ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ
ԸՆԴԴԵՄ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ՞ Վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր
է ուղարկել քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանին: Ըստ դատախազության ուսումնասիրության
արդյունքների, «բազմաթիվ օբյեկտներ կառուցվել են առանց հողհատկացման նախագծի, շինարարության
թույլտվության, շինարարության համար արգելված գոտիներում»: Իսկ որ ուշադրության արժանի
է՝ մի շարք օբյեկտների հողհատկացումներ կատարվել են առանց ՀՀ քաղաքաշինության նախարարության
հետ համաձայնեցնելու: Նշվել է, որ միայն Երեւանում գազատարների վրա եւ դրանց անվտանգության
գոտիներում կառուցվել է 140 շինություն, բարձրավոլտ օդային գծերի անվտանգության գոտիների
տարածքում՝ 200-ից ավելի: «Չնայած ըստ գործող օրենսդրության՝ Երեւանում ճարտարապետահատակագծային
առաջադրանքի տրամադրումը մտնում է Երեւանի քաղաքապետի գործառույթների մեջ, սակայն
մի շարք օբյեկտների հատակագծային առաջադրանքներ տրվել են թաղապետերի կողմից»,- ասվում
է միջնորդագրում: Նշված խախտումների համար որեւէ մեկը վարչական պատասխանատվության
չի ենթարկվել: Ցցուն օրինակներից մեկը Երեւան քաղաքի Ամիրյան 27 հասցեում կառուցվող
4 մասնաշենքերից բաղկացած 9, 11 եւ 17 հարկանի բնակելի տներն էին, որոնք, ըստ ՀՀ
սեյսմիկ նորմերի, նախատեսված էին երկաթբետոնով իրականացնել մինչեւ 9 հարկանի շենքերի
համար: Արձանագրվել է, որ պարբերաբար խախտումներ կատարած «Հիդրոշինարար- 5
ՇՊՁ» ՓԲԸ-ի լիցենզիան կասեցվել է փետրվարի 17-ին, սակայն ՓԲԸ-ն իրականացրել է 110
մլն դրամի շինարարական աշխատանքներ: Բերվում է մեկ այլ օրինակ. Կոմիտասի պողոտայի
եւ Ռիգայի փողոցների հատման մասում բազմահարկ բնակելի շենքի վերնահարկի կառուցման
աշխատանքներում կապալառու «Ինժգարանտ» ՍՊԸ-ի կողմից շենքի վերնահարկի մետաղական հիմնակմախքը
իրականացվել է նախկինում օգտագործված տարրերով: Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքի
կենտրոնում նման բացահայտ խախտումներով շինարարությունն իրականացնում են օլիգարխներն
ու բարձրագույն իշխանավորների մերձավորները: Սակայն դատախազությունում որեւէ անուն
առայժմ չեն նշում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ