Գտնում է ասորական համայնքի ներկայացուցիչը
Եվրախորհուրդը պահանջում է «Ազգային փոքրամասնությունների շրջանակային
կոնվենցիայի» սահմաններում Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրենքի կայացում:
Այսինքն՝ բացի այն, որ ազգային փոքրամասնությունները մեր երկրում պաշտպանված են Հայաստանի
սահմանադրությամբ (այդ թվում՝ մշակութային, կրթական եւ այլն), սահմանել առանձին օրենք՝
Հայաստանի ազգային փոքրամասնությունների մասին: Նշենք, որ այդ օրենքը քննարկման փուլում
է, որի վրա աշխատել է ՀՀ կառավարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների վարչությունը:
«Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, այդ օրենքը ազգային փոքրամասնությունների
սրտով չէ: Հանդիպեցինք Հայաստանի «Աթուռ» ասորիների միության՝ նախագահի խորհրդականին
կից ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ Ռազմիկ Խոսրոեւին: Զրույցի
սկզբում պարոն Խոսրոեւը նախ տեղեկացրեց, որ Հայաստանում գործում է 11 էթնիկ-ազգային
կազմակերպություն (ասորիներ, բելառուսներ, հույներ, քրդեր, ռուսներ, հրեաներ, գերմանացիներ,
լեհեր, ուկրաինացիներ, վրացիներ, եզդիներ): ՀՀ կառավարությունը ազգային փոքրամասնություններին
տրամադրում է (կրթամշակութային հարցերի համար) 10 մլն դրամ, որը հավասարապես բաժանվում
է 11 կազմակերպությունների միջեւ: «Ես կարծում եմ, որ ֆինանսի հավասարաչափ բաշխումը,
մեղմ ասած՝ ճիշտ չէ: Օրինակ՝ Հայաստանում կա 40620 եզդի, 120 վրացի, 4409 ասորի,
1630 ուկրաինացի, 1519 քուրդ եւ այլն: Հնարավոր չէ, որ 40 հազարանոց համայնքի եւ
ընդամենը 120 հոգու պրոբլեմները լուծվեն նույնչափ գումարով»,- հավաստիացնում է պարոն
Խոսրոեւը: Շարունակելով խոսքը, նա նշեց, որ Հայաստանում լավ վիճակում են ազգային
այն փոքրամասնությունները, որոնց թիկունքում կա պետություն եւ ՀՀ-ում դեսպանատուն.
«Բնականաբար, պետության ու դեսպանատան միջոցով այդ ազգային փոքրամասնությունները
կարողանում են լուծել իրենց հարցերը, այդ թվում եւ կրթամշակութային»: Ինչ վերաբերում
է հարցին, թե ինչո՞ւ Եվրախորհրդի պահանջը ազգային փոքրամասնություններին վերաբերող
առանձին օրենքի կայացման մասին ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների լիդերների կողմից
միանշանակ չի ընդունվում, պարոն Խոսրոեւը մանրամասնեց. «Որոշ կազմակերպություններ՝
վախենալով, որ կզրկվեն Հայաստանի կառավարության կողմից հատկացված այդ չնչին գումարից,
դեմ են Եվրախորհրդի պահանջին: Ասեմ ավելին. եթե նրանք վեր կանգնեն անձնական շահերից
եւ քվեարկեն Եվրախորհրդի կողմից առաջարկվող օրենքի օգտին, կշահեն միայն համայնքները:
Հայաստանի կառավարության կողմից հաստատված այդ 10 մլն դրամը այսօր բաժանվում է ազգային
փոքրամասնություն կազմող 11 կազմակերպություններին, իսկ նոր՝ Եվրախորհրդի առաջարկած
օրենքի կայացման դեպքում գումարները կառավարվելու է ՀՀ պետբյուջեով»: Զրույցի
ավարտին Ռ. Խոսրոեւը հայտնեց, որ ՀՀ-ում այսօր խոսք լինել չի կարող ազգային փոքրամասնությունների
մշակութային քաղաքականության մասին. «Երազանք է ունենալ մշակութային կենտրոն (չնայած
դրա խոստումը կա), որտեղ կհավաքվեն Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունները»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ