Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ

Հոկտեմբեր 18,2005 00:00

«Անհրաժեշտ է ճիշտ քաղաքականություն» Գտնում է ասորական համայնքի ներկայացուցիչը Եվրախորհուրդը պահանջում է «Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի» սահմաններում Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրենքի կայացում: Այսինքն՝ բացի այն, որ ազգային փոքրամասնությունները մեր երկրում պաշտպանված են Հայաստանի սահմանադրությամբ (այդ թվում՝ մշակութային, կրթական եւ այլն), սահմանել առանձին օրենք՝ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մասին: Նշենք, որ այդ օրենքը քննարկման փուլում է, որի վրա աշխատել է ՀՀ կառավարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների վարչությունը: «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, այդ օրենքը ազգային փոքրամասնությունների սրտով չէ: Հանդիպեցինք Հայաստանի «Աթուռ» ասորիների միության՝ նախագահի խորհրդականին կից ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ Ռազմիկ Խոսրոեւին: Զրույցի սկզբում պարոն Խոսրոեւը նախ տեղեկացրեց, որ Հայաստանում գործում է 11 էթնիկ-ազգային կազմակերպություն (ասորիներ, բելառուսներ, հույներ, քրդեր, ռուսներ, հրեաներ, գերմանացիներ, լեհեր, ուկրաինացիներ, վրացիներ, եզդիներ): ՀՀ կառավարությունը ազգային փոքրամասնություններին տրամադրում է (կրթամշակութային հարցերի համար) 10 մլն դրամ, որը հավասարապես բաժանվում է 11 կազմակերպությունների միջեւ: «Ես կարծում եմ, որ ֆինանսի հավասարաչափ բաշխումը, մեղմ ասած՝ ճիշտ չէ: Օրինակ՝ Հայաստանում կա 40620 եզդի, 120 վրացի, 4409 ասորի, 1630 ուկրաինացի, 1519 քուրդ եւ այլն: Հնարավոր չէ, որ 40 հազարանոց համայնքի եւ ընդամենը 120 հոգու պրոբլեմները լուծվեն նույնչափ գումարով»,- հավաստիացնում է պարոն Խոսրոեւը: Շարունակելով խոսքը, նա նշեց, որ Հայաստանում լավ վիճակում են ազգային այն փոքրամասնությունները, որոնց թիկունքում կա պետություն եւ ՀՀ-ում դեսպանատուն. «Բնականաբար, պետության ու դեսպանատան միջոցով այդ ազգային փոքրամասնությունները կարողանում են լուծել իրենց հարցերը, այդ թվում եւ կրթամշակութային»: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ Եվրախորհրդի պահանջը ազգային փոքրամասնություններին վերաբերող առանձին օրենքի կայացման մասին ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների լիդերների կողմից միանշանակ չի ընդունվում, պարոն Խոսրոեւը մանրամասնեց. «Որոշ կազմակերպություններ՝ վախենալով, որ կզրկվեն Հայաստանի կառավարության կողմից հատկացված այդ չնչին գումարից, դեմ են Եվրախորհրդի պահանջին: Ասեմ ավելին. եթե նրանք վեր կանգնեն անձնական շահերից եւ քվեարկեն Եվրախորհրդի կողմից առաջարկվող օրենքի օգտին, կշահեն միայն համայնքները: Հայաստանի կառավարության կողմից հաստատված այդ 10 մլն դրամը այսօր բաժանվում է ազգային փոքրամասնություն կազմող 11 կազմակերպություններին, իսկ նոր՝ Եվրախորհրդի առաջարկած օրենքի կայացման դեպքում գումարները կառավարվելու է ՀՀ պետբյուջեով»: Զրույցի ավարտին Ռ. Խոսրոեւը հայտնեց, որ ՀՀ-ում այսօր խոսք լինել չի կարող ազգային փոքրամասնությունների մշակութային քաղաքականության մասին. «Երազանք է ունենալ մշակութային կենտրոն (չնայած դրա խոստումը կա), որտեղ կհավաքվեն Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունները»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել