Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 18,2005 00:00

… Իսկ գյուղերում խաղաղ էր Հոկտեմբերի 16-ին Արմավիրի 65 համայնքներ ընտրեցին իրենց ղեկավարներին Դրանց զգալի մասում՝ 24 համայնքներում առաջադրված էին միայն մեկական թեկնածուներ: Ասենք, Արշալույս գյուղում վերընտրվեց գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, եւ գյուղի 3100 ընտրողներից 2506-ը քվեարկեցին այլընտրանք չունեցող այս թեկնածուի օգտին: Մեծամոր քաղաքում վերընտրվեց Աշոտ Գրիգորյանը, որի օգտին էին քվեարկել 8936 ընտրողներից 4883-ը: Գրիգորյան ազգանունը պատահական չէ՝ քաղաքապետը ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի եղբայրն է, եւ ի դեպ՝ ունի շատ տարօրինակ մականուն՝ «Ճանճ»: Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը մեկ թեկնածուների առկայությունը բացատրեց այսպես, որ մյուս հավակնորդները գիտակցել են, թե պարտվելու են, ուստի չէին առաջադրվել: Ըստ նրա, այն համայնքապետերը, որոնք միայնակ են առաջադրվել՝ շուրջ 10-15 տարի ղեկավարում են այդ գյուղերը: Արմավիրում եւս պահպանվեց այլ մարզերին հատուկ միտումը՝ գերազանցապես վերընտրվեցին գործող համայնքապետերը: Սակայն ի տարբերություն այլ մարզերի՝ այստեղ առաջադրված թեկնածուների գերակշիռ մեծամասնությունն անկուսակցականներ էին, իսկ եթե «կուսակցական պատկանելությունը» բաժնում որեւէ նշում կար էլ, ապա այն վերաբերում էր միայն կոալիցիայի կուսակցություններին: Բացառությամբ՝ Արաքս գյուղի, որտեղ ՀԺԿ ներկայացուցիչը ավելի քան 100 ձայնի տարբերությամբ հաղթեց ՕԵԿ անդամին, մարզի որեւէ այլ համայնքում չէին առաջադրվել ընդդիմադիրներ: Եվ իշխանության թեկնածուներն էլի որոշ համայնքներում մրցակցում էին իրար հետ: Ասենք, Արեւաշատ գյուղում մրցակցում էին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները, եւ հաղթեց վերջինս: Պտղունք եւ Լենուղի գյուղերում մրցակցում էին երկուական հանրապետականներ: Մյասնիկյան գյուղում գործող գյուղապետի դեմ, որ հանրապետական է, իրենց թեկնածությունն առաջադրել էին երկու դաշնակցականներ ու պարտվեցին: Այգեշատ համայնքը շարունակելու է ղեկավարել ՀՅԴ մարզային կառույցի ղեկավար Արամայիս Մխիթարյանը, թեեւ տեղի հանրապետականները ոչ բացահայտորեն փորձում էին խափանել նրա վերընտրությունը: Արմավիրի մարզի ընտրությունների առանձնահատկությունը քվեարկության ժամանակ ձայների բավական փոքր տարբերությունն է: Ասենք, Ակնաշեն գյուղում անկուսակցական թեկնածուն ընդամենը 8 ձայնով էր հաղթել ՕԵԿ ներկայացուցչին: Մրգաստանում ՕԵԿ թեկնածուն միայն 2 ձայնով էր առաջ անցել մյուս հավակնորդից: Բնականաբար, նման պայմաններում պիտի լինեին նաեւ բողոքարկումներ: Ասենք, Ծիածան գյուղում թեկնածուների միջեւ տարբերությունն ընդամենը 1 ձայն էր, եւ քանի որ անվավերները շատ էին՝ 201 ձայն ստացած թեկնածուն դիմել էր թիվ 20 ԸԸՀ-ին՝ վերահաշվարկի պահանջով: Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում բողոքներն արդեն 2-ն էին՝ Տանձուտ եւ Հուշակերտ գյուղերից: Տանձուտում առաջադրված թեկնածուն բողոքել էր, թե իր վստահված անձին թույլ չեն տվել հետեւել վերահաշվարկին: Իսկ Հուշակերտում առաջադրված թեկնածու Լեւոն Ավետիսյանի կողմնակիցները երեկ գրոհել էին Արմավիրի մարզպետարանը՝ պահանջելով հենց տեղում կազմակերպել վերաքվեարկություն: Թեկնածուն 194 ձայն էր ստացել, իսկ մրցակից գործող գյուղապետը, որ հանրապետական է՝ 244, սակայն 91 քվեաթերթիկ համարվել էր անվավեր: Եվ ԸԸՀ-ին իր բողոքում Լեւոն Ավետիսյանը կասկած էր հայտնել, թե այդ անվավերներն իրականում իր օգտին քվեարկված քվեաթերթիկներ են: Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը պատմեց, որ մի համայնքում ինքն էլ է տանուլ տվել. «Արտաշարում առաջադրված մի թեկնածուն 72 տարեկան մարդ է, կոմունիստ: Իմ ցանկությունն էր, որ անցնի, բայց ստացավ ընդամենը 88 ձայն: Իսկ ես ուզում էի, որ գոնե մի նմուշ լինի՝ չմոռանանք պատմությունը»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել