Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՑԻԱ՝

Հոկտեմբեր 18,2005 00:00

ԱԿՑԻԱ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՏԱՆ Մտավորականները բողոքում են տարածքում ընթացող շինարարության դեմ Այսօր Կամերային երաժշտության մուտքի մոտ տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի բացօթյա մամլո ասուլիսը, որին կմասնակցեն ՀՊԿՆ-ն ու Հայաստանի կամերային երգչախումբը, Կոմիտասի անվան լարային քառյակը, «Տաղարան» համույթը եւ մշակույթի ոլորտի ճանաչված անուններ: Ակցիայի մասնակիցների պահանջն է՝ կասեցնել Կամերային երաժշտության տան մուտքից ընդամենը 10 մետր հեռավորության վրա գտնվող զվարճանքի կենտրոնի շինարարությունը եւ արվեստագետներին ազատել «9-րդ ալիք» սրճարանից հնչող բարձր երաժշտությունից: Ակցիայի մասնակիցները կրելու են եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) պաստառներ՝ «Վե՛րջ տվեք մշակույթի ջարդին» մակագրությամբ: ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ահազանգը, որ շրջակա սրճարաններից հնչող երաժշտությունը անհնար է դարձնում իրենց փորձերն ու համերգները (Կամերային երաժշտության տունը ապակեպատ է եւ դրսում հնչող ցանկացած աղմուկ լսելի է նաեւ դահլիճի ներսում- Գ.Հ.), անցել է տարբեր ատյաններով, ընդհուպ նախագահի վերահսկողականը: Ինչ վերաբերում է Կամերային երաժշտության տան «քթի» տակ՝ զվարճանքի համալիրի լայն թափով ընթացող շինարարությանը, ապա այս մասին նախագահն էլ է տեղյակ: Երբ նա վերջերս ընդունում էր տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, մաեստրոն խնդրի մասին իր ձեռքով էր նամակ հանձնել նախագահին: Ըստ պրն Ղարաբեկյանի, երկրի ղեկավարն էլ խոստացել էր, որ հարցը կուսումնասիրվի: Կամերայինում հույս ունեն, որ այն իսկապես ողջամիտ լուծում կստանա, մանավանդ իրենց անհանգստությունից հետո նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը հետաքրքրվել է, քանիցս եկել-գնացել է Կամերային երաժշտության տուն, անգամ անձամբ խնդրել իջեցնել շրջակա սրճարաններից հնչող բարձր երաժշտությունը: Մեր տեղեկություններով, սակայն, նրան չեն էլ ճանաչել: «Դու ո՞վ ես, որ մեզ ասես երաժշտությունն իջեցրու»,- հնչել է պատասխանը: Կամերային երաժշտության տան ճակատագրով մտահոգ երաժիշտներն ու անվանի արվեստագետները համոզված են, որ վերոնշյալ շինարարությունը կանաչ գոտու ոչնչացման սպառնալիք է պարունակում իր մեջ, բացի այդ Ֆլորայի այգուն ի սկզբանե տարածքի ձայնամեկուսացման դերն էր վերապահված: Ըստ Ա. Ղարաբեկյանի՝ կանաչ գոտու վերացումն արդեն նշանակում է Կամերային երաժշտության տան կործանում: Նշենք, որ այն Երեւանում մշտապես գործող հատուկենտ դահլիճներից է, որտեղ տարեկան հազարավոր միջոցառումներ են կազմակերպվում, վերջինիս հարկի տակ հանդես են գալիս ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրի կոլեկտիվներ ու արվեստագետներ: «Մենք հավատում ենք, որ անպայման կլինի խնդրի համապարփակ որոշում, բայց մինչ այդ պահաջում ենք դադարեցնել շրջակա սրճարանների երաժշտությունը եւ նոր համալիրի՝ լայն թափով ընթացող շինարարությունը»,- երեկ ասացին Կամերայինից: Երեւանի կամերային երաժշտության տան տնօրեն Անդրանիկ Հարությունյանն էլ այս առիթով վերջերս «Առավոտին» իր մտահոգություն էր փոխանցել, թե մտավորականությունը Օպերայի օրինակը աչքի առաջ ունենալով՝ պետք է ավելի հետեւողականն լինի Կամերային երաժշտության տան ճակատագրով: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել