Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷԼԻՏԱՆ՝ ՄԵՋ, ՄՆԱՑԱԾԸ՝ ՀԵՉ

Հոկտեմբեր 19,2005 00:00

Մայրաքաղաքի
մայթերը փորում են՝ Հյուսիսային պողոտայի շենքերը էներգամատակարարելու համար Երեւանի
Արշակունյաց պողոտայի մի հատվածի հարող մայթը («Սուրմալու» տոնավաճառից սկսած) սկսեցին
փորել շուրջ երեք շաբաթ առաջ: Փորելով հասան Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկ
եւ կանգ առան: Երեք շաբաթ է՝ մարդ ու մեքենա իրար խառնված անցնում են բանուկ փողոցներով՝
վտանգավոր վիճակ ստեղծելով երթեւեկության համար: Հատկապես ծանր է Ագաթանգեղոսով անցնողների
վիճակը. մայթի երկայնքով մի շարքը զբաղեցնում են կայանված մեքենաները, երկրորդ շարքում
«ֆայլաբազարի» աշխատողներն են, անցորդներին մնում է քայլել փողոցի գրեթե կենտրոնով՝
ճարպկորեն խուսանավելով մեքենաների միջով: Էլ ավելի վտանգավոր է նույնն անել գիշերով՝
փողոցը չի լուսավորվում: Անտեղյակ մարդը կարող է նաեւ անզգուշաբար ընկնել կես մետր
խորությամբ փոսի մեջ: Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ մայթերը փորել
են Երեւանի էլեկտրացանցերի «Կենտրոն» ենթակայանից՝ Հյուսիսային պողոտայի մի հատվածի
5-6 շենքերին էլեկտրաէներգիա հասցնելու նպատակով: Բանն այն է, որ դեռ խորհրդային
տարիներին վերակառուցված Երեւանը չի ունեցել եւ չունի ստորգետնյա տարածք՝ կոմունիկացիոն
ցանցի համար: Այդպիսի տարածք, այսինքն թունելներ, անհրաժեշտ է բոլոր քաղաքներին,
որպեսզի ջրագծերը, կոյուղագծերը, կապի եւ էլեկտրամատակարարման հաղորդալարերը անցկացնեն,
նորոգեն եւ փոխեն՝ առանց փողոցներն ու մայթերը քանդելու: Ասենք, որ նույնիսկ խոր
միջնադարում քաղաքաշինարարները ջրատարների համար նախատեսել են նման թունելներ: Իսկ
նորագույն ժամանակներում վերակառուցված Երեւանը զուրկ է նման հարմարությունից եւ
ամեն չնչին պատճառով պետք է վայելենք վերը նշված անհարմարությունը: Անդրադառնանք
այն խնդրին, թե ինչու են Արշակունյաց եւ Ագաթանգեղոսի փողոցների մայթերը փորվել ու
մնացել բաց: Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման
գրասենյակից տեղեկացանք, որ պատճառը ֆորս-մաժորային է՝ ինչպես նշվում է աշխատանքային
պայմանագրերում: Այն է՝ շինարարական աշխատանքներ իրականացնող «Էլեկտրա-սերվիս» ՍՊԸ-ն
գործը սկսել է առանց էլեկտրական մալուխների, մտածելով, որ մինչեւ հասնեն պահանջվող
800 մետրի սահմանագծին՝ մալուխները տեղ կհասնեն: Սակայն Փոթի նավահանգիստ մալուխները
տեղափոխող նավը չի հասել՝ փոթորկի պատճառով: Երեկ «Էլեկտրա-սերվիս» ընկերությունից
տեղեկացրին, որ այսօր մալուխները կհասնեն Հայաստան, իսկ մինչեւ շաբաթվա վերջ մայթերը
ծածկված կլինեն: Մեր հարցին, թե ճի՞շտ էր առանց անհրաժեշտ պարագաներն ունենալու
քանդել մայթերը, ընկերության աշխատակից տիկին Լյուդմիլան պատասխանեց. «Շատ ավելի
վատ կլիներ, եթե սպասեինք մալուխներին եւ նախատեսված ժամանակից ուշ ավարտեինք աշխատանքը:
Գիտե՞ք մեր տնօրենը ինչ պատասխանատվության տեր մարդ է: Մենք ներողություն ենք խնդրում
պատճառած անհանգստության համար, բայց հնարավոր չէ վերանորոգում անել ու անհարմարություն
չստեղծել»: Տիկինը չգիտեր, թե մալուխները ինչքան կծառայեն՝ «վթարի հետեւանքով էլ
շարքից կարող են դուրս գալ ու էլի ստիպված կլինենք փորել»: Միայն խոստացավ, որ մինչեւ
Հյուսիսային պողոտա տանող մնացած հատվածներում աշխատանքները կկատարվեն մեծ մասամբ
գիշերով: Ինչպես պարզեցինք՝ «Կենտրոն» ենթակայանից մինչեւ վերջնական նշանակետ՝ Ռուսական
թատրոնի հետնաբակ, «խրամատներն» անցնելու են Խանջյան փողոցով, Վերնիսաժով, Նալբանդյան,
Աբովյան, Պուշկինի փողոցներով: Մայթերի ընտրությունը՝ աջ կամ ձախ, որոշվել է ըստ
դրանց տակ գտնվող կոմունիկացիոն գծերի խտության: Քանդման տակ կընկնեն նաեւ «Լինսի»
հիմնադրամի միջոցներով վերանորոգված Տիգրան Մեծի պողոտան ու Խանջյան, Աբովյան փողոցները:
Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 25-ին: «Հայէլեկտրացանցերը» առաջարկել է էլեկտրիֆիկացնել
նոր թաղամասը՝ սնուցելով այն «Կենտրոն» ենթակայանից, որովհետեւ նոր հզոր ենթակայան
կառուցելու գումար չունի: Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայի կոմունիկացիաների (բացի
հոսանքից) անցկացումը, այդ թվում՝ նաեւ ճանապարհները, պետբյուջեի հաշվին է: Լավ է,
որ գոնե Գլխավոր պողոտայի համար ամեն ինչ նախատեսված է կառուցել սեփականատերերի միջոցներով:
Այստեղ կկառուցվի նաեւ հզոր ենթակայան, որից կսնվեն ոչ միայն Գլխավոր պողոտայի, այլեւ
Կոնդի եւ հարակից տարածքների նորակառույցները: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել