Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչնագրիպի

Հոկտեմբեր 18,2005 00:00

Թռչնագրիպի վտանգ չկա Համենայնդեպս, այդպես հավաստիացնում են Վերջին երկու շաբաթում աշխարհի ուշադրության առարկան Թուրքիայում բռնկված եւ արդեն Ռումինիա հասած թռչնագրիպն է: Թուրքիան մեր անմիջական հարեւանն է, եւ մեր երկիրը վարակի տարածման թիրախներից մեկն է: Ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում այս օրերին: Հայտնի է, որ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական տեսչությունը արգելք դրեց թուրքական ծագում ունեցող թռչնամսի ներկրման համար: Բայց արգելքը սահմանվեց վարակի հայտնաբերման օրերին՝ հոկտեմբերի 7-ին, երբ դրանից ոչ շատ առաջ մեր շուկա արդեն կարող էին մուտք գործել թուրքական հավիկները: Ենթադրվում էր, որ լայն սպառման կետերից պետք է անմիջապես հավաքվեր եւ ոչնչացվեր թուրքական թռչնամիսը, բայց նման հայտարարություն կամ միջոցառում չեղավ: Ընդ որում, մամուլում տարածված հաղորդագրության համաձայն, արգելքը դրված էր Իրանի եւ Վրաստանի վրա՝ որպես թուրքական ապրանքի տեղափոխման տրանզիտ երկրներ: Իսկ Մաքսային կոմիտեի հաղորդագրությամբ՝ թռչնամիս Հայաստանը ստանում է Բրազիլիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից: Բացի այդ, Հայաստանը դեռ չունի «թուրքական համաճարակի»՝ H5N1 վիրուսի օրինակը՝ համապատասխանեցման համար: Մամուլում տարածված մեկ այլ հաղորդագրության համաձայն, անվանի թռչնաբան Մարտին Ադամյանն անհանգստություն էր հայտնել, որ Սեւանում եւ Արփի լճում այժմ էլ փետրավորների զանգվածային ոչնչացման դեպք կա, ինչը չի հետաքրքրում բնապահպանության նախարարությանը: Մտահոգությունը կրկին կապված է Թուրքիայից Հայաստան չվող թռչունների միջոցով թռչնագրիպի տարածման հետ: Ասենք, որ դրանց որսաշրջանը սկսվել է օգոստոսին եւ կավարտվի նոյեմբերի 1-ին: Սակայն երեկ տեղեկացանք, որ բնապահպանության նախարարը հանձնարարել է Բնական պաշարների կառավարման վարչության պետ Արտաշես Զիրոյանին՝ ուսումնասիրել բնաշխարհում վարակի առկայության տարբերակը: «Ինչ վերաբերում է Սեւանում թռչունների զանգվածային ոչնչացմանը, ապա երեկ եմ տեղում եղել՝ կենդանաբանների հետ միասին: Զանգվածային ոչնչացում չկար, ճիշտ է, կային սատկած ճայեր, բայց դա կերի բացակայությունից է ու նորություն չէ, բնական կորուստի չափ գոյություն ունի, եւ նրանց ոչնչացման չափը չէր գերազանցում թույլատրելի սահմանը, որ մենք անհանգստանայինք: Ես չգիտեմ, թե ի՞նչն է Ադամյանին անհանգստության տեղիք տվել»,- երեկ «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց Ա. Զիրոյանը: Հայաստանի որսորդների եւ ձկնորսների ընկերակցության նախագահ Սայաթ Դավթյանը գտնում է, որ դեռ վտանգ չկա. «Հիմա մեզ մոտ աբորիգեն՝ տեղաբնակ թռչուններն են, որոնք գարնանն են եկել, այստեղ բնադրել, ձագ հանել եւ հիմա էլ պատրաստվում են վերադառնալ Թուրքիա, այնտեղից էլ՝ Սեւ ծովով չվելու են ավելի տաք երկրներ: Այ, այդ երկրները կարող են խնդիրներ ունենալ: Իսկ մենք վտանգ կարող ենք սպասել միայն բադերից՝ դրանք Թուրքիայից Հայաստան կգան դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին: Հենց այդ ժամանակ էլ սկսվում է բադերի որսաշրջանը: Ճիշտ է, որսի լիցենզիաներն արդեն վաճառել ենք, բայց եթե պարզվեց, որ թռչնագրիպի վտանգը կա՝ որսը չենք սկսի»: Թե ինչ է անում առողջապահության նախարարությունը, ապա այստեղ մշակվել է միջոցառումների ծրագիր, որը կներկայացնենք օրերս: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել