Լրահոս
Օրվա լրահոսը

Կորուստ՝

Հոկտեմբեր 18,2005 00:00

Կորուստ՝ Հայաստանի համար Արմեն Օսկանյանի հիշատակին Հոկտեմբերի 16-ին լրացավ ողբերգության զոհ դարձած Հայաստանի լավագույն ուսուցիչներից մեկի՝ Արմեն Վահեի Օսկանյանի մահվան մեկ տարին: Այդ առիթով Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հուշ-երեկո, որտեղ ներկա էին Ա. Օսկանյանի գործընկերները, հարազատներն ու սաները: Նրանք եւս մեկ անգամ երաժշտության միջոցով հիշեցին հոգատար, բարի, եզակի նկարագրով այդ մարդուն, որի մահվան հետ հաշտվելն անհնար է: ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս, «Քվանտ» վարժարանի ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Օսկանյանը 2004 թվականին Ղրիմում կայացած միջազգային օլիմպիադայի հաղթանակից հետո այլեւս չվերադարձավ: Այդ օլիմպիադան Ա. Օսկանյանի ու նրա սան Արտակ Պապոյանի համար եղավ ճակատագրական. ծովում տեսնելով, որ իր երեք սաները խեղդվում են, Արմեն Օսկանյանը կարողացել էր փրկել երկուսին: Իսկ երրորդը զոհվեց ուսուցչի հետ: 2000 թվականից Ա. Օսկանյանի ղեկավարած օլիմպիական թիմերը մշտապես վերադարձել են հայրենիք՝ աստղագիտության միջազգային օլիմպիադաներից մշտապես բերելով թիմային առաջին տեղերը՝ արժանանալով ոսկե, ածաթե մեդալների եւ հատուկ դիպլոմի՝ լավագույն աշխատանքի համար: Եվ ամեն անգամ Ա. Օսկանյանի անունը նշվում էր իբրեւ լավագույն ուսուցիչ՝ միջազգային օլիմպիադաներում: 2004- ին Ա. Օսկանյանը արժանացավ բնագիտության լավագույն ուսուցիչ կոչմանը՝ ստանալով Ամենայն հայոց կաթողիկոսի սահմանած առաջին մրցանակը: «Իմ ուսանողական ընկերը՝ Արմենը, բարի, բարձրահասակ, գանգուր մազերով, կիրթ, հանգիստ, անջատված կենցաղային ճղճիմ պրոբլեմներից, վեհ գաղափարներով մարդ էր: Նրա ողբերգական մահը մեծ կորուստ էր ոչ միայն «Քվանտի» համար, այլեւ ողջ Հայաստանի: Կորցրել ենք մեծ մանկավարժի, որին փոխարինող գտնելն անհնար է թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական ու մանկավարժական առումով»,- այսպես է իր ընկերոջը հիշում «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը: «Քվանտում» հոկտեմբերի 26-ին կկազմակերպվի Ա. Օսկանյանի անվան հուշամրցաշար: Բացի այդ, «Քվանտի» այս տարվա լավագույն ուսուցիչը կստանա Արմեն Օսկանյանի անվան մրցանակ: Մարդկային եզակի նկարագրով, իր գործով, կյանքով ու կենսահաստատ մահով Արմեն Օսկանյանը մշտական իր անկյունը կունենա աշակերտների, գործընկերների, իրեն իմացող բոլոր մարդկանց սրտերում… բացի մեր պետական այրերից: Այսպես է կարծում Ա. Օսկանյանի այրին՝ Թերեզա Օսկանյանը. «Ուսուցչի օրվա առիթով պատվոգրեր շնորհվեցին, միջոցառումներ եղան ի մեծարում ուսուցիչների, բայց ոչ ոք գոնե մեկ րոպե լռությամբ չհարգեց Արմենի հիշատակը: Անցած տարվա ողբերգական հաղթանակից հետո եւս լռություն էր: «Քվանտի» առաջին մեդալակրին ոչ ոք չշնորհավորեց: Դա բնորոշում է մեր կառավարության եւ կրթության նախարարության աշխատաոճը»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել