ այս պարագայում, ցանկացած ելքի դեպքում ես չեմ կարծում, որ իշխանության
որեւէ ներկայացուցիչ կարող է խիստ կշտամբել Մհեր Շահգելդյանին: – Իսկ իշխանություններն
անկեղծորեն ուզո՞ւմ են, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ն բավարար լինի, որովհետեւ,
կարծիքներ կան նաեւ, որ իշխանությունները այնքան էլ շահագրգռված չեն, պարզապես միջազգային
կառույցների եւ հանրության առաջ ձեւ են անում ժողովրդավար երեւալու նպատակով: Սրտա՞նց
է ձեր ցանկությունը: – Իմ ցանկությունը՝ այո: – Իսկ իշխանություններինը՝
ընդհանրապես: – Կարծում եմ՝ այո, եւ գիտեք, ձեւ անելը ժամանակավոր երեւույթ
է, կարելի է ձեւ անել մի օր, մի շաբաթ, բայց ընդհանուր գործընթացում ձեւ անողը նույնիսկ
մի կիլոմետրից երեւում է: – Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն վերլուծություններին,
ըստ որոնց՝ ՀՀ հաջորդ նախագահը լինելու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Ուզո՞ւմ եք լինել նախագահ: – Գիտես, ես այդպիսի վերլուծությունների ծանոթ
չեմ: – Մամուլում կան այդպիսի վերլուծություններ: – Եթե կան, ապա միշտ,
ցանկացած մարդու համար էլ հաճելի է, երբ իր մասին լավ են խոսում, բայց որեւէ պաշտոն,
որեւէ գործունեություն չի կարող լինել ինքնանպատակ: Եվ որեւէ պաշտոն չի կարող մարդուն
դրդել այնպիսի քայլերի, որը կարող է վնասել իր վարկանիշին, իր երկրի վարկանիշին,
իր ժողովրդի շահերին: Այնպես որ, եկեք, այս անգամ խնդրելով եմ դիմում բոլորիդ, ժամանակից
շուտ չփորձենք եզրակացություններ անել, ժամանակից շուտ չփորձենք հակադրություններ
ստեղծել, ժամանակից շուտ հաշիվներ չգրանցենք, որովհետեւ, ի վերջո, կարող է գալ մի
այնպիսի իրավիճակ, երբ խաղացողները կարող են լինել բոլորովին այլ մարդիկ, կարող է
լինել այնպիսի իրավիճակ, երբ երկրի շահերն այլ բաներ կարող են պահանջել: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ