Կիրակի
օրը մայրաքաղաքի Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվեց արգելքների
հաղթահարում մրցաձեւից Հանրային հեռուստաընկերության փոխանցիկ գավաթի անդրանիկ առաջնությունը:
Մրցմանը տրվել էր «Ցատկի հզորություն» անվանումը: Նախապես մասնակցության
հայտ ներկայացրած 16 նժույգավարից ասպարեզ մտավ 15-ը: Ըստ մրցակարգի՝ հաղթողն ու
մրցանակակիրները որոշվելու էին երեք փուլով: Առաջինում մարզիկները պետք է հաղթահարեին
վեց արգելքները: Նրանք, ովքեր դա կանեին առանց տուգանային միավորների ու կտեղավորվեին
սահմանված ժամանակահատվածի մեջ՝ անցնելու էին երկրորդ փուլ: Այստեղ արգելքների քանակը
երեքն էր լինելու, սակայն դրանց բարձրությունը ավելացվելու էր: Երկրորդ փուլում լավագույն
ցուցանիշ ունեցող երեք նժույգավարները եզրափակիչ փուլում պայքարելու էին հաղթողին
որոշելու համար: Նախնական շրջանը հաջող անցան Ձիասպորտի կենտրոնի ներկայացուցիչներ,
սպորտի վարպետներ Միքայել Ղազարյանը՝ «Սարինգյուլ» նժույգով, Նորայր Ստեփանյանը՝
«Դնեպրով», Արայիկ Գեւորգյանը՝ «Ֆավորիտով», «Տարոն Ձի» ակումբի անդամ Ռոբերտ Խաչատրյանը՝
«Խելոքով» եւ «Մուլտի Գրուպի» ներկայացուցիչ Գեւորգ Հովհաննիսյանը՝ «Աստրայով»: Սակայն
Միքայել Ղազարյանն ու Նորայր Ստեփանյանը երկրորդ փուլում տուգանվեցին, համապատասխանաբար,
8 եւ 4 միավորով ու դուրս մնացին հետագա պայքարից: Եզրափակիչ փուլում, որտեղ
արգելքներն էլ ավելի էին բարդացվել, ավելի հաջող հանդես եկավ «Մուլտի Գրուպ» ակումբից
Գեւորգ Հովհաննիսյանը: Նա այս անգամ էլ մրցատարածությունն անցավ առանց տուգանային
միավորների, 13 վայրկյանում: Դա լավագույն արդյունքն էր: Տեղեկացնենք, որ Գ. Հովհաննիսյանն
այս մրցաշրջանում բավականին լավ մասնակցություն է ունեցել Երեւանում կազմակերպված
բոլոր մրցումներին՝ դառնալով հաղթող, կամ տեղ գրավելով մրցանակակիրների շարքում:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Արայիկ Գեւորգյանը («Ձիասպորտի կենտրոն», 0 տուգանային միավոր,
15 վայրկյան), երրորդը՝ Ռոբերտ Խաչատրյանը («Տարոն Ձի», 4 տուգանային միավոր, 15
վայրկյան): Հաղթողին, բացի փոխանցիկ գավաթից ու դիպլոմից, հանձնվեց նաեւ 500
հազար դրամ մրցանակ, իսկ մրցանակակիրներին, համապատասխանաբար, դիպլոմներ ու 300 եւ
200 հազար դրամ: Հանրային հեռուստաընկերության փոխանցիկ գավաթի առաջնությունով
ձիասպորտի մրցաշրջանը Հայաստանում փակվեց: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ