Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի կանցլերն է լավը

Հոկտեմբեր 19,2005 00:00

Էստոնիայում
մարդու իրավունքների պաշտպանը իրավունք ունի պատասխանատվության կանչել դատավորներին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա ասուլիսն ընդլայնված
կազմով էր. բացի Լարիսա Ալավերդյանից, ասուլիսին ներկա էին նաեւ նրա մերձբալթյան
կոլեգաները: Էստոնիայի օմբուդսմենը կամ, ինչպես իրենք են կոչում՝ «արդարադատության
կանցլերը»՝ Ալլար Յոքսը ՀՀ-ում է գտնվում քառօրյա աշխատանքային այցով՝ հոկտեմբերի
15-ից: Այս ընթացքում նա հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի, արդարադատության նախարարի եւ
ՍԴ նախագահի հետ: Իսկ մյուս հյուրերը՝ Լիտվայի օմբուդսմենի խորհրդականներն էին, որոնք
ժամանել էին Երեւան՝ պատասխան այցով: Մինչ այդ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի
օգնականներն էին փորձի փոխանակման նպատակով մեկնել Լիտվա: Էստոնիայում օմբուդսմենի
ինստիտուտը հիմնվել է դեռ 1938-ին՝ Շվեդիայից եւ Ֆինլանդիայից հետո, աշխարհում երրորդը:
Սակայն 1940-ից մինչեւ 1993 թթ. այդ ինստիտուտը հասկանալի պատճառներով Էստոնիայում
դադարեցրել է իր գործունեությունը: Այնուամենայնիվ, պատմական հիմքը դրված էր, եւ
գուցե նաեւ այդ պատճառով է օմբուդսմենի ինստիտուտի էստոնական տարբերակը համարվում
աշխարհի ամենահաջողվածներից մեկը: Էստոնիայի արդարադատության կանցլերը կարող է ոչ
միայն ձայնի իրավունքով մասնակցել կառավարության եւ խորհրդարանի աշխատանքներին, այլեւ
իրավունք ունի անհրաժեշտության դեպքում վարչական պատասխանատվության կանչել դատավորներին:
Բնական է, որ այսպիսի իրավասություններով օժտված, անկախ պաշտոնատար անձ համարվող
կանցլերը, որին նշանակում է երկրի պառլամենտը, իր կարգավիճակով բարձր է նախարարներից:
Էստոնիայի արդարադատության կանցլերը նկատեց, որ Էստոնիայում տնտեսությունը զարգանում
է մարդու իրավունքների լուրջ պաշտպանվածության, ինչպես նաեւ անկախ եւ ուժեղ դատական
իշխանության գոյության հիմքերի վրա, եւ հավելեց, որ այլ ճանապարհ չկա: «Ա1+»-ի թղթակիցը
հետաքրքրվեց, այդ դեպքում ինչպես բացատրել այն պարադոքսը, որ ՀՀ-ում սահմանները փակ
են, մարդու իրավունքների եւ դատական իշխանության վիճակը՝ խախուտ, սակայն տնտեսությունը
զարգանում է «թռիչքաձեւ»: Պարոն կանցլերը նշեց, որ ժողովրդավարության պատմությունը
նման բան չի գրանցել, եւ եթե նույնիսկ որեւէ երկրում տնտեսությունը զարգանում է առանց
այդ կարեւոր կոմպոնենտների ապահովման, ապա դա խիստ ժամանակավոր բնույթ ունի: Մ.
ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել