Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝

Հոկտեմբեր 18,2005 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻԱՆԳԱՄՅԱ ԱԿՏԻ ՀԵՂԻՆԱԿ Վիկտոր Դալլաքյանը հիացած չէ Ավանդների վերադարձի մասին կոալիցիայի որոշումը միանշանակ չի ընդունվել քաղաքական տարբեր ճամբարներում: Ընդդիմությունը, օրինակ, այն կարծիքին է, որ թեպետ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը բավականին ջանք է թափել հարցի լուծման համար, սակայն այն, ինչ որոշվեց կոալիցիայի կողմից, հարցի ամբողջական լուծում չէ: Այսինքն՝ մեր պետությունը չի ստանձնում խնայդրամարկղերում քաղաքացիների խորհրդային ավանդների վերադարձի պատասխանատվությունն ամբողջությամբ: Մեզ հետ զրույցում «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նկատեց. «Համարում եմ, որ այն ինդեքսավորումը, որն առաջարկեց կառավարությունը այս փուլի համար՝ դրական քայլ է»: Սակայն պարոն Դալլաքյանը բազմաթիվ մինուսներ է տեսնում կոալիցիայի որոշման մեջ: Ըստ այդմ, ստացվում է, որ ավանդների վերադարձի խնդիրներն ավելի շատ են. «Ընդհանրապես, ավանդների փոխհատուցման խնդիրը բաղկացած է երեք մասից՝ գործընթացի շարունակականություն, ինդեքսավորման չափը եւ փոխհատուցման ծրագրային բնույթը: Ցավոք, վարչապետի հայտարարությունները վկայում են, որ կառավարությունը ավանդների փոխհատուցման խնդիրը դիտարկում է որպես միանգամյա կամ իրավիճակային խնդիր: Այսպես, նա նշում է, որ յուրաքանչյուր տարի կառավարությունը իր հնարավորությունից ելնելով կորոշի՝ մնացած քաղաքացիների վերադարձի շարունակությունը: Սա նշանակում է, որ Մարգարյանը խոսում է ոչ թե ավանդների վերադարձի ընդհանուր գործընթացի անհրաժեշտության մասին, այլ՝ տվյալ պահի, իրավիճակի խնդրի մասին: Ես մնում եմ այն կարծիքին, որ պետք է ընդունվի ավանդների վերադարձի մասին համապատասխան օրենք, եւ դրա ամենակարեւոր դրույթն այն է, որ այս օրենքով ցանկացած կառավարության պարտավորեցնում են լուծել ավանդների խնդիրը: Սրանում պետք է արձանագրվեն ինդեքսավորման չափը, ծրագրային դրույթները, պետք է արձանագրվի շարունակականությունը, այսինքն՝ պետք է հայտարարվի գործընթացի սկզբի եւ ավարտի ժամկետը: Այն, ինչ իրենք այսօր անում եւ ներկայացնում են որպես ավանդների վերադարձ, ես գնահատում եմ այնպես, ինչպես գնահատել էի դեռ դրանից առաջ, այսինքն՝ սա ավելին չէ, քան անապահով որոշ խավերի տրվող ընտրակաշառք՝ սահմանադրական հանրաքվեից առաջ: Իմ դիրքորոշումը մնում է նույնը՝ պետք է ընդունվի քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման եւ պաշտպանության մասին օրենք: Ընդ որում, այդ խնդիրը լուծած 14 երկրները կոնկրետ օրենքներ են ընդունել դրա մասին»: Սակայն Վիկտոր Դալլաքյանին ուրախացնում է, որ օրենքի նախագիծը, այսպես թե այնպես, դեռ օրակարգում է եւ մահակի նման կախված է կառավարության եւ ԱԺ-ի գլխին: Մենք հիշեցրինք, որ հենց մեր թերթին տված հարցազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չթաքցրեց, որ առաջարկելու է «Հանրապետական» պատգամավորներին՝ ետ վերցնել իրենց ստորագրությունները: Իսկ սա կնշանակի, որ օրենքի նախագիծը դուրս կգա օրակարգից եւ մահակ, որպես այդպիսին՝ չի լինի: Վիկտոր Դալլաքյանի գնահատականը սա է. «Ուրեմն, իր խմբակցությունը կարող է դա անել, բայց դա իրավիճակը չի փոխի, եւ եթե մարդիկ իրոք շահագրգիռ են, որ ավանդների վերադարձի ամբողջ գործընթացը շարունակական լինի՝ պետք է օրենքը ընդունեն, իսկ նրանք, ովքեր իրենց ստորագրությունը կհանեն՝ կնշանակի, որ իրենք միանգամյա ակտի համար են այս ամենն արել: Ես, որպես նախագծի հեղինակ պատգամավոր, պնդելու եմ, որ իմ նախագիծը մտցնեն օրակարգ»: Պարոն Դալլաքյանը կարծում է, որ պետության արժանապատվության խնդիրը նաեւ ժողովրդի ավանդները արժանապատիվ ձեւով վերադարձնելն է: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել