Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՆԱՏՈՄԸ

Հոկտեմբեր 18,2005 00:00

ՊԱՏԱՆԱՏՈՄԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԴԻԱՀԵՐՁԵԼ Ծննդկանի մահվան համար ոչ ոք կալանավայր չգնաց 2005 թվականի մարտի 3-ին ծննդատանը գրանցվեց մայրական մահվան 5-րդ դեպքը։ Անհասկանալի հանգամանքներում, կեսարյան վիրահատության ընթացքում մահացավ Ալավերդու 39-ամյա բնակիչ Գոհար Մուրադյանը։ Մահվան պատճառներն անհասկանալի է համարել Վանաձորից հրավիրված պատանատոմ Ալեքսանդր Պառավյանը։ Նա հրաժարվել է դիահերձել, եւ դեպքի մասին տեղյակ է պահել դատախազությանը։ Կանչվել է դատաբժշկական փորձագետ։ Մինչ կսկսվեր նախաքննությունը՝ ծննդատան բժիշկները տվել էին եզրակացություն. Գ. Մուրադյանը մահացել է ոչ նորմալ անզգայացման հետեւանքով։ Հենց այդ հիմքով առաջին ատյանի դատարանը Ալավերդու ծննդատան եւ հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովիկ Ավետիսյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման։ Սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել։ Սահմանվեց մեկուկես տարի ժամկետով փորձաշրջան, որի ընթացքում այլ հանցագործություն չկատարելու դեպքում պայմանական ազատազրկման ժամկետը կկրճատվի։ Դատարանն ամբաստանյալին չզրկեց բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Քանի որ դեպքից անմիջապես հետո Ալավերդու ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանը Հ. Ավետիսյանին ազատել էր աշխատանքից, այժմ նա իր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի աշխատանքը կշարունակի Ալավերդու հիվանդանոցում։ Այս տարվա մարտի 3-ին բուժհետազոտությունից հետո Ալավերդու ծննդատան տնօրեն, բժիշկ Ամալյա Ազատյանը նշանակել է կեսարյան վիրահատության օրը՝ մարտի 9-ը։ Սակայն նույն գիշերը վաղաժամ ի հայտ են եկել նախածննդաբերական նշաններ, եւ Գոհարը տեղափոխվել է ծննդատուն։ Չնայած Գ. Մուրադյանը կարող էր ինքնուրույն ծննդաբերել։ 20 րոպե անց հայրը ստացել է բարի լուրը. ծնվել էր նրա 3-րդ երեխան՝ արու զավակ։ Սակայն մի քանի ժամ անց Գոհար Մուրադյանը մահացել է։ Դատական նիստերի ընթացքում տուժողի ամուսինը՝ Հովիկ Շահինյանը, դատարանին մի քանի անգամ հայտնել է իր կարծիքը. «Գուցե մեղավոր է անեսթեզիոլոգ Հովիկ Ավետիսյանը, բայց միայն նա չպիտի պատասխանատվություն կրի։ Համոզված եմ, որ նրա հետ մեղադրյալի աթոռին պիտի նստեն բոլոր այն բժիշկները, ովքեր մասնակցել են վիրահատությանը, այդ թվում նաեւ տնօրեն Ա. Ազատյանը»։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրի դատավոր Սուրեն Բաղդասարյանը հիշեցրեց, որ գինեկոլոգների նկատմամբ առաջադրված մեղադրանք չկա։ Մեղադրանքը փոխելու համար տուժողը պետք է դիմի դատախազություն։ Ըստ ամբաստանյալի եւ նրա պաշտպանի՝ կան բազմաթիվ հիմնավորումներ, որոնք չեն բացառում նաեւ բժիշկ-գինեկոլոգների մեղքը։ Մասնավորապես՝ վիրահատության մասնակից, գինեկոլոգ Լորա Սարգսյանը փոխել էր վիրահատության պատմության թերթիկներից մեկը, որտեղ նախկինում եղել է անեսթեզիոլոգի ստորագրությունը։ Փոխված թերթիկում այն բացակայում էր։ Պաշտպանական կողմը պնդում էր, որ դա կատարվել է միտումնավոր՝ էական մանրամասներ թաքցնելու համար։ Ծննդատան աշխատակիցները նշեցին, որ այն փոխվել է ջնջումների պատճառով եւ «հարկ չեն համարել փոխված թերթիկում ստանալ անեսթեզիոլոգի ստորագրությունը, քանի որ նա, որպես կանոն, չի ստորագրում վիրահատությունների թերթիկները»։ «Այս դեպքում ստորագրել էի, քանի որ համոզված էի, որ դեպքը վիճահարույց է»,- ասաց Հ. Ավետիսյանը։ Փորձագիտական հանձնաժողովի անդամ, բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Գագիկ Մխոյանի տեսակետները հակասում էին նախորդ փորձագետների տեսակետներին։ Նա բավարար գնահատեց Հ. Ավետիսյանի գործողությունները վիրահատության ընթացքում: «Պարզապես, Հովիկ Ավետիսյանի փոխարեն, անզգայացման համար ծննդատանն առկա պայմաններում, երբ վերահսկիչ մոնիտորներ չկան, ես կհրաժարվեի մասնակցել վիրահատությանը,- ասաց Գ. Մխոյանը։ Գ. Մխոյանի հետ համաձայն չեն ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանն ու նրա գինեկոլոգ գործընկերները։ Նրանք ասում են, որ ծննդատան հագեցվածությունը սարքավորումներով ու դեղորայքով անհամեմատելի է մարզի, նույնիսկ հանրապետության մի շարք բուժհաստատությունների հետ, չնայած Ալավերդու երկու անեսթեզիոլոգներն էլ ժխտում են թթվածնի ներհոսքը վերահսկող սարքի առկայությունը։ Դատաքննության ժամանակ այդպես էլ պարզ չդարձավ, թե այդ «հագեցած սարքավորումներն» ինչու չպարզեցին հղի կնոջ վիճակի վատացման իրական ժամանակը։ Թթվածնի մուտքը թոքեր՝ ի սկզբանե նորմալ չի եղել։ Բժիշկները զգուշացրել են անեսթեզիոլոգին։ Վերջինս հանգստացրել է նրանց եւ ցուցում տվել շարունակել վիրահատությունը։ Մինչդեռ ամբաստանյալը պնդում էր, որ հիվանդի վիճակը վատացել է երեխայի ծնվելուց հետո՝ արգանդի ամբողջականության վերականգնման ժամանակ։ Անցած 9 ամիսներին մոտավորապես ալավերդցի 80-ից ավելի մայր նախընտրել է ծննդաբերել մայրաքաղաքի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Ախթալայի ու այլ ծննդատներում։ Անցած 9 ամիսներին նրանցից չորսը ծննդաբերել է Վանաձորում, չորսը՝ Նոյեմբերյանում, մեկը մեկնել է Ռուսաստան, իսկ 3-ը՝ ուղեգրով տեղափոխվել Երեւան։ Ալավերդցիները նշում են, որ այս անվստահությունը 5 եւ ավելի տարիների պատմություն ունի, երբ Ալավերդուց հեռացել են 10-ից ավելի բժիշկներ։ Ալավերդիում գործում է «Առողջ ընտանիք» ՍՊԸ-ն, որը լիցենզավորված կազմակերպություն է եւ զբաղվում է գինեկոլոգիական բժշկությամբ։ ՍՊԸ-ն Ալավերդիում ծննդատան միակ մրցակիցն է (ծննդաբերություն կամ վիրահատություն իրականացնելու հնարավորություն այստեղ չկա)։ Ընկերության տնօրեն Սամվել Միկոյանը քաղաքացիների անվստահությունը Ալավերդու ծննդատան նկատմամբ՝ դատական գործի հետ քիչ է կապում։ «Անցած տարի 15-20 հղի եմ ունեցել։ Նրանցից միայն 2-ն են Ալավերդիում ծննդաբերել, այն էլ՝ անհաջող ելքով։ Երեկ նույնպես ինձ մոտ հաշվառված հղին ծննդաբերելու համար մեկնեց Վանաձոր»,- ասում է Ս. Միկոյանը։ ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել